Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում սկսվեց «Էմ Փի Ջի» ՍՊԸ՝ «Գելափ Արմենիա» ընկերութան ղեկավար Արամ Նավասարդյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայցի քննությունը:
Հայցվորը փորձում է ապացուցել, որ Բագրատյանը նրան վիրավորել, զրպարտել եւ արատավորել է նրա պատիվն ու արժանապատվությունը:
Hraparak TV-ի եթերում անցյալ տարվա մարտի 30-ին նա հայտարարել է. «Իշխանության արած հարցումները, հատկապես, որ «Գելափն» ա անում, էդ Արամ Նավասարդյան կոչվածը, նրան ասում են թվեր, նա սարքում ա, փողը տալիս են, սարքում են»:
Սա Բագրատյանի դեմ Արամ Նավասարդյանի միակ հայցը չէ: Հայցերի հիմքում «Էմ Փի Ջի» ՍՊԸ՝ «Գելափ Արմենիա»-ի՝ 2025 թվականի սկզբին անցկացված հարցումն է՝ քաղաքական կուսակցությունների վարկանիշի նկատմամբ, որն առաջացրել է Հրանտ Բագրատյանի վրդովմունքը:
«Գելափ Արմենիա»-ի դեմ նախկինում էլ բազմաթիվ բացասական գնահատականներ ու մեղադրանքներ են հնչել՝ թվերը խեղաթյուրելու, պատվերով կեղծ հարցումներ իրականացնելու, ամերիկյան հայտնի ընկերության անունն օգտագործելու մեջ, այսինքն՝ կեղծ «Գելափ» հանդիսանալու մեջ:
Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում 2018թ․ սեպտեմբերի 23-ին գրել է. «Էն՝ «Գելափ» էր, ինչ էր, իբր հարցում էր արել, ու, ըստ այդ հարցման արդյունքների, իբր 72․9 %-ն անպայման մասնակցելու էր, իսկ 13․7-ը՝ ավելի շուտ մասնակցելու էր ընտրություններին: Իրականում, նախնական տվյալներով, մասնակցության տոկոսը տատանվում է 40-45-ի միջակայքում: Տեսնենք, թե հիմա էլ քաղաքական ուժերի հավաքելիք տոկոսների «Գելափ»-ական արդյունքները ոնց են փուչիկի պես պայթելու, մանավանդ՝ «Ժառանգության» 1,1 %-ը»:
2021 թվականին, ԱԺ ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե երբ «Գելափ»-ը սկսել է հետեւողականորեն նվազեցնել ՔՊ-ի տոկոսները, տեխնոլոգներն իրենց զգուշացրել են, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է: «Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը, իհարկե, չի հավատում եւ կարծում է, որ սա սովորական հայկական սոցիոլոգիական թվանկարչություն է՝ պատվերով, փողով, եւ GALLUP-ն էլ սուտի «Գելափն» է»։
Այլ գնահատականներ էլ կան:
Օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցության, որի քարտուղարությունը հետեւյալ տեքստն էր տարածել. ««Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակ կոչվող սոցիոլոգիական հաստատությունը հերթական պատվերն է ստացել՝ նսեմացնել եւ հնարավորինս աննշան ներկայացնել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում: Պետք է ընդունենք, որ Չախ-չախ թագավորի հեքիաթի ավանդույթներին հավատարիմ այս կեղծ «Գելափին» իսկապես հաջողվել է, ի վերջո, այնպիսի սուտ մոգոնել, որին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, վերջապես հավատացինք: Այն է՝ թե մեզ առհասարակ անհայտ է «Սասնա ծռեր» անունով քաղաքական ուժը, եւ որ նա իր անհայտությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր փոքր ու մեծ քաղաքական ուժերին: Ըստ երեւույթին, այս կեղծ «Գելափին» պատվիրված հերթական անհեթեթությունն արդյունք է նախաէպոսյան Հայաստանում արված հետազոտության»:
Արայիկ Հարությունյանին եւ այլոց, ովքեր «Գելափին» մեղադրել են պատվերով սոցիոլոգիական հարցումներ կատարելու, շահագրգռվածության խնդիրներ ունենալու, պրոֆեսիոնալիզմի բացակայության համար, Արամ Նավասարդյանը դատի չի տվել, հավանաբար, ոչ էլ վիրավորվել է նրանցից: Վիրավորվել է միայն Հրանտ Բագրատյանից:
Այսօրվա նիստին հայցվորի՝ դատարանին ներկայացրած փաստաթղթերից մեկի թարգմանությունը, որը վերաբերում է «Գելափ Արմենիա» ընկերութան շվեյցարական MPG LLC GALLUP International association-ին անդամակցելուն, պատշաճ վավերացված չէր, եւ դատը հետաձգվեց, նրան ժամանակ տալով ներկայացնել այն:
Սակայն անգամ եթե այդ փաստաթուղթը ճշգրիտ է, դա չի նշանակում, որ «Գելափ Արմենիան» կարող է ներկայացնել Gallup հեղինակավոր բրենդը եւ կապ ունի դրա հետ: Այդ անունը եւ բրենդը պատկանում են սոցհարցումներում մասնագիտացված Gallup Inc՝ «Գելափ ինկորպորեյշն» ամերիկյան ընկերությանը: Վերջինս եւ շվեյցարական MPG LLC GALLUP International association-ը տարբեր կազմակերպություններ են: Նրանց մեջ անգամ դատական վեճեր կան: Ամերիկյան Gallup Inc-ն անգամ դատի է տվել շվեյցարական ասոցիացիային՝ իր անունն օգտագործելու համար, բայց այդ հարցին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այս պահին էական է այն, որ անդամակցելով ինչ-որ ասոցիացիայի, չես կարող ասել, թե ներկայացնում ես այն, ինչպես, ասենք, լինելով ՄԱԿ-ի անդամ երկիր, չես կարող ասել, որ ներկայացնում ես ՄԱԿ-ը:
«Ես Փաստաբանների միության անդամ եմ, բայց ես չեմ ներկայացնում Փաստաբանների միությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ապրելով Հայաստանում, չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- հայտարարեց Բագրատյանի փաստաբան Արսեն Հարությունյանը:
Ի դեպ, ըստ Արամ Նավասարդյանի ՍՊԸ հայցի, նա հանդիսանում է «Գելափ ասոցիացիայի» պաշտոնական ներկայացուցիչը, սակայն դատարանում Նավասարդյանի փաստաբանն ասաց, որ «Գելափ Արմենիան»շվեյցարական ասոցիացիայի անդամն է:
Մենք փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ այս հարցի շուրջ, ինչպես նաեւ՝ հարցրինք, թե ինչ կապ ունի «Գելափ Արմենիան» ամերիկյան հայտնի Gallup Inc անալիտիկ ընկերության հետ, իր հարցումներում արդյոք օգտագործո՞ւմ է վերջինիս մեթոդաբանությունը: Փաստաբանը, սակայն, հրաժարվեց «Հրապարակի» հարցերին պատասխանելուց՝ պատճառաբանելով, թե ձայնագրիչով նրան մոտենալուց առաջ չենք զգուշացրել, որ ձայնագրում ենք:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար