02/12/2025

Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հունաստանին մեղադրել է Ուկրաինայի սպառազինությունների մատակարարման մեջ, պաշտոնական Աթենքի դիրքորոշումը գնահատել «ոչ բարեկամական» և սպառնացել, որ այդ քայլերը «դիտարկվում են անպատասխան չեն մնա»:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Հունաստանը նորագույն սպառազինությունների ձեռքբերման հարցով բանակցություններ է վարում Իսրայելի հետ և «գործարքը վերջնական համաձայնեցումը շատ մոտ է»:

Ըստ տեղեկությունների, խոսքը «երեք ու կես միլիարդ դոլար արժեցող աննախադեպ գործարքի» մասին է: Աղբյուրները համարում են, որ Հունաստանը «խիստ անհանգստացած է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներից և որոշել է Էգեյան ծովի կղզիներում տեղաբաշխել իսրայելական արտադրության ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցներ»:

Ռազմական ոլորտի փորձագետները նշում են, որ Հունաստանը թեև ՆԱՏՕ-ի անդամ է, բայց նրա հակաօդային պաշտպանության միջոցները հիմնականում խորհրդային-ռուսաստանյան արտադրության են: Հունաստան ունի C- 300 և «Տոր» համակարգեր, որ մտադիր է փոխարինել իսրայելական «Դավթի պարսատիկ» և միջին հեռահարության այլ միջոցներով:

Այս իմաստով ՌԴ-ի վրդովմունքը միանգամական հասկանալի է. հրաժարվելով խորհրդային-ռուսաստանյան ՀՕՊ համակարգերից, Հունաստանը թոթափում է Ռուսաստանից կախվածությունը:

Նույն ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան գովել է Թուրքիային, որ ուկրաինական կարգավորման հարցում «հավասարակշռված մոտեցում ունի», բարձր գնահատել Անկարայի միջնորդական ջանքերը, Սև ծովում առևտրական նավագնացությանն աջակցելու նրա ներդրումը:

Զախարովայի այս հայտարարությունից երեք օր հետո Սև ծովի թուրքական ափերի մոտ ուկրաինական ուժերը երկու լցանավ են խորտակել:

Ու եթե առաջին օրը Մոսկվան լռություն էր պահպանում, ապա դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղի ունեցածը որակել է «ոչ միայն Ռուսաստանի դեմ վնասարարություն, այլև ուղղակի ոտնձգություն Թուրքիայի ինքնիշխանությանը»:

Թուրքիայի ԱԳՆ այդ միջադեպին արձագանքել է չափազանց զուսպ և ոչ մի խոսք չի ասել Անկարայի «ինքնիշխանության դեմ ոտնձգության» մասին:

Ռուսաստանը, կարծես, ձգտում է Թուրքիայի և Ուկրաինայի միջև լարվածություն ստեղծել: Մոսկվան միաժամանակ թուրք-հունական դիմակայության մեջ գործընկեր է ընտրում Անկարային՝ սպառնալով պատժել Աթենքին:

Թուրքիայի և Հունաստանի միջև տարածքային վեճը մնում է չկարգավորված, կողմերը սուր հակասություններ ունեն նաև Միջերկրականի արեւելյան հատվածում: Վերջին օրերին իսրայելական ուժերը կրկին հատուկ գործողություն են իրականացրել Սիրիայում, որտեղ Թուրքիան ռազմական ներկայության է ձգտում:

Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում թուլացել են, բայց, երևում է, ոչ այնքան, որպեսզի նրա հետ հաշվի չնստեն: Խնդիր է, թե Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի: