26/12/2025

Էրդողանը Պուտինի հետ նաև Կենտրոնական Ասիան «կիսելու դելիկատ հարցը»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Պուտին-Էրդողան բանակցություններից երկու օր հետո անսպասելի բացահայտում է արել, ըստ որի երկու առաջնորդները «դեմ առ դեմ հանդիպման ընթացքում քննարկել են մի քանի դելիկատ հարցեր»:

Էրդողանի Աշխաբադ ուղևորության նախօրեին թուրքական մամուլը տեղեկություն է տարածել, որ նա Թուրքմենստանին «կառաջարկի Թուրքական պետությունների կազմակերպության լիարժեք անդամության որոշում կայացնել»:

Խաղաղության և համագործակցության կարգախոսով միջազգային խորհրդաժողովի լիագումար նիստի ելույթում Թուրքիայի նախագահը նման ուղերձ կամ ցանկություն չի հնչեցրել:

Բաքվի իշխանական մամուլը գտնում է, որ Թուրքմենստանը «ցուցաբերում է խիստ զգուշավորություն և առայժմ ռեսուրսներ է կուտակում՝ նախապատրաստվելով ապագա «աշխարհաքաղաքական ցատկի»»:

Բաքվի և Աշխաբադի հարաբերությունները, չնայած վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելություններին, շարունակում են մնալ «սառը-սպասողական»:

Փոխարենը Իլհամ Ալիևը բավական վստահելի հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի նախագահ Միրզիևեի հետ: Ադրբեջանը և Ուզբեկստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին քաղաքական հռչակագիր, որ ներառնում է նաև անվտանգության ոլորտը:

Վերջերս Ուզբեկստանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Մահմուդովը և պաշտպանության նախարար Խալմուհամեդովը հյուրընկալվել են Բաքվում:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է պաշտպանության նախարարությունների միջև աշխատանքային կապերի տարեկան ծրագիր, որ կմեկնարկի 2026թ. հունվարից:

Բաքվի իշխանական minval-ը գրում է, որ «զինված ուժերը Թուրքիայի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի, չափանիշներին համապատասխանեցնելու Ադրբեջանի ծրագիրը և այդ գործընթացում կուտակած փորձը պահանջված է նաև Ուզբեկստանում, որ անվտանգային վակուումը լրացնելու խնդիր ունի»:

Կենտրոնական Ասիայի հինգ պետություններից երեքը ՀԱՊԿ անդամ են՝ Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանը մշտական չեզոքություն է հռչակել և վերահաստատել այդ ուղեգծին հավատարմությունը:

Տարածաշրջանում, այսպիսով, Ուզբեկստանը դուրս է մնում Ռուսաստանի հովանու ներքո անվտանգային համակարգից: Բաքվի լրատվամիջոցի ընդգծումը, որ «ադրբեջանակա փորձը Ուզբեկստանում պահանջված է», մի բան է նշանակում՝ Թուրքիան Ադրբեջանի միջոցով ձգտում է Ուզբեկստանում ռազմական ներկայություն հաստատել:

Կարելի է ենթադրել, որ Էրդողանը Պուտինի հետ նաև Կենտրոնական Ասիան «կիսելու դելիկատ հարցն» է քննարկել: