Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղու 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ էջմիածինցիները չէին բացառում, որ վեճի եւ սպանության հիմքում նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» էլ կա, մանավանդ` գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։
Ներքին գործերի նախարարությունից այն ժամանակ հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տեւական ժամանակ հետախուզման մեջ է եղել։ Եվ ահա, 10 օր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը` Բադամյանը, կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին եւ հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում։ «Հրապարակ»-ին իրավապահ համակարգից հայտնում են, որ Կարեն Բադամյանը տարիներով անցել է մի քանի քրեական գործով, որոնցից մեկը դատարանում շարունակվում է, իսկ մյուսները կարճվել են։
2024 թվականին Արմավիրի մարզի դատարանում քննվել է վարորդական վկայականի համապատասխան կարգ չունենալու, սթափության զննություն չանցնելու վերաբերյալ մի քրեական գործ, որով դատարանը որոշել է Բադամյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 375 հազար դրամի չափով։ Մեկ այլ քրեական գործում, որը վաղեմության հիմքով կարճվել է, գրված է․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվելով, ըստ ստացված ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների, 2017թ․ ապրիլի 26-ին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում, քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ 06.08.2020թ․-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից: Այսինքն՝ Կարեն Արայիկի Բադամյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասին»:
2012 թվականին էլ Կ․ Բադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) եւ դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով:
Իսկ Արագածոտնի մարզի դատարանում շարունակվում է մեկ այլ քրեական գործի քննությունը, ըստ որի․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց՝ Ա․Բադամյանի եւ Վ․ Ոսկանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն եւ մարտական փամփուշտներ, որոնք ապօրինի պահել եւ փոխադրել են Վ․ Ոսկանյանին պատկանող «BMW X5» մակնիշի 91VV091 համարանիշի ավտոմեքենայով, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել են 2023թ․ մարտի 15-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի հատվածում հիշյալ ավտոմեքենայի խուզարկությամբ՝ բեռնախցիկից»։
Ստացվում է, որ Արթուր Պարոնյանի սպանության համար մեղքի բաժին ունի նաեւ դատաիրավական համակարգը․ փաստացի, ոստիկանությունն ու իրավապահ համակարգը կանխարգելիչ գործողություններ չեն արել, չեն հետեւել բազմիցս իրավապահների տեսադաշտում հայտնված անձի վարքին, եւ վերջինս ամեն անգամ նոր ու ավելի ծանր հանցագործություն է կատարել` հասնելով մինչեւ սպանություն գործելուն։







Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7
Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. Լուսանկար