26/12/2025

Ալիևի «քաղցրաբլիթից» ավելի քան չորս հարյուր ադրբեջանցի քաղբանտարկյալի անգամ «մի փշուր չի հասնում»

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլլի մեջլիսի հաստատմանն է ներկայացրել «Համաներման մասին» օրենքի նախագիծը:

Ըստ տեղեկությունների, նախատեսվում է պատժի կրումից ազատել շուրջ երեք հազար դատապարտյալի: Եվս վեց հազար բանտարկյալի պատիժը կմեղմվի, շուրջ հազար հոգու նկատմամբ քրեական վարույթը կդադարեցվի:

Իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» համահիմնադիր Արիֆ Յունուսովը, ով տասը տարի առաջ ՄԻԵԴ-ի վճռով Պետական անվտանգության ներքին բանտից ազատ է արձակվել և տիկնոջ հետ Ադրբեջանից արտաքսվել, վերլուծելով «Համաներման մասին» օրենքի նախագիծը, պարզել է, որ Ալիևի «քաղցրաբլիթից» ավելի քան չորս հարյուր ադրբեջանցի քաղբանտարկյալի անգամ «մի փշուր չի հասնում»:

Կալանավորված, ապա շինծու մեղադրանքով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված լրագրողները, հանրային գործիչները, իսլամ հավատացյալները և այլոք մնում են կալանքի տակ: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները «հանրության հանդեպ լկտի ծաղր» են որակել ալիևյան համաներումը:

Նախօրեին բանտում «մահացել է» ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության երիտասարդ անդամ Էլբեյ Քերիմլին:

Պաշտոնապես նա վեցամյա ազատազրկման է ենթարկվել «թմրանյութերի ապօրինի իրացման» մեղադրանքով: 2024թ. մայիսին կայացած «դատավարության» ժամանակ նա հայտարարել է, որ իրեն բերման են ենթարկել Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» մակագրություն անելու համար, իսկ թմրանյութը «մատուցել են ոստիկանները»:

Ալիևի համաներումը համընկել է ևս մի իրադարձության. նույն օրը Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին ֆեյսբուքի անձնական էջում «բաց նամակ» է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Նա հայտնել է, որ Թուրքիայից հինգ տարի ժամկետով արտաքսման որոշում է ստացել և խնդրել, որպեսզի նա միջամտի և «արդարադատությունը վերականգնի»:

Հաջիբեյլին, ըստ մամուլի հրապարակումների, հետապնդվում է «պետական հեղաշրջման փորձով» նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:

Նա, ամենայն հավանականությամբ, Ստամբուլից կարտաքսվի Բաքու և կձերբակալվի, և քաղբանտարկյալների թիվը ևս մեկով կավելանա:

Մեկ օր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հարյուր քսաներեք քաղբանտարկյալի ներում է շնորհել: Բայց դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ գործարքի հիման վրա: