26/12/2025

Իշխող «Քաղպայմանագրում» «վալերիանկայի» մեծ պաշարներ են այս օրերին սպառվում

Իշխող «Քաղպայմանագրում» «վալերիանկայի» մեծ պաշարներ են այս օրերին սպառվում` դեկտեմբերը սթրեսային ամիս է շարքային ՔՊ-ականների համար, քանի որ նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուների գրանցումն է ընթանում։

Հրապարակ թերթը գրել է․ Ասում են՝ բոլորը` առանց բացառության, ասեղների վրա են նստած, քանի որ վստահ չեն, թե իրենց «հարցաքննության» օրը շեֆն ինչ տրամադրություն կունենա, ինչ հոգեվիճակում կլինի: Մեծ հաշվով, դրանից է կախված՝ դիմորդը կկտրվի՞, թե՞ «կհանձնի քննությունը»։

Մեզ ասացին, որ մինչ այս պահը դեռ մեծ թվով մարդ սպասում է իր հերթին, իսկ հարցաքննվածներից մոտ 10 թեկնածուի արդեն մերժել են, որոնցից չորսը` գործող պատգամավորներ:

Արդեն գրել ենք, որ քննությունից կտրվել են գյումրեցի Կարեն Սարուխանյանը, Ջուլիետա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ հանրահայտ Շիշ բռնողը՝ Հայկ Սարգսյանը։ Վերջինը, ի տարբերություն մյուս երեքի, որոշել է բողոքարկել վարչության որոշումը:

Հայկ Սարգսյանը երեկ հայտարարեց. «Բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Ես սա անում եմ նաեւ վարչապետ եւ իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար։ Կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ արտահայտվում, որովհետեւ ես 2006-ից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների եմ մասնակցել 2006-ից, երբ 14 տարեկան էի։ 2014-ից եղել եմ ՔՊ հանրային միավորման անդամ։ Եղել եմ ՔՊ հիմնադիր անդամ»։

Պատգամավորի խոսքով՝ ինքը որոշ պատգամավորների «ցավեցրել» է, այդ պատճառով էլ վարչությունն իր հետ կապված՝ բացասական որոշում է կայացրել։ Մենք գրել ենք, որ իշխանության ղեկավար մարմնի՝ վարչության որոշման հիմքում եղել են Հայկ Սարգսյանի որոշ կապերն ու ամիսներ առաջ արած հայտարարությունները, թե որոշ գործընկերներ պաշտպանում են բուքմեյքերական ընկերությունների շահերը:

Դրանից հետո ՔՊ վարչությունը նրան նկատողություն էր հայտարարել, իսկ հիմա էլ՝ մերժեց նրա թեկնածությունը։ Երեկվա ճեպազրույցում էլ Սարգսյանը գրեթե բացահայտ ասաց, որ իր դեմ կայացված որոշման «քավորն» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին իր ընկերը չի համարում։

Սակայն ստացվում է՝ ՔՊ 20 հոգանոց վարչությունում Ալեն Սիմոնյանը մեծամասնության վրա ազդեցություն ունի եւ ավելի մեծ ազդեցություն, քան Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, այդ նիստին մեկ-երկու ՔՊ-ական բացակայել է։ Ինքը՝ Սարգսյանը, չցանկացավ բացահայտել, թե քանի անդամ է իրեն կողմ եղել, քանիսը` դեմ:

Մեզ ասել են, որ ընդամենը 3 հոգի է կողմ քվեարկել։ Նա պնդեց, որ պայքարելու է մինչեւ վերջ եւ հասնելու է նրան, որ վարչությունը փոխի իր որոշումը։ Ինքը կարծում է, որ կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում։ «Ես ուզում եմ, որ վարչությունն ինձ հնարավորություն տա առաջադրվելու։

Ոչ թե ֆիքսվի իմ տեղը ցուցակում, այլ հնարավորություն ունենամ՝ ներկայացնելու կուսակցության անդամներին, եւ նրանք որոշեն՝ ես կլինեմ անցողիկ տեղո՞ւմ, օրինակ` մինչեւ 50 կամ 70, թե՞ կլինեմ, օրինակ, 350-րդ համարը եւ չեմ լինի ցուցակում։ Ես վստահ եմ, որ եթե համագումարն ընտրի, կլինեմ անցողիկ տեղում՝ առնվազն առաջին 50 համարների մեջ»,- ընդգծեց նա։

