02/12/2025

Ինչպես է կատարվել սկանդալային սպանությունը․ մանրամասներ․ Լուսանկար

Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրան սպանել էր Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։

Հրապարակ թերթը գրել է․ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ չէր բացառվել, որ վեճի եւ սպանության հիմքում էլ նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա․ գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին եւ հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում։

Գործն արդեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  դատարանում է՝ դատավոր Արթուր Ադամյանի վարույթում, նիստը նշանակված է հունվարի 13-ին։

Բադամյանի մեղադրանքում նշված է․ «Կարեն Արայիկի Բադամյանը մեղադրվում է հետևյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար. Կարեն Բադամյանը 2025 թվականի մարտի 22-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում գործող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արթուր Անդրանիկի Պարոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոց է արձակել վերջինիս որովայնին, ով նույն օրը՝ ժամը 03:00-ին, ստացած հրազենային վնասվածքի արդյունքում մահացել է:

Այսպես. Կարեն Բադամյանն ու Արթուր Պարոնյանը 2025 թվականի մարտի 22-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց թաղամասում գործող «Ֆեմիլի» հագուստի խանութի հարակից տարածքում վիճաբանել են, որից հետո, իրենց միջև առկա տարաձայնությունը պարզաբանելու նպատակով խոսակցությունը շարունակելու նպատակով նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպել են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Կարեն Բադամյանն Արթուր Պարոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող, 9մմ /9×18/ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, գործարանային արտադրության Մակարովի կոնստրուկցիա ունեցող տարբեր նշանակության /ծառայողական, գազային, տրավմատիկ, դեակտիվացված կամ այլ/ ատրճանակի /ների/ դետալների օգտագործմամբ և ինքնաշեն եղանակով ակոսավոր փող տեղադրելու միջոցով պատրաստված ակոսափող, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ է արձակել Արթուր Պարոնյանի ուղղությամբ, պատճառել նրան ձախ սրունքի վերին երրորդականի առաջակողմնային մակերեսի շրջանի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորման՝ մաշկի, ենթամաշկի, մկանների, նյարդանոթային խրձերի վնասման ձևերով, ինչպես նաև՝ որովայնի առաջային պատի աջ կեսի շրջանի հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք՝ ուղեկցված տարածուն արյունազեղումներ՝ վերքային խողովակի ընթացքով, մաշկի, ենթամաշկի, մկանների, ենթաստամոքսային գեղձի, բարակ աղիների, բարակ աղիների միջընդերքի, որովայնային աորտայի, գոտկային երրորդ ողի մարմնի, ողնուղեղի վնասումների, մուգ կարմիր գույնի հեղուկ արյան և նույն գույնի արյան փուխր մակարդուկների առկայություն՝ որովայնի խոռոչում, հետորովայնամզային տարածության արյունահավաքի, սրտի էպիկարդի տակ կետային արյունազեղումների /Մինակովի բծեր/, ներքին օրգանների սակավարյունության ձևերով, հեմոռագիկ շոկով, ինչի արդյունքում Արթուր Պարոնյանը նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, «էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում մահացել է: Այսպիսով, Կարեն Բադամյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարում»։

Ինչպես է կատարվել սկանդալային սպանությունը․ մանրամասներ