Մինչ կրեմլյան քարոզչությունը խոսում է «մեծ բարեկամության» մասին, չինական ԶԼՄ-երը հանգիստ քննարկում են, թե ինչպես կարելի է տիրանալ Ռուսաստանի տարածքի մեկ երրորդին:
Այդ մասին գրում է ֆեյսբուքյան «Հանուն մեր և ձեր կյանքի» ռուսալեզու խումբը, որ գրանցված է Կանադայում և Միացյալ Նահանգներում:
Նման եզրակացության հիմք է ծառայել Չինաստանի NetEase մեդիահարթակի հրապարակումը, որ այս խորագիրն ունի: «Եթե Ռուսաստանը փլուզվի, չի կարելի յոթ միլիոն քառակուսի կիլոմետր տարածքը կորցնել»:
Ֆեյսբուքյան ռուսալեզու խմբի կարծիքով, չինական մամուլը նկատի ունի ՌԴ Հեռավոր Արևելքը և համոզված է, որ հոդվածը «վերլուծություն չի, ուղղակի հրահանգ է»: Ըստ ՖԲ խմբի, չինաստանցի հեղինակը գրել է, որ «Ռուսաստանի համար Հեռավոր Արևելքը «հավի կողոսկր է», Չինաստանի համար՝ գանձ»:
Չինական լրատվամիջոցը հրապարակայնացրել է, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանն «այսօր Հեռավոր Արևելքում ընդամենը հիսուն հազար զինվորական ունի»:
Բայց չինական պարբերականը կարծում է, որ Հեռավոր Արևելքում «կլինի այնպես, ինչպես եղել է Ղրիմում, հարկ է պաշտպանել չինաստանամետ ուժերին և նրանց կաշկանդել գրավիչ վարկերով»:
Հեռավոր Արևելքում Չինաստանի ազդեցության հաստատման գլխավոր հնարավորություն դիտարկված է տնտեսական գործոնը: «Ռուսաստանի տարեկան համախառն ՀՆԱ-ն չինական մի նահանգի ՀՆԱ-ի չափ չկա»,-գրել է չինաստանցի հեղինակը և ուղղակի հարցադրում արել: «Ո՞ւմ է պատկանում այդ հողը»:
Պաատսխանը միանշանակ է: «Անվանումը կապ չունի, կենսական սնուցման բոլոր երակները մեր ձեռքում են»,- ընդհանրացրել է չինական լրատվամիջոցը և ամփոփել, որ Հեռավոր Արևելքը «Չինաստանին բռնակցելու անհրաժեշտություն չկա, կլինի անվանապես անկախ, բայց փաստացի Չինաստանին ենթակա պետություն»:
Մի հրապարակումն, ինչ խոսք, բավարար չէ, որպեսզի հստակ եզրակացություն արվի, որ Չինաստանը «սրտատրոփ սպասում է Ռուսաստանի փլուզմանը, որպեսզի յոթ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք յուրացնի», բայց անցնող շաբաթվա ընթացքում ռուսաստանյան մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Ռուսաստանի բնակչության «անհամաչափ տեղաբաշխվածության» խնդրին, սոցիալական ցանցերում տեղադրվել են ժողովրդագրական քարտեզներ:
Պատկերն, իրոք, չափազանց անմխիթար է. Ռուսաստանի 143 միլիոն բնակիչներից միայն 23 միլիոնն է ապրում անդրուրալյան տարածքներում , որ ձգվում են մինչև Խաղաղ օվկիանոս: Այդքան բնակչություն արդեն միայն Ղազախստանն ունի, որի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը չափվում է հազարավոր կիլոմետրերով:
Չինաստանի մասին խոսելն, իրոք, ավելորդ է: Ռուսաստանյան մի քանի աղբյուր տագնապ է հնչեցրել, որ Պետական դուման արտոնել է Մերձբայկալյան անտառները զանգվածաբար հատելու և փայտանյութը Չինաստանին վաճառելու կառավարության ներկայացրած ծրագիրը:
Մի իրավիճակում, երբ միջազգային հեղինակավոր վերլուծաբանական կենտրոններն արձանագրում են, ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը «վերածվում է Չինաստանի հումքային կցորդի», միանգամայն տրամաբանական է, որ չինաստանյան փորձագիտական շրջանակները կանխատեսեն յոթ միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա անվանապես անկախ, բայց փաստացի Չինաստանի ենթակայության ներքո նոր պետության կազմավորումը:
Մանավանդ որ եթե Ուկրաինայի հարցում Պուտինը սպառնում է «միջուկային մահակով», ապա Չինաստանի պարագայում չի կարող: ՉԺՀ-ն ԽՍՀՄ ժամանակներից միջուկային տերություն է:






Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»