Մերժված պատգամավորը հընթացս բացահայտեց նաեւ ներկուսակցական արատավոր մթնոլորտը, այն, որ, այսպես կոչված, քասթինգի հստակ չափորոշիչներ սահմանված չեն, թե ինչու են ոմանց երաշխավորում, ոմանց` ոչ: Սարգսյանը բառացիորեն հայտարարեց, որ չկան սահմանված չափորոշիչներ, հարցրինք՝ այսինքն, սիմպատիաներո՞վ է վարչությունն ընտրում թեկնածուներին, չպատասխանեց։

ՔՊ կանոնադրության 21-րդ հոդվածն ասում է, որ կուսակցականները կարող են բողոքարկել կուսակցական մարմինների ընդունած որոշումը, Վահագն Ալեքսանյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ընթացակարգը, եթե Սարգսյանը բողոքարկում է վարչության որոշումը, ո՞վ է այդ բողոքը քննելու` համաժողո՞վը: ՔՊ-ականն ասաց, որ կուսակցության աշխատակազմը կպատասխանի այդ հարցերին, եթե գրավոր հարցում ուղարկենք։ Մինչդեռ ՔՊ հնաբնակները մասնավոր զրույցներում փաստեցին, որ բողոքարկման դիմումը պետք է քննի որոշումն ընդունած մարմնից ավելի բարձր մարմինը, քանի որ անտրամաբանական կլինի, որ վարչությունը, պատկերավոր ասած, «լիզի իր թքածը», այս դեպքում վարչությունից բարձր մարմինը ՔՊ համաժողովն է, որը, ենթադրվում է՝ պետք է ստեղծի հանձնախումբ, քննեն վարչության որոշումը եւ նոր որոշում կայացնեն։ Նման բան ՔՊ պատմության մեջ երբեւէ չի եղել, որ բողոքարկեն վարչության որոշումները։

ՔՊ սեպտեմբերյան համագումարում վարչության անդամ դարձած Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ որքանո՞վ է հավանական, որ վարչությունը հետողորմյա կանի իր իսկ որոշումը, եւ ո՞վ է քննելու բողոքարկման դիմումը, նույն վարչությո՞ւնը, որը «կտրել է» Շիշ բռնողին։ Պատգամավորն անցավ գլուխը ցավի տակ չդրեց` հիշեցրեց, որ ինքը նորեկ է ու երբեւէ չի մասնակցել վարչության որոշումները բողոքարկելու քննարկումներին: Ավելացրեց նաեւ, որ որոշակի նյուանսներ կան՝ «իրավական, վարույթային», որոնց վերաբերյալ պետք է իրավաբանների հետ քննարկումներ ունենան, միայն դրանից հետո կարող է հստակ խոսել ընթացակարգի մասին: Թե ինչ նյուանսների մասին է խոսքը, Խաչատրյանը չմանրամասնեց․ «Ինչ ընթացակարգով կիրականացվի, գոյություն ունի վերահսկող հանձնաժողով, հավանաբար, այդ հանձնաժողովն այդ գործառույթը կիրականացնի, եւ նախօրոք չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի»։

Հարցրինք՝ ինքը, որպես քննությանը ներկա վարչության անդամ, հիմնավո՞ր է համարում Հայկ Սարգսյանին մերժելու որոշումը։ «Դուք ինձ հարց եք տալիս, որին պատասխանելիս ես ստիպված պետք է լինեմ անդրադառնալ տվյալների, որոնք գաղտնի են` փակ նիստ է եղել, ուստի իմ կարծիքը թող մնա ինձ, ես չեմ կարող կարծիք հայտնել»։ Հայկ Սարգսյանի խոսքերը մեջբերեցինք, որ ինքը «ցավացրել է ոմանց», դրա արդյունքում է դուրս մնացել, հարցրինք՝ եղե՞լ է մեկը, որն ազդել է վարչության անդամների քվեարկության վրա: «Վարչության յուրաքանչյուր անդամ ունի իր համոզմունքը, իր ներքին կարծիքը եւ ըստ այդմ էլ կողմնորոշվում է, կհամարեք սա ներանձնային, թե ոչ, դա Ձեր խնդիրն է, բայց մարդիկ քվեարկում են իրենց կամոք, եւ որեւէ մեկը չի կարող ազդել որեւէ մեկի քվեարկության վրա»։ Ինչպես որ չեն ազդել Ձեր քվեարկության վրա, եւ Հայկ Սարգսյանին կողմ եք քվեարկել։ «Իմ քվեարկության վրա էլ որեւէ մեկը չի ազդել»,- ասաց պատգամավորը` ավելին չմանրամասնելով։