Նոյեմբերի 28-ին Սև ծովի թուրքական հատվածում, ափից 28 մղոն հեռավորության վրա «արտաքին միջամտության են ենթարկվել» Գամբիայի դրոշի ներքո բեռնափոխադրումներ իրականացնող Kairos և Virat լցանավերը:
Թուրքական անվտանգության ուժերի կողմից իրականացվել է անձնակազմի անդամների տարհանում, տուժածներ չկան:
Ըստ տեղեկությունների, լցանավերից մեկի նավապետը ռադիոկապով թուրքական կողմին տեղեկացրել է, որ ենթարկվում են «դրոնային հարձակման»: Reuters-ի տեղեկություններով, երկու լցանավերն էլ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների տակ են և «համարվում են Ռուսաստանի ստվերային նավատորմի մաս»:
Թուրքական իշխանամերձ մամուլում տեղեկություն կա, որ «հարձակման ենթարկված լցանավերը Եգիպտոսից վերադառնում էին Նովոռոսիյսկ»: ՌԴ Կրասնոդարի երկրամասի այդ քաղաքը հայտնի է նավթի առաքման թեմինալներով, որ վերջերս ուկրաինական կողմից ենթարկվել են հարձակման:
Բայց Նովոռոսիյսկի թերմինալներից արտանվում է ոչ միայն ռուսաստանյան, այլև ղազախստանյան նավթ, գործում է նաև Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը:
Եթե թուրքական կողմի տարածած տեղեկությունը, որ լցանավերից առնվազն մեկը «ենթարկվել է դրոնային հարձակման», համապատասխանում է իրականությանը, ապա հետևում է, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հայտնվել է որևէ երկրի հատուկ ծառայությունների թիրախում: Երկու լցանավերն էլ բռնկված հրդեհի պատճառով խորտակվել են:
Ըստ երևույթին, կատարվածի մեջ Ռուսաստանը կասկածում է Ուկրաինային: Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Կիևը կրկին հրթիռային հարձակման է ենթարկվել, կան ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ:
Ըստ տեղեկությունների, Ուկրաինայի մայրաքաղաքը «հոսանքազրկվել է, խաթարված է ջրամատակարարումը»: Ռուսաստանի կողմից «վրեժխնդրության» հերթական գործողությունն իրականացվել է ուկրաինական պատվիրակության ԱՄՆ մեկնելու ֆոնին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ուկրաինայի հարցով Մոսկվան «ներկայումս բանակցություններ է վարում միայն ԱՄՆ-ի հետ»:
Ըստ տեղեկությունների, ամերիկյան պատվիրակությունը Մոսկվա կժամանի «եկող շաբաթասկզբին», այն կգլխավորի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը: Պատվիրակության կազմում «կլինի նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները»:
Վլադիմիր Պուտինը կարեւորագույն խնդիր է համարել Վաշինգտոնի կոզմից Ղրիմի և ամբողջ Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի «իրավազորության Ճանաչումը»: Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ բանակցություններում նա հավաստիացրել է, որ եթե ռուս-ամերիկյան «գագաթնաժողովը կայանա, ապա անպայման կգումարվի Բուդապեշտում»:
Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան «գործարքի» կնքման վայրի համար պայքարի մեջ է Թուրքիան:
Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ Ստամբուլում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներին հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնել: Ռուսաստանի «ստվերային նավատորմի դեմ դրոնային հարձակումները» , կարծես, հետկոնֆլիկտային Սև ծովում ազդեցության գոտիների սուր մրցակցություն են հուշում:
Ռուսաստանցի վերլուծաբան Բոգդան Պրիխոդկոն lenta.ru-ին ասել է, որ Թուրքիան «դեռևս Ղրիմի պատերազմի (1853-55թ.թ.) ժամանակներից Մեծ Բրիտանիայի կանխածրագրով գործում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ»:






Բաց մի թողեք
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց
10 սրբազաններ հանդես են եկել «ինքնաքննադատությամբ»