02/12/2025

Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը. Սուրեն Սուրենյանց

Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ Մադրիդյան սկզբունքներից և Կազանի համաձայնեցված տարբերակից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 թվականի կարգավորման մոտեցումները։

Թեև այս քայլը ներկայացվում է որպես «թափանցիկության դրսևորում», փաստացի այն կիսատ է, ընտրովի և չի տալիս բանակցային գործընթացի ամբողջական ու հավաստի պատկերը։

● Հրապարակված փաստաթղթային փաթեթը կիսատ է և ամբողջականությունից զուրկ

Ներկայացված նյութերում բացակայում են բանակցային պատմության առանցքային բաղադրիչներ.

✔️1994 թ․ եռակողմ զինադադարի փաստաթուղթը,
✔️ԵԱՀԿ գործող նախագահի 1995 թ-ի հայտարարությունը,
✔️Քի Վեսթի փաստաթղթերը,
✔️Պրահյան գործընթացի արձանագրությունները,
✔️մի շարք միջանկյալ, բայց բովանդակային առումով վճռորոշ նյութեր։

Այս բացերը փաստում են, որ ներկայացված պատկերը ոչ միայն թերի է, այլ նաև թե մանիպուլյատիվ՝ նպաստելով իշխանության կառուցած քաղաքական շահարկումների սպասարկմանը։

● Ընդդիմության պահանջը մասամբ է կատարված
Թեպետ հրապարակվել է 2019 թ․ կարգավորման նախագիծը, սակայն բացակայում է հայկական կողմի պաշտոնական արձագանքը՝ այն հիմնական փաստաթուղթը, որը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումն ու բանակցային մտադրությունները։

Այս բացը խաթարում է գործընթացի ամբողջական ընկալումը և թույլ չի տալիս ճիշտ գնահատել ներկայացված փաստաթղթի քաղաքական արժեքը։

● 2019 թ․ փաստաթուղթը հստակորեն պահպանել է Արցախի հայկականությունն ու սուբյեկտությունը

Հրապարակված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է, որ՝

✔️Լեռնային Ղարաբաղը պահպանելու էր սուբյեկտությունը,
✔️գործելու էին միջազգային անվտանգության հստակ մեխանիզմներ,
✔️հայկական բնակչության իրավունքներն ու ինքնությունը պաշտպանված էին լինելու,
✔️ տարբերակ չի կանխորոշել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։

Այս հանգամանքները հակասում են վերջին տարիներին իշխանության կողմից արհեստականորեն ձևավորված պատկերացումներին ու կեղծ նարատիվներին:

● 2018–2020 թթ․ կայացված քաղաքական որոշումները խափանել են բանակցային ողջ ճարտարապետությունը
Նույնիսկ փաստաթղթերի այս թերի ներկայացումից ակնհայտ է դառնում, որ այս շրջանակում՝

✔️մերժվել է բանակցային ժառանգությունը,
✔️տապալվել կամ անտեսվել են միջնորդական առաջարկները,
✔️փորձ է արվել զրոյացնել բանակցային ընթացքը,
✔️Արցախի սուբյեկտությունը փաստացի դուրս է բերվել բանակցային դաշտից։

Այս բոլոր քայլերը խաթարել են միջազգային զսպող մեխանիզմները և ստեղծել են լայնածավալ պատերազմի նախադրյալները։

● Փաստաթղթերի նույնիսկ ընտրովի հրապարակումը ամրագրում է իշխանության քաղաքական պատասխանատվությունը

Հրապարակված նյութերը հստակ ցույց են տալիս, որ՝

✔️2019 թ․ առաջարկը պատերազմ չէր բերում,
✔️Արցախի սուբյեկտությունը ու անվտանգային համակարգը լիովին երաշխավորվում էին,
✔️բանակցային գործընթացը, լինելով դժվար, սակայն իրականում կանխում էր պատերազմը։

Պատերազմը չի ծագել առաջարկվող փաստաթղթերից, այլ դրանց մերժումից և բանակցային համակարգի փլուզումից։
Այսպիսով, գանք հիմնական եզրակացությանը՝ 44-օրյա պատերազմի նախադրյալները ձևավորվել են ոչ թե բանակցային գործընթացի տրամաբանությամբ, այլ այդ գործընթացի հետևողական խաթարմամբ և պետական մտածողությունից զուրկ, արկածախնդիր քաղաքականությամբ:

Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից