26/12/2025

Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»

Օդային աղետը, որ տեղի ունեցավ Թուրքիայի և Լիբիայի միջև անկեղծ երկխոսության և միմյանց իրավունքների ու շահերի համակարգված պաշտպանության փուլում, ինչպես մեծագուն վշտի, այնպես էլ խոր մտորումների տեղիք է տալիս:

Լիբիան, որի հետ մեզ կապում են պատմական, քաղաքական, տնտեսական և խոր արմատավորված հարաբերությունները, անկասկած նաև Թուրքիայի ցավն է: Այդ կապակցությամբ մենք մեր բարեկամ և եղբայրական երկիր Լիբիային ցավակցություն ենք հայտնում և Աստծոն աղոթում, որպեսզի զոհվածների հանդեպ գթասիրտ լինի:

Անկարայի մոտակայքում լիբիական օդանավի աղետի կապակցությամբ սոցցանցային այս գրառումն է արել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին:

Լիբիական օդանավը կործանվել է Անկարայից Տրիպոլի թռիչքից մի քանի րոպե անց: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարար Երլիքայայի, անձնակազմը հայտնել է «էլեկտրասարքավորումների խափանման մասին և արտակարգ վայրէջք խնդրել, բայց նույն վայրկյաններին կապը նրա հետ խզվել է»:

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում լուրեր են տարածվել, որ «կործանված օդանավի անձնակազմի երեք անդամները Ֆրանսիայի քաղաքացիներ էին»: Այդ առթիվ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Թուրքիայի «պատկան մարմինների հետ կապի մեջ է»: Հ

այտնի է, որ «Falcom 50» մակինիշի օդանավը Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետի կողմից «վարձակալված էր»:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է և ապահովում է խորհրդարանական կայուն մեծամասնություն: Այս առումով լիբիական օդանավի կործանման վերաբերյալ Բահչելիի «խոր մտորումները» կարելի է վերագրել նաև Էրդողանին, այսինքն՝ Թուրքիայի իշխանություններին և անվտանգության մարմիններին:

Բահչելիի գրառման առանցքային միտքը, թերևս, այն է, որ Թուրքիան և Լիբիան իրենց «իրավունքները և շահերը պաշտպանում են համակարգված»:

Խոսքն, ըստ երևույթին, այն մասին է, որ անցյալ տարի Թուրքիան և Լիբիան Միջերկրականի արեւելյան հատվածում ծովային սահմանի մասին առանձին համաձայնագիր են ստորագրել: Միջերկրականի այդ հատվածում տնտեսական և կոմունիկացիոն շահեր ունեն Իսրայելը, Եգիպտոսը և Կիպրոսը, որին լիովին աջակցում է Հունաստանը:

Խիստ ուշագրավ է, որ Լիբիայի ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակությունը Թուրքիայի պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի բանակցությունների է գործուղվել Երուսաղեմում Իսրայելի և Հունաստանի վարչապետների ու Կիպրոսի նախագահի բանակցությունների տառացիորեն հաջորդ օրը:

Եռակողմ այդ հանդիպման գլխավոր ուղերձը հնչեցրել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն. «Նրանք, որ ծրագրում են կասյրություն վերականգնել, կմնան ձեռնունայն, մենք դա թույլ չենք տա»:

Լիբիան մոտ երեք ու կես դար գտնվել է Օսմանյան կայսրության ուղղակի կամ պրոտեկտորատային ենթակայության տակ:

Այդ նկատի ունի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին, երբ ասում է, որ Թուրքիան և Լիբիան կապված են «պատմությամբ»:

Միջերկրականի արեւելյան հատվածում լարվածությունը հետևողականորեն աճում է: Ադրբեջանի իշխանամերձ մամուլը Լիբիան անվանել է «եռացող կաթսա»: Թուրքիան ակնհայտորեն կասկածում է, որ լիբիական ինքնաթիռը «հարձակման է ենթարկվել»:

Տարածաշրջանում տեխնոլոգիապես առաջատար է Իսրայելը, որի արտաքին հետախուզությունը հայտնի է իր «երկար ձեռքերով»: