02/12/2025

Սամվել Կարապետյանը մեր ձայների հետ կապ չունի. Արամ Խաչատրյան

Հարցազրույց Լոռու նախկին մարզպետ, այժմ Նիկոլ Փաշինյանի օգնական Արամ Խաչատրյանի հետ

– Ձեր հայրենակից, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխող ուժի վերաբերմունքն ընկալելի՞ է Ձեզ համար։

– Իրավական գործընթաց է, ես հիմա չեմ կարող մեկնաբանել, գնահատական տալ։

– Մեկ նախադասության համար մա՞րդ են կալանավորում ժողովրդավարության բաստիոնում։

– Մեկ նախադասությունը կարող է աշխարհ փուլ տալ, մենք՝ բոլորս էլ լսել ենք, թե ինչ հայտարարություն է արել, դրան հետեւել են իրավական գործընթացներ, հիմա տեսնենք, թե առաջիկայում ինչ զարգացումներ տեղի կունենան։

– Բայց աշխարհը փուլ չեկավ, չէ՞, այդ նախադասությունից: Արդյոք Կարապետյանին կալանավորելու բուն պատճառն այն չէ՞, որ նա ազդեցիկ մարդ է: Մտածեցին` նրան բռնենք, ոչ մեկը չի համարձակվի այլեւս խոսել իշխանության դեմ։

– Ես իր նախադասությունը նկատի չունեի, ընդհանրապես՝ օրինակ էի բերում․․․ կոնկրետ իր մասին ասում եմ, որ իրավական գործընթաց է, սպասենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ տեղի կունենան։

– Օրինակ, երբ Սամվել Կարապետյանն ասում է՝ «եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձեւով կմասնակցենք», այս նախադասության ո՞ր բառով կարող էր աշխարհը փուլ գալ։

– Դե, որ ասում է՝ «մենք մեր ձեւով», դա արդեն լայն հասկացություն է, կարելի է ենթադրել, որ Հոկտեմբերի 27 են ուզում անել, Մարտի 1 են ուզում անել։

– Մարդկային երեւակայությունն անսահման է, ամեն ինչ էլ կարելի է ենթադրել, բայց ենթադրությունների վրա չեն կալանավորում․․․

– Դե, դրա համար իրավապահներն են զբաղվում, մենք էլ, դուք էլ կհետեւենք ընթացքին։

– Հետեւում ենք: Օրինակ՝ ես այդ նախադասության մեջ իշխանազավթման կոչ չեմ տեսել, Դուք տեսե՞լ եք։

– Կարծում եմ՝ այո։

– Կարծո՞ւմ եք, թե՞ վստահ եք։

– Իրավապահների գործողությունները ես համարում եմ իրավաչափ, Սամվել Կարապետյանը պետք է բացատրություն տա իրավապահներին․․․

– Սամվել Կարապետյանն իր նամակում ասել է, թե ինչ նկատի ուներ… Եվ չէ՞ր կարող ազատության մեջ բացատրություն տալ:

– Մենք կարող ենք ինչ-որ բան ենթադրել, թե այդ ինչ խնդիր է, որ քաղաքական գործիչները չեն կարողանում լուծել, ինքն իր ձեւով պետք է լուծեր, ասում է՝ Եկեղեցու դեմ արշավը, բայց ոչ մեկ չի արշավում, սա Եկեղեցու համար պայքար է, որ հեղինակությունը բարձրացվի, այլ ոչ թե որոշ հոգեւորականներ իրենց քմահաճույքները կատարեն, ընդունված կանոնադրությունները խախտեն։

– Նիկոլ Փաշինյանը գուցե ի՞ր հեղինակությունը բարձրացնելու մասին մտածի, ինքն ամենահեղինակազրկվածն է մեր երկրում։

– Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ հեղինակություն ունի եւ 2021 թվականի ընտրություններով դա ապացուցել է, այդ ընտրություններից առաջ էլ էին ասում, որ հեղինակություն չունի, ես կարծում եմ՝ առաջիկայում էլ կապացուցի իր հեղինակությունը։

– Հայաստանում ոչ մի իշխանություն ընտրություններում չի պարտվել, 2021-ից 4 տարի է անցել, Արցախ եք հանձնել, արժե՞ այդքան 21-ի հաղթանակի մասին խոսել հիմա, եթե ձեզ ամենաշատն է դա պակասում։

– Դե, հիմա ինչի մասին էլ խոսենք, պիտի ասեն՝ դրա ժամանա՞կն է։ Այն հոգեւորականները, ովքեր չեն պահպանում կանոնադրությունը, պետք է հեռանան։ Ինչպե՞ս կարող է հոգեւորականը կոչ անի, ասի` դու գեներալ չունե՞ս, Սերժիկ, քեզ վստահելի մարդ չունե՞ս, Ռոբերտ, հեղաշրջում արեք։ Այս խոսքերի հեղինակն Աջապահյանն է։ Կամ` Վեհափառը վարչապետի հրաժարականն է պահանջում, դա իր ի՞նչ գործն է, իրենց առաքելությունն այլ է։

– Եկեղեցին միշտ է ազգապահպան դեր ունեցել, հիմա՝ Արցախ ենք կորցրել, Հայաստանն է վտանգված, ծա՞փ տան։

– Սամվել Կարապետյանն էլ էդ բոլորի հետ միասին փորձեց նենգափոխել, թե մենք Եկեղեցու դեմ պայքար ենք անում, հակառակը` սա եկեղեցու համար պայքար է։

– Ուզում եք ասել, որ հեղաշրջո՞ւմ էին փորձում անել, ի դեպ, քիչ առաջ էլ իշխանական լրատվամիջոցի հրապարակումն է Փաշինյանն իր էջից կախել՝ իբր Կարապետյանը, հոգեւորականները, նախկին երկու նախագահները հեղաշրջման պլան են ունեցել: Մի թուղթ է հրապարակել, հավանաբար՝ ֆոտոշոփ արված, որտեղ իբր քայլերի հաջորդականությունն է նշված։ Հիմա ուզում եմ հարցնել՝ մենք ԱԱԾ չունե՞նք, իրավապահ համակարգ չունե՞նք, եթե հեղաշրջում էր նախապատրաստվում, ինչո՞ւ մինչ Սամվել Կարապետյանի հայտարարությունը դրա մասին չէին բարձրաձայնում։

– Գիտեք, ամեն ինչ՝ իր ժամանակին։

– Թե՞ հենց մեկը ձեր դեմ խոսք է ասում, նենգափոխում եք, ինչ-որ շրջաբերականներ հնարում, հեղաշրջման պլաններ հրապարակում…

– Դա մեր ոճը չէ, մենք հնարքներ չենք օգտագործում, իրականությունն ենք ասում։ Եվ էլի կրկնում եմ՝ հոգեւորականները պետք է լինեն այնպիսի մարդիկ, որ մենք հավատանք իրենց ազնվությանը, հիմա կոնկրետ Վանաձորում կամ ամբողջ Հայաստանում, եկեք տեսեք՝ պատարագներին քանի՞ մարդ է գնում կամ ընդհանրապես չի գնում, դա լա՞վ է։ Դա նրանից է, որ որոշ հոգեւորականներ այլ բաներով են զբաղվում։

– Դուք վերջին անգամ ե՞րբ եք եկեղեցի գնացել, որ տեսել եք՝ քիչ մարդ է եկեղեցի գնում։

– Կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, բայց պարտադիր չէ գնալ, որ իմանաս, ես համոզված եմ դրանում։

– Եկեղեցի չեք գնում, բայց համոզված եք։

– Ես հաճախակի եմ գնում, ես Սուրբ Հովհաննես էլ եմ ոտքով բարձրացել։

– Դուք Փաշինյանի խորհրդականն եք, Ձեզ հետ քննարկե՞լ է այսօրվա գրառումը, որով պատրաստակամություն է հայտնել՝ Վեհափառին եւ խոսնակին ապացուցել, որ ինքը թլպատված չէ։

– Մենք շատ բաներ ենք քննարկում, վարչապետն ինձ հանձնարարություն է տալիս, բայց ես կոռեկտ չեմ համարում մեր քննարկումները հրապարակել։

– Առհասարակ, իր վերջին գրառումների վերաբերյալ խորհուրդներ չե՞ք տալիս, չե՞ք ասում, որ այս բանն արժե գրել, մյուսը՝ ոչ։

– Ոչ, ես չեմ քննարկել այդ գրառումը, բայց նորմալ եմ համարում։

– Ի՞նչն է նորմալ, որ ապացուցի՞…

– Ինչ գրված է, ես ավելացնելու կամ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, ես իր բոլոր գրառումների հետ համաձայն եմ։

– Սամվել Կարապետյանը յոթ տարի աջակցել է ձեր իշխանությանը, ինչո՞ւ պիտի հեղաշրջում աներ։

– Ո՞վ ասաց՝ աջակցել է, 2021 թվականի ընտրություններին մեր դեմ էր, Քոչարյանին էր աջակցում, դրա համար էլ Տաշիրի տարածաշրջանում պարտվել ենք, որտեղ իրենց բնակավայրն է, մենք այնտեղ կարծեմ 55 տոկոս ենք հավաքել, իսկ Սամվել Կարապետյանը եւ իր թիմակիցները Քոչարյանին են աջակցել։

– Իսկ քոչարյանենք ինչքա՞ն են հավաքել։

– Ավելի քիչ։

– Բա ո՞նց է օգնել, Կարապետյանն օգնել է Քոչարյանին, բայց դո՞ւք եք շատ ձայն հավաքել…

– Հա, օգնել է, Սամվել Կարապետյանը մեր ձայների հետ կապ չունի: