02/12/2025

Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ․ Լուսանկար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ դատավորը իր բարեկամի կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու, այն բավարարելու և դրանով դատական ակտ կայացնելու շահագրգռվածությունից ելնելով, 2022 թվականին որոշում է կայացրել վարույթ ընդունել տվյալ քաղաքացիական գործը, այն պարագայում, որ առկա են եղել նշված դիմումը վերադարձնելու հիմքերը:Քաղաքացիական գործը վարույթ ընդունելուց հետո դատավորը 2022 թվականին տեղի ունեցած դատական նիստում չի բացահայտել դիմումատուի լիազորներկայացուցչի հետ իր ազգակցական կապը, չի անդրադարձել ինքնաբացարկի հիմքերին, և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, թույլատրել է փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորագիր չունեցող իր ազգականին մասնակցել դատաքննությանը՝ որպես դիմումատուի ներկայացուցիչ:

Նշված արարքները դիտավորությամբ կատարելուց հետո, պարտավոր լինելով իրավունքի մասին վեճի ծագման հիմքով դիմումն առանց քննության թողնելու,դատավորը 2022 թվականին կայացրել է ակնհայտ անարդար վճիռ՝ ամբողջությամբ բավարարվելով իր ազգականի կողմից ներկայացված դիմումը։

Արդյունքում, դատական իշխանության ներկայացուցչի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների չարաշահման հետևանքով անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 38.200.000 ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել նշված դատավորինկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալհամապատասխան միջնորդություն, որը բավարարվել է:Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ համակցվածկիրառվել են բացակայելու արգելք և 5 մլն ՀՀ դրամի չափով գրավ որպես  խափանման միջոցները:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է,և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նշենք, որ խոսքը Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի մասին է։

Դատավորը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