26/12/2025

Պետությունը փորձում է Մանկական կենտրոնը խլել եկեղեցուց

2025 թ․ մայիսի 16-ին Իջեւանի համայնքապետարանը դատախազությունից գրություն է ստացել, որով համայնքի ավագանուն առաջարկել են համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝  Սեւքար համայնքի երաժշտական դպրոցի 355․5 քմ մակերեսով շենքը համայնքին վերադարձնելու պահանջով։

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանի գրության մեջ նշված է․ «Պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու եւ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Սեւքար համայնքի ավագանին 2004թ․ օգոստոսի 4-ի թիվ 16 որոշմամբ Սեւքար համայնքի երաժշտական դպրոցն անհատույց տրամադրել է Հայ առաքելական եկեղեցուն՝ իր կանոնակարգին համաձայն գործելու եւ հետագայում չօտարվելու պայմանով։ Ավագանու հիշյալ որոշումը հիմք ընդունելով՝ Սեւքար համայնքի ղեկավարը 2004թ․ օգոստոսի 5-ի թիվ 7 որոշմամբ երաժշտական դպրոցն անհատույց տրամադրել է, այնուհետեւ ավագանու նույն որոշման հիման վրա 2004թ․ հոկտեմբերի 12-ի թիվ 8 որոշմամբ այն անհատույց սեփականության իրավունքով հանձնել է Հայ առաքելական եկեղեցուն՝ պայմանով, որ երաժշտական դպրոցը գործի իր կանոնակարգին համաձայն եւ հետագայում չօտարվի։

2004թ․ հոկտեմբերի 14-ին, հիմք ընդունելով Սեւքար համայնքի ղեկավարի 12․10․2004 թ․ թիվ 8 որոշումը, Սեւքար համայնքի եւ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի միջեւ կնքվել է անշարժ գույքի նվիրատվության թիվ 1781 պայմանագիրը, որի հիման վրա համայնքը Հայ առաքելական եկեղեցուն է փոխանցել Սեւքարի երաժշտական դպրոցի 355,5 քմ շենքի նկատմամբ սեփականության իրավունքը, որի հիման վրա 2006թ․ մայիսի 30-ին ՀՀ կադաստրի կոմիտեում կատարվել է Հայ առաքելական եկեղեցու սեփականության իրավունքի գրանցում։ Երաժշտական դպրոցի տրամադրումից ի վեր շենքը նպատակային նշանակությամբ չի շահագործվել, ավելին՝ շինության վիճակը վատթարացել է, իսկ գյուղի երեխաները տարիներ շարունակ զրկվել են երաժշտական կրթություն ստանալու հնարավորությունից»։

Այնուհետեւ Հ․ Աղասարյանը  մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածից․ «Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում»։  Տավուշի դատախազի տեղակալն Իջեւան համայնքի ավագանուն առաջարկել է մեկամսյա ժամկետում պետության (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել իրավասու դատարան եւ այդ  մասին նույն օրը հայտնել իրենց, իսկ հայց չհարուցելու պարագայում նույն ժամկետում տեղեկացնել Տավուշի դատախազությանը, որից հետո իրենք ձեռնամուխ կլինեն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի  29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով հայց հարուցել եւ նշված տարածքը հետ ստանալ։

Իջեւանի ավագանին  մայիսի 30-ի  նիստում որոշել է համայնքային շահերի պաշտպանության հայցով հանդես չգալ եւ դիմել է դատախազություն՝ խնդրելով գործընթացը կազմակերպել «Դատախազության մասին»  ՀՀ օրենքի շրջանակներում։ Այդ հարցով կայացել է քվեարկություն, որի ժամանակ ավագանու 11 անդամ կողմ են քվեարկել, 3 անդամ՝ ձեռնպահ։ Ձեռնպահ քվեարկել են ավագանու ՀՅԴ խմբակցության անդամները։

Տավուշի թեմի առաջնորդարանից տեղեկացա, որ հոկտեմբերի 5-ին Սեւքար գյուղում, նախկին երաժշտական դպրոցի շենքում՝ շենքի վերանորոգումից եւ համապատասխան գույք ձեռք բերելուց հետո բացվել է  երեխաների  «Ավետիս» սոցիալ-կրթական, ցերեկային կենտրոն, որտեղ Սեւքարի ու հարակից գյուղերի երեխաներն անվճար սովորում են նկարչություն, գորգագործություն, կարպետագործություն, կարուձեւ, քանոն նվագել,  գործում է մեծ մարզադահլիճ։ Կենտրոնի բացումից հետո  շուրջ  80 երեխա հաճախում  է եւ լրացուցիչ կրթություն ստանում։

Եկեղեցու դեմ պայքարը կուրացրել է այս իշխանություններին, եւ արդեն հասել են կրթական հաստատությունները Եկեղեցու ձեռքից խլելուն։ Իսկ դատախազությունը, փաստորեն, ակտիվորեն մասնակցում է այդ պայքարին եւ իր բուն գործառույթը մոռացած՝ Եկեղեցու դեմ է քայլեր ձեռնարկում։