26/12/2025

Սարսափելի թվեր․ Քանի զոհ է տվել Ռուսաստանը 2022 թ․-ից առ այսօր

2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունից ի վեր ռուսական բանակի հաստատված զոհերի թիվը հասել է 152,142-ի։

Այսպիսի վիճակագրություն է ներկայացնում BBC-ն՝  տեղեկատվական բաց աղբյուրների տվյալների ամփոփագրմամբ:

Ամենամեծ մահացությունները գրանցվել են Բաշկորտոստանում (7,643), Թաթարստանում (6,599) և Սվերդլովսկի մարզում (5,386):

Համեմատության համար, ըստ BBC-ի, Մոսկվայից զոհվել է 4,520 զինծառայող, մայրաքաղաք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 13 միլիոն, ևս 372-ը՝ Չեչնիայից: Վիճակագրությունը ներառում է միայն Ռուսաստանի քաղաքացիներին:

Ռուսաստանի վերահսկողության ներքո անցած ԴԺՀ  և ԼԺՀ բնակիչների շրջանում զոհվածները չեն ներառվել։

Մահացածների ճնշող մեծամասնությունը՝ 67%-ը, գյուղերից, քաղաքներից և փոքր քաղաքներից են, որոնց բնակչությունը 100,000-ից պակաս է, չնայած 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչության կեսից պակասն է ապրում այդ տարածքներում:

Հունիսի կեսերին բրիտանական հետախուզությունը Ռուսաստանի ընդհանուր կորուստները (սպանվածներ և վիրավորներ) գնահատել է մոտավորապես մեկ միլիոն, որոնցից մինչև 250,000-ը կարող էին զոհվել:

Լոնդոնը անդառնալի կորուստները (սպանվածներ, անհետ կորածներ և ծանր վիրավորներ, որոնք չեն կարողացել վերադառնալ ծառայության) գնահատել է 400,000-ից մինչև 500,000:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս ժամանակին խոսել է 2025 թվականին կորուստների կտրուկ աճի մասին. նրա խոսքով՝ Ռուսաստանը տարվա առաջին վեց ամիսներին կորցրել է մոտավորապես 100,000 զոհ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին պարզաբանել է, որ իր տվյալներով՝ Ռուսաստանը 2025 թվականի սկզբից ի վեր կորցրել է ավելի քան 112,000 զոհ, մինչդեռ Ուկրաինան՝ մոտավորապես 8,000: