26/12/2025

Պետք է պաշտոնանկ արվեն այդ տասը եպիսկոպոսները եւ եթե զղջան՝ Պետրոսի պես, նոր միայն կարող են հոգեւորական մնալ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ առաջարկելով դադարեցնել  Բագրատ եւ Միքայել եպիսկոպոսների ձեւակերպմամբ՝ «տիրադավ» եպիսկոպոսների պաշտոնավարումը, զրկել թեմական առաջնորդությունից։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-12-ին նշանակված էր Եպիսկոպոսաց ժողով, որի օրակարգը թեպետ գաղտնազերծված չէր, սակայն կային տեղեկություններ, որ հնարավոր է այստեղ կարգալույծ հռչակվեն իշխանության կողմն անցած «հերձվածողները»։

Սակայն վերջին օրերի իրադարձություններից, Արշակ սրբազանի ձերբակալությունից հետո Մայր Աթոռը հայտարարեց ժողովը ժամանակավորապես հետաձգելու մասին․ «Հասկացանք՝ կարգալույծ անելը հանձնաժողով է պահանջում, երկար պրոցես է, բայց Վեհափառը ինչքան կարող է սպասել, ինչու պաշտոնանկ չի անում, պաշտոնանկ արեք, մի թուղթ ու գրիչ է հարկավոր, դա կաթողիկոսի լիազորությունն է»։

Մարուքյանը նշեց, որ իր կոչը Միքայել եւ Բագրատ սրբազանների հայտարարությունների հիման վրա է արել ինքը, որ պետք է պաշտոնանկ արվեն այդ տասը եպիսկոպոսները եւ եթե զղջան՝ Պետրոսի պես, նոր միայն կարող են հոգեւորական մնալ։

«Ես չեմ մտնում կարգապահական հանձնաժողով ստեղծելու դավանաբանական հարցերի մեջ, բայց ես կարծում եմ՝ գոնե պաշտոնանկ պիտի արվեն։ Կա թեմի առաջնորդ, որ պնդում է, թե վեհափառը օտարերկրյա ագենտ է, հիմա ոնց կարո՞ղ է այդ հոգեւորականը մնալ առաջնորդ կամ ոչ կանոնական պատարագ կազմակերպել։ Վեհափառը կարող է պաշտոնանկ անել, բայց չի անում, սա Միքայել եւ Բագրատ սրբազանների պահանջն էր, որին աջակցում է նաեւ Մկրտիչ սրբազանը»։