02/12/2025

Ղրիմի և Դոնբասի ճանաչման դիմաց «Ռուսաստանը հանձնում է» Դոնալդ Թրամփին

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկու կայքը, որ հրապարակել է նաև պատվիրակության կազմը:

Այն գլխավորում է Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Պատվիրակության կազմում ընդգրկված են փոխարտգործնախարար Կիսլիցան, ռազմական հետախուզության պետ Բուդանովը, այլ առանցքային պաշտոնյաներ:

Ըստ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի, ամերիկյան պատվիրակությունը Մոսկվա կժամանի եկող շաբաթասկզբին: Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի լիազորությունները կրկին վերապահված են Սթիվ Ուիթկոֆին, նրան կուղեկցի Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները:

Դիվանագիտական այս «մարաթոնին» ընդառաջ «Ուոլ սթրիթ ջոռնելը» սենսացիոն հրապարակում է արել: Վկայակոչելով եվրոպական «անվտանգության ծառայությունների աղբյուրներին և բանակցություններին ծանոթ մեկ անձնավորության», պարբերականը գրել է, որ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի «մի քանի օլիգարխների իրենց ներկայացուցիչներին գործուղել են Միացյալ Նահանգներ, որպեսզի ամերիկյան ընկերությունների հետ քննարկեն էներգակիրների և հազվագյուտ մետաղների արդյունահանման համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցերը»:

Խոսքը, ինչպես հայտնել են աղբյուրները, պատժամիջոցների ենթարկված Գենադի Տիմչենկոյի, Յուրի Կովալչուկի և Ռոտենբերգ եղբայրների մասին է: Ըստ տեղեկությունների, ռուսաստանյան կողմն ամերիկյան ընկերություններին առաջարկում է Օխոտի ծովում և չորս այլ տեղերում գազի, Նորիլսկի մերձակայքում և Սիբիրի դեռևս չշահագործված վեց հազվագյուտ մետաղների հանքավայրի «կոնցեսիա»:

Ըստ երևույթին, այս տեղեկությունը կամ համապատասխանում է իրականությանը, կամ չափազանց մոտ է դրան: Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Եվրոպայի անվտանգության հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անտարբերությունը» որևէ այլ մոտիվացիա, քան Վլադիմիր Պուտինի հետ «գործարքից» ֆինանսատնտեսական շահն է, հազիվ թե ունենա:

Եվ եթե «բարոյական» և այլ կարգի «պարտավորություններից» վերացարկվենք, ապա Թրամփի դիրքորոշումը դժվար է արտառոց համարել: Նա հետապնդում է ԱՄՆ-ի, հնարավոր է՝ նաև իր հետաքրքրությունները:

Բարդ է Ռուսաստանի նախագահի վիճակը: Ուկրաինական պատերազմը նա սկսել է «հավաքական Արևմուտքի դեմ ռազմավարական հաղթանակի» կարգախոսում: Եվ եթե այն ավարտվում է Ղրիմի և Դոնբասի ամերիկյան ճանաչման դիմաց «Ռուսաստանը Դոնալդ Թրամփին հանձնելու գործարքով», ապա ո՞րն է Վլադիմիր Պուտինի «ֆենոմենը»:

BBC-ն բաց աղբյուրներից տեղեկությունների հիման վրա եկել է եզրակացության, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը «մեկ միլիոն մարդկային կորուստներ է ունեցել, որից մոտ կեսն՝ անվերադարձ»:

Իսկ Եվրամիությունը հայտարարել է, որ Ղրիմի և Դոնբասի ռուսաստանապատկանությունը «երբեք չի ճանաչի»: Իրեն հարգող ոչ մի երկիր Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի քսան տոկոսի անեքսիան չի ճանաչի: Ոչ թե հանուն Ուկրաինայի կամ ոչ միայն հանուն Ուկրաինայի, այլև՝ պաշտպանելով իր անվտանգությունը և ամբողջականությունը:

Իսկ ԱՄՆ-Ռուսաստան գործարքն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մասով միջազգային լեգիտիմություն չի ունենա: Կարճաժամկետ հեռանկարում, գուցե, Դոնալդ Թրամփը «փրկում է Պուտինի դեմքը», բայց սկզբունքորեն նա լուծում է Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական համագործակցությունը կանխելու հարցը:

ԱՄՆ այդ քաղաքականությունը կիրառել է ուշ խորհրդային շրջանում և փաստացի հասել Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական խզման: ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկն էլ Չինաստանի հետ այդ դիմակայությունն էր: