Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ բրիտանական իշխանությունները ձգտում են առգրավել ՌԴ Կենտրոնական բանկի եվրոպական ակտիվները՝ հուսալով, որ այդ դեպքում Միացյալ Նահանգները կկորցնի Ռուսաստանի հետ բանակցություններում հետաքրքրությունը:
«Ուկրաինային պատերազմը շարունակելու ֆինանսական միջոցներ մատակարարելուց զատ Լոնդոնը հետապնդում է ևս մի կարևոր նպատակ: Բրիտանացիները հույս ունեն, որ եթե այդ փողերը Վաշինգտոնի բաժին չդառնան, ապա Սպիտակ տունը կկորցնի Մոսկվայի հետ «վնասաբեր գործարք» իրականացնելու հետաքրքրությունը»,- ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունից մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին Ռուսաստանի վերաբերյալ չափազանց կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ տնօրեն Մետրեևլին: Նա Մոսկվային մեղադրել է «քաոս արտահանելու» մեջ և վերահաստատել, որ Լոնդոնը «շարունակում է ամուր կանգնած մնալ Ուկրաինայի կողքին»:
ՌԴ ԱՀԾ մամուլի հաղորդագրությունը կարելի է համարել Մետրևելիի քննադատության պատասխան, բայց աչքի է զարնում Նարիշկինի հիմնարկի ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմը:
Խոսելով Եվրամիության տարածքում ՌԴ ԿԲ ակտիվները Միացյալ Նահանգներին «բաժին չընկնելու» համար Մեծ Բրիտանիայի ջանքերի մասին, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը փաստորեն բացահայտում է, որ Ուկրաինայի հարցում Սպիտակ տան դիրքորոշումը ոչ միայն իրավական, այլև անգամ քաղաքական հիմնավորում չունի, Վաշինգտոնը միայն շահագրգռված է ավելի քան երկու հարյուր միլիարդ եվրոյի հասնող ռուսաստանյան միջոցների տնօրինությամբ:
Այս «խոստովանությունն», ընդսմին, արվել է մի փուլում, երբ քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասը հույս ունի, որ ուկրաինական կարգավորման բոլոր կողմերը «կարող են մոտ ապագայում համաձայնության հասնել»:
Այս ֆոնին ՌԴ ԱՀԾ-ն Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային երկրորդ ոչ պակաս էական բացահայտում է արել՝ պնդելով, որ այդ երկրները ԱՄՆ նախագահին «Չինաստանի հետ ռազմավարական մերձեցման հեռանկարով շանտաժի են ենթարկում»:
Այս ձևակերպման ենթատեքստից կարելի է հասկանալ, որ Ուկրաինայի հարցում Չինաստանն ամենևին էլ Ռուսաստանի համախոհը չէ, ինչպես սովորաբար ներկայացնում է Կրեմլի քարոզչությունը:
Արդյոք ԱՀԾ տնօրեն Նարիշկինը «դո՞ւրս է եկել» Վլադիմիր Պուտինի վերահսկողությունից և զբաղվում է ինքնագործունեությամբ, թե՞ կատարում է նրա հանձնարարությունը, այն է՝ ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի պատասխանատու փուլում «խառնել խաղաքարտերը» և պատերազմը շարունակել մինչև «հաղթական ավարտ»:
Նարիշկինի հիմնարկի հայտարարությունը կարևոր է Եվրամիություն-Չինաստան ռազմավարական մերձեցումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերին հակադրելու առումով:
Թերևս արժե այս համատեքստում գնահատել «Թրամփի երթուղու» մասին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի կոշտ հայտարարությունը, որ հաջորդել է Աշխաբադում Պուտին – Փեզեշքիան հանդիպմանը:
Դիտարժան է, որ անցյալ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Ռուսաստանին և Իրանին կասկածել է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության գործընթացին «խոչընդոտելու մտադրության» մեջ:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի