26/12/2025

Ճապոնիայի հետ Կենտրոնական Ասիայի «դաշինքը», ինչը հակասում է Ռուսաստանի շահերին

Տոկիոում կայացել է «Կենտրոնական Ասիա-Ճապոնիա» առաջին գագաթնաժողովը: Այն ծրագրված էր անցկացնել դեռևս ապրիլին, բայց Ճապոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով հետաձգվել է:

Գագաթնաժողովն անցել է Ճապոնիայի վարչապետի և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների առաջնորդների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքներով ընդունվել է համագործակցության մասին «Տոկիոյի հռչակագիր»:

Ինչպես ղազախստանյան tengrinews կիսապաշտոնական կայքն է հաղորդում, կողմերը հատկանշել են համագործակցության երեք հիմնական ուղղություն՝ տրանսպորտային միջանցքների զարգացում, ապակարբոնացում (պայքար «ջերմոցային գազի» արտանետումների դեմ և կլիմայական անվտանգության ապահովում), կրթական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացում:

Ճապոնիան աջակցություն է հայտնել «Միջին միջանցքի» նախագծին և արհեստական բանակության կիրառման ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրներին օժանդակելու պատրաստակամություն հայտնել:

Ճապոնիայի վարչապետ Տակաիտին կարևորել է ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով միջազգային իրավիճակի փոխակերպման պայմաններում տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդումը:

Ճապոնիա-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը տեղի է ունեցել տարածաշրջան մի քանի ամսվա կտրվածքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեք այցից հետո, որոնց ընթացքում նա մշտապես պնդել է «միասնական և անբաժանելի անվտանգային միջավայրի անհրաժեշտությունը», իսկ ՀԱՊԿ-ի Դուշանբեի գագաթաժողովում գործընկերներին առաջարկել է ձևավորել ռազմաարդյունաբերական ընդհանուր համալիր:

Ուշագրավ է, որ մինչ այդ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն Չինաստանի արտաքին գործերի նախարար Ինի հետ հանդիպմանը խոսել է Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանում «միլիտարիստական հիդրայի գլուխների» մասին և վստահեցրել, որ Ռուսաստանը և Չինաստանը «դրանք հատելու փորձ ունեն»:

Կենտրոնական Ասիան Չինաստանի հետ համագործակցության բավական մեծ փորձ ունի: Եվ եթե դա չի խանգարել, որ տարածաշրջանը և Ճապոնիան հռչակեն համանման գործընկերություն, պետք է ենթադրել, որ Պեկինը Տոկիոյին «միլիտարիստական հիդրա» չի ճանաչում:

Ճապոնիայի հետ Կենտրոնական Ասիայի «դաշինքն», ըստ էության, տարածաշրջանի անվտանգության բաղկացուցիչ է, ինչը միանշանակորեն հակասում է Ռուսաստանի շահերին:

Ուշագրավ է, որ Ճապոնիան կարեւորել է «Միջին միջանցքը», որի մի «թևը» նախատեսվում է անցկացնել Հայաստանի հարավում: Այս առումով Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը շատ կարևոր է: Պետք է ենթադրել, որ մոտ ապագայում Ճապոնիան նկատառումները կներկայացնի նաև Հայաստանին:

Ճապոնիան G7-ի անդամ, զարգացած տնտեսություն և, մանավանդ, տեխնոլոգիաներ ունի: «Թրամփի ուղուն» ճապոնական ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության և համագործակցության երաշխիք կլինի:

Միաժամանակ, սակայն, Կենտրոնական Ասիա-Ճապոնիա գագաթնաժողովի արդյունքներն ու նախանշված հեռանկարներն, անկասկած, արժանանալու են Ռուսաստանի բացահայտ և «փափուկ ուժի» հակազդեցությանը: