27/12/2025

Բագրատ Սրբազանին փորձում են ինչքան հնարավոր ա ցավացնել

Երեկ հայտնի դարձավ, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանավորված։ Նրա նկատմամբ խափանման միոջոց կալանքը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երկարացրել է 3 ամսով։

Հրապարակ թերթը գրել է․ Փաստաբաններն ապշած են դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից և թեմայի հետ կապված տարբեր դիտարկումներ են արել։

Մասնավորապես, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ասում է․ «Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդյայի բանտարկությունը ևս երեք ամսով։ Խի՞, էլի, խի՞»։

Փաստաբան Արսեն Բաբայանն անտրամաբանական է որակել դատարանի որոշումը, որը պարզապես «պատիժ» է։ «Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարաձգումը չունի որևէ այլ տրամաբանություն, քան կալանքը որպես ՊԱՏԻԺ կիրառելն է։ Լիդյան ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է և կրում Է ՊԱՏԻԺ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի պայմաններում»,- նշում է Բաբայանը։

Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը անհասկանալի է համարում դատարանի վերաբերմունքը գործով անցնող միակ կնոջ նկատմամբ՝ նրան պարտադիր կալանքի տակ պահելու վճռականությունը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի անունը գործի ապացույցներում հիշատակվում է ընդամենը 2-3 անգամ, անհասկանալի է՝ ինչու նրա խափանման միջոց կալանքը չի փոխվում: Մինչդեռ նույն գործով կան այլ մեղադրյալներ, որոնք համարվելով, այսպես ասած, առանցքային դերակատարներ՝ արդեն ազատվել են կալանքից և նրանց խափանման միջոցը փոխվել է»:

«Մեղադրանքի հիմքում Լիդյա Մանթաշյանի նոթատետրի գրառումներն են, որոնք վերաբերել են նախորդ տարվա ցույցերին։ Մի խոսակցություն կա, որտեղ փորձարկում են գունավոր ծուխ, թե քանի վայրկյան տևողության է։ Եվ այդ տխրահռչակ ու ծաղրի արժանացած ժողովրդական անցման պլանն է: Այս երեք «ապացույցն» է, որի հիմքով կալանավորել են։ Թե դա ահաբեկչության կազմակերպման հետ ի՞նչ կապ ունի, չկա որևէ հիմնավորում: Կալանքի տակ պահելը ունի բացառապես պատժիչ նպատակ: Նույնիսկ Բագրատ Սրբազանի դեպքում, որ այս գործով առաջնային դեմք է, նրա տեսակցությունները բաց են, Լիդյայի պարագայում նույնիսկ այդ սահմանափակումներն են պահել: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են Լիդյայի նկատմամբ այսպիսի մոտեցում որդեգրել, տրամաբանություն չեմ գտնում»,- աում է Սողոյանը։

Ինքը՝ Լիդյա Մանթաշյանը վստահ է, որ «գործը կարված է». «Սա պատժի ձև է, գիտեմ՝ ինչի համար են ինձ պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել, ու նեղվում են դրանից։ Այս գործը կարել են»,- դատական նիստի ժամանակ ասել է Լիդյան։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող , «Սրբազան պայքար» շարժմանակտիվիստ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել էր հունիսի 26-ին երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Հիմա, դատարանը որոշեց եւս 3 ամիս երկարացնել կալանքի ժամկետը՝ առանց տեսակցությունների իրավունքի։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հավելում է. «Իրավաբան պետք չէ լինել հասկանալու համար, թե ինչ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Լիդյա Մանթաշյանի նկատմամբ: Ոչ դատախազները ինչ-որ կոնկրետ բան ասացին, թե ինչու են վերջինիս հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերում, ոչ էլ դատարանն ինչ-որ կերպ արձանագրեց: Խիստ կասկածում եմ, որ որոշումը տրամադրելուց հետո էլ որոշման մեջ ինչ-որ բան է գրված լինելու, թե ինչով է Լիդյան տարբերվում, օրինակ, Հրայր Սարկավագից՝ իրավական կարգավիճակից ելնելով, երբ դրանք բացառապես նույնն են, տեքստը լրիվ նույնն է: Որպեսզի որոշումների տարբերությունը կարողանան հիմնավորել, փաստերի վրա պետք է հղում կատարեն: Ինչո՞վ կարող է Լիդյան ավելի  վտանգավոր լինել։

Օրինակ՝ նա ավելի ագրեսիվ է, ավելի հարուստ է, պաշտոնյա է, ունի մեծ շրջապատ, կամ, օրինակ, ավելի շատ է շփվել Բագրատ սրբազանի հետ: Իրականում այս տարբերակներից որևիցե մեկը չի համապատասխանում իրականությանը, Հրայր Սարկավագը սրբազանի հետ ավելի շատ է շփվել, քան Լիդյան: Պրոցեսներին էլ մասնակցել է այնքան, որքան Լիդյան: Բայց առանց պատճառաբանելու մեղմացնում է մեկի խափանման միջոցը։ Ապա պարտավոր է մյուսի խափանման միջոցը ևս վերանայել: Լիդյայի տեսակցությունները փակ են, սա ևս խտրական մոտեցում է, բոլորի պարագայում՝ Սրբազանի դեպքում ևս տեսակցությունները բաց են, սակայն Լիդյա Մանթաշյանի մոտ՝ ոչ: Եթե կենտրոնական ֆիգուրը սրբազանն է, ապա ինչպե՞ս կարող է պատկերն այսպիսին լինել: Բայց խափանման միջոցների փոփոխության մեջ կա որոշակի պրակտիկ մոտեցում, կարծես, ռեսուրսներ են խնայում քրեակատարողական հիմնարկների, ոստիկանների առումով, հնարավոր է նաև դրսից է եղել ճնշում»:

Սակայն որոշ օգտատերեր նաեւ ենթադրում են, որ պատճառը Բագրատ Սրբազանին ցավեցնելն է, որ նա մեղքի զգացում ունենա, որ իր պատճառով կին է նստած, այն էլ այսքան երկար ամիսներ։