02/12/2025

Ալիևը «հաղթած գերագույն գլխավոր հրամանատարի» կերպարը հանրությանը ներշնչելու և աշխարհում լեգիտիմացնելու խնդիր ունի

Բաքվի իշխանական լրատվամիջոցները հաստատել են ավելի վաղ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության հայտնած տեղեկությունը, որ ձերբակալվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության վարչության նախագահ Ալի Քերիմլին:

Haqqin.az-ը, հղում անելով իրավապահ համակարգի աղբյուրներին, տեղեկացրել է, որ Քերիմլին ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել:

Ըստ այդմ, Քերիմլին «ձերբակալվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի դեմ հարուցված քրեական գործի վարույթի շրջանակներում»:

Ռամիզ Մեհթիևը մեղադրվում է «պետական հեղաշրջման և իշխանության յուրացման փորձի, ինչպես նաև պետական դավաճանության» մեջ: Պատկան մարմինները Մեհթիևի գործով որևէ տեղեկություն դեռևս չեն տարածել:

Մամուլի հրապարակումներից դատելով, նա «Ադրբեջանում սահմանադրական կարգը փոխելու, իր գլխավորությամբ Պետական խորհուրդ ստեղծելու առաջարկով նամակ է հղել Մոսկվա»:

Այդ մասին մանրամասնություններ հայտնի չեն: Եթե Քերիմլին ձերբակալվել է այդ գործով քրեական վարույթի շրջանակներում, ուրեմն նա կասկածվում է «պետական հեղաշրջման փորձին մասնակցության» մեջ:

Ալի Քերիմլին Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը, իսկ նրա մահվանից հետո գլխավորում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որ ի սկզբանե ձևավորվել է որպես «համազգային շարժում»:

Բաց աղբյուրներում բազմաթիվ վկայություններ կան, որ «ԱԺՃ-ն ստեղծվել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի հովանու ներքո, իսկ գաղափարի հեղինակը Եվգենի Պրիմակովն է»:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատը» 1992թ. մարտին նախաձեռնել և պետական հեղաշրջում է իրականացրել՝ ԳԽ նստաշրջանում պաշտոնանկելով նախագահ Մութալիբովին: Նույն տարվա հունիսին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Աբուլֆազ Էլչիբեյը՝ նախապես խոստանալով, որ մեկ տարի հետո հրաժարական կտա, որպեսզի «երկրի առաջնորդի պաշտոնն անցնի ամենաարժանավորին՝ Հեյդար Ալիևին»: Այս վկայության հեղինակը Հեյդար Ալիևի օրոք պետական քարտուղարի պաշտոն ստացած Լալա-Շևքեթ Հաջիևան է:

Իշխանությունն Էլչիբեյից Հեյդար Ալիևին փոխանցելու գործընթացում կարևոր դերակատարություն է ունեցել Ռամիզ Մեհթիևը: Իշխանափոխության մանրամասնություններին քաջատեղյակ են «Մուսավաթ» և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունների առաջնորդ Իսա Գամբարը և Ալի Քերիմլին:

Ռամիզ Մեհթիևին մեղադրելով «պետական հեղաշրջման փորձի և հայրենիքին դավաճանության» մեջ, Իլհամ Ալիևը քաղաքական միջավայրից հեռացնում է Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը: Ալի Քերիմլիի ձերբակալությունը նույն տրամաբանության մեջ է:

1993 և 2003 թվականին Ադրբեջանում տեղի է ունեցել փաստացի իշխանության յուրացում: Առաջին դեպքում այն ներքին խարդավանքների արդյունքում անցել է Հեյդար Ալիևին, երկրորդում՝ Իլհամ Ալիևին: Ուշագրավ է, որ «հաղթանակի զորահանդեսի» ելույթում Իլհամ Ալիևը չի խոսել Ադրբեջանը «կործանումից փրկելու» Հեյդար Ալիևի «ազգանվեր գործունեությունից»:

Քառասունչորսօրյա պատերազմն իրավիճակ է փոխել: Իլհամ Ալիևը «հաղթած գերագույն գլխավոր հրամանատարի» կերպարը հանրությանը ներշնչելու և աշխարհում լեգիտիմացնելու խնդիր ունի: Հեյդար Ալիևի «ուրվականը» խանգարում է: Բայց խնդիր է, թե այդ «ուրվականը» նրան թույլ կտա՞ տապալել իրեն: