12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ուկրաինական և իրանա-ամերիկյան կարգավորման հեռանկարը Աբու-Դաբիում, նաև՝ հայ-ադրբեջանականը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա: «Անադոլուն» հայտնել է, որ «Ալ-Յամամա» թագավորական պալատում նրա և թագաժառանգ Մուհամդե բին Սալմանի հանդիպումը տեղի է ունեցել լրագրողների համար փակ ռեժիմում:

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Էրդողան- բին Սալման բանակցությունների մասին որևէ այլ տեղեկություն առայժմ չի բացահայտել: Հայտնի է, որ Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիայից կմեկնի Եգիպտոս, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը նախագահ աս-Սիսիի հետ:

Էրդողանը Սաուդյան Արաբիա և Եգիպտոս է ուղեւորվել Մերձավոր Արևելքում սուր լարվածության ֆոնին: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը դեմ է արտահայտվել Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմա-անվտանգային եռակողմ դաշինքին:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ, բին Սալմանը կողմ է Թուրքիայի հետ բազմակողմ հարաբերությունների, այդ թվում՝ թուրքական ռազմաարդյունաբերության ձեռնարկությունների հետ կապերի զարգացմանը և խորացմանը, բայց անվտանգային փոխադարձ օգնության հարցում ընտրում է միայն Պակիստանին:

Խիստ ուշագրավ է, որ Էրդողանի Էր Ռիադ այցին զուգահեռ՝ նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանի հետ:

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ նրանք քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկայի և նավթի արտադրության ծավալների հետ կապված հարցեր: Սաուդյան Արաբիան նավթի համաշխարհային շուկայի առաջատարներից է և կարող է ազդեցություն ունենալ գնագոյացման վրա:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի ուսումնասիրություններից պարզվել է, որ ՌԴ ընթացիկ տարվա բյուջեն կառուցված է նավթի բարելի դիմաց նվազագույնը 59 դոլարի «մուտքային հաշվարկով, մինչդեռ իրականում գինը կարող է հասնել 47 դոլարի»:

Առաջիկա օրերին Մերձավոր Արևելքը լինելու է միջազգային քաղաքականության էպիկենտրոն. Աբու-Դաբիում մեկնարկում են ռուս-ուկրաինական «խորհրդատվական քննարկումներ», ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը Երուսաղեղում պետք է քննարկի Գազայի կարգավորման ծրագրի երկրորդ փուլին անցումը, իսկ հետո, հավանաբար, Ստամբուլում «կհանդիպի Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ»:

Այդ բանակցությունների արդյունքներից է կախված ուկրաինական և իրանա-ամերիկյան կարգավորման հեռանկարը, իսկ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի, թերևս, ամենաազդեցիկ երկիրն է և միաժամանակ՝ Միացյալ Նահանգների դաշնակիցը:

Այս «խճանկարին հավելյալ երանգ է հաղորդել» Ադրբեջանի նախագահի Արաբական միացյալ էմիրություններ այցը, որ մեկնարկել է փետրվարի 2-ին: Փետրվարի 3-ին ԱՄԷ և Ադրբեջանի նախագահները տեսակապով հետևել են կողմերի զինված ուժերի ներկայացուցիչների համատեղ զորավարժությանը:

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Ալիևը փետրվարի 4-ին կստանան «Մարդկային բարեկամություն» մրցանակը: Ալիևը Աբու-Դաբի է մեկնել հանդիսությունից երկու օր առաջ: Նա ԱՄԷ նախագահի հետ սկզբունքային ի՞նչ քննարկումներ է ունեցել:

Արժե, թերևս, նկատել, որ նույն օրը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները գտնվել են Պարսից ծոցի երկու ազդեցիկ երկրի մայրաքաղաքում, բայց Էր-Ռիադը և Աբու-Դաբին միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերում ամենևին էլ ոչ միայն դաշնակից, այլև փոխվստահելի գործընկեր չեն: Էրդողանը և Ալիևը փորձել են թագաժառանգ բին Սալմանին և նախագահ ալ-Նահաիանին «հեշտեցնե՞լ»: