27/12/2025

Դիվերսիայի նպատակը մեր ազգային միասնությունը խաթարելն է․ Արտաշես սարկավագ

«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է: 

– Տեւական ժամանակ թամաշա հիշեցնող պատարագներից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին որոշել է Վեհարանը գրոհել, այս անգամ՝ այն տասը եպիսկոպոսների միջոցով, ովքեր շանտաժի արդյունքում անցել են իր կողմը: Տպավորություն է, թե Փաշինյանն այս քայլով նախ ուզում է ստորացնել հենց վերոնշյալ դավաճան եպիսկոպոսներին, ապա նոր միայն վնասել Հայ առաքելական եկեղեցին: Երեկ վարչապետի կամակատարների խմբակը Մայր Աթոռի բակում Վեհափառի հեռացումն էր պահանջում, բայց հավատավոր ժողովուրդն իր խոսքն ասաց: Ըստ Ձեզ` ո՞րն է այս ամենի նպատակը, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս պրոցեսը:

– Մեր երկրում տեղի է ունեցել բռնազավթում` գործող օրենքների շրջանակում, ես այն կանվանեի քաղաքական դիվերսիա, որը հասել է իր նպատակին: Իշխանության ղեկին են հայտնվել մարդիկ, ովքեր Հայաստանի ազգային շահերի հետ ոչ մի աղերս չունեն: Հետեւաբար, դիվերսիայի նպատակը մեր ազգային միասնությունը խաթարելն է: Ինչու, որովհետեւ ներքին պառակտումը սեղմվի` ուժայինները եւ հասարակությունը դուրս գան իրար դեմ, ժողովրդի տարբեր շերտերը թշնամանքով լցվեն իրար նկատմամբ, որպեսզի կարողանան նախ վերջնականապես պառակտել մեր հասարակությունը, ապա քանդել պետականության հիմքերը: Եկեղեցու դեմ պայքարը, բնականաբար, պատահականություն չէ, այն եւս իմ ասածների տրամաբանության մեջ է: Այս քայլով հերթական անգամ հասարակությանը փորձում են երկու մասի բաժանել` Եկեղեցու կողմնակիցների եւ Եկեղեցու դեմ գործողների: Այս պարագայում լավ է, որ Եկեղեցու դեմ գործողները շատ քիչ են, այդ է պատճառը, որ ուժայիններին քաղաքացիական հագուստով տանում են այդ պատարագներին, որպեսզի իրենց սնանկությունն ակնհայտ չդառնա…. բայց դա էլ չի փրկում իրենց: Սրանց հաջորդ քայլը լինելու է բախումների հրահրումը, որպեսզի ունենան լեգիտիմ իրավունք` երկրի ներսում բռնություն կիրառելու հարցում: Այն բոլոր քաղաքացիները, ովքեր համաձայն չեն իշխանության հետ, ամեն գնով ձերբակալելու են, բանտերն են լցնելու եւ հաշվեհարդար են տեսնելու, որպեսզի հասնեն իրենց վերջնական նպատակին` Եկեղեցին ենթարկեցնել Նիկոլին: Բայց նախքան այդ ամենին հասնելը, մեծ ճանապարհ ունեն անցնելու: Պետք է դեռ կարողանան հասարակությանը վերջնականապես պառակտել:

– Ի՞նչ ասել է՝ Եկեղեցին իրենցով անել:

– Նշանակում է, որ Եկեղեցին պետք է իրենց քաղաքական օրակարգով շարժվի՝ մոռանա Արցախը, մոռանա ազգապահպանությունը եւ այլն: Մեր Եկեղեցին ունի երկու հիմնական առաքելություն` ի տարբերություն շատ այլ եկեղեցիների, որոնք ունեն ընդամենը մեկ առաքելություն` հոգիների փրկության, իսկ Հայ առաքելական եկեղեցին ունի երկու հետեւյալ առաքելությունը` հոգիների փրկություն եւ ազգապահպանություն: Մենք վերցրել ենք երկու նպատակ: Ազգապահպանության ծրագիրն այս իշխանություններին խանգարում է, եւ նրանք նպատակ են դրել վերացնել ազգը, որպեսզի ամեն բան ոչնչանա, կործանվի, սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապը վերանա, թուլանանք, որպեսզի Ադրբեջանը կարողանա լիարժեք հաղթանակներ արձանագրել` մեր հայրենիքի ներսում:

– Ըստ Ձեզ` Վեհափառն ինչո՞ւ կարգալույծ չի անում տասը դավաճան հոգեւորականներին: Նրանք այն աստիճան են վերահսկողությունից դուրս եկել, որ արդեն Եկեղեցու դեմ գրոհի գլխավոր դերակատարներն են դարձել:

– Դժվարանում եմ հստակ պատասխանել այս հարցին, բայց կարծում եմ, որ Վեհափառը հայրական սիրով սպասում է նրանց դարձին: Եթե ոչ բոլորի, ապա՝ գոնե մի քանիսի: Սա է պատճառը, որ Վեհափառը ներողամտաբար է վերաբերվում նրանց եւ թույլ է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան դարձի գալ: Նա չի այրում կամուրջները: Թողնում է, որ նրանք այրեն կամուրջները: Լինելով հայր՝ նա իր զավակների համար փրկություն է ուզում: Ես հայ ժողովրդին, մեր Եկեղեցու հետեւորդներին կոչ եմ անում՝ գալ Մայր Աթոռ եւ պաշտպանել Եկեղեցին: Մենք պետք է անզիջում պայքար մղենք, պայքար, որը կլինի բացարձակապես առանց բռնության եւ առանց բռնության կոչերի: Նրանք ցանկանում են մեր մեջ տեսնել բռնարարների, որպեսզի կարողանան օրենքի շրջանակներում մեզ մեկուսացնել: Պետք է երկարատեւ պայքար մղենք եւ հնարավորինս մեծ ջանքեր ներդնենք, կոպիտ ասած` մեր բանուգործը պետք է թողնենք, եթե հարկավոր է, ու կանգնենք Մայր Աթոռի կողքին: Պետք է ցույց տալ, որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, նրա կողքին չկա այլեւս ժողովուրդ: Ժողովրդի մեծ մասը Եկեղեցու կողքին է այլ, ոչ թե հակաեկեղեցական շարժման: Պետք է լինել անզիջում, պետք է պայքարել անդադար, անգամ՝ այն դեպքում, երբ հարձակվում են…. Նորից կուզեմ շեշտել, որ ոչ մի կերպ մարդիկ սադրանքներին չտրվեն: Մենք պետք է դուրս գանք իշխանությանը պատկանող ցանկացած՝ բամբասանք տարածող լրատվականների էջերից: Նրանք ատելություն են տարածում, մենք պետք է ատելության դեմ պայքարենք: