Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լեւոն 14-րդ Սրբազան Քահանայապետի ծննդյան տոնն է։ Նա դարձավ 70 տարեկան։ Լեւոն 14-րդ Հռոմի Պապը՝ աշխարհիկ անունով՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոսթը, ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Իլինոյսի նահանգի Չիկագո քաղաքում։
Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին Պապն է, ով Միացյալ Նահանգներից է ծնունդով։ Լեւոն 14-րդը Հռոմի Պապ է ընտրվել այս տարվա մայիսի 8-ին։ Սրբազան Քահանայապետի ընտանիքի անդամները եղել են հավատացյալ կաթոլիկներ։ Ունեցել է իսպանական կամ կրեոլյան արմատներ։ Մանուկ հասակից ծառայել է Չիկագոյի մոտակայքում գտնվող Ռիվերդեյլի եկեղեցում։
Ուսանել է Փենսիլվանիայի հնագույն կաթոլիկ համալսարանում՝ Վիլլանովայում։ Ազատ ժամանակ ճշգրիտ գիտություններ է դասավանդել Ս․ Ռիթա Քաշիյցու կաթոլիկ միջնակարգ դրպոցում։ Նրա հայրը՝ Լուի Պրեւոսթը եղել է կրթության ոլորտի վարչական աշխատող եւ ղեկավարել մի քանի պետական դպրոցներ։ 1977 թվականին Ռոբերտ Պրեւոսթը միացել է Ս․ Օգոստինոսի միաբանությանը եւ դարձել փոքրավոր Միսուրի նահանգի Սենթ Լուիսի վանքում։
Օգոստինյան միաբանությունը համարվում է աղքատության ուխտը խստորեն պահող միաբանություն եւ գոյատեւում է միայն հավատացյալների հանգանակությունները։ Օգոստինյան վանականները համեստ են կենցաղավարության մեջ, ծառայում են սոցիալական հաստատություններում կամ էլ քարոզչությամբ են զբաղվում։
Այս միաբանության անդամների մեծ մասն ունեն պահպանողական հայացքներ։ Լեւոն 14-րդն էլ բացառություն չի հանդիսանում։ Քահանա է ձեռնադրվել 1982 թվականի հունիսի 19-ին։ Միաբանական ղեկավարության կողմից ուղարկվել է Հռոմ՝ Ս․ Թովմաս Աքվինացու Պապական համալսարանում եկեղեցական իրավագիտություն ուսումնասիրելու։ 1984 թվականին դարձել է եկեղեցական իրավագիտության լիցենցիատ, 87 թվականին՝ եկեղեցական իրավագիտության դոկտոր։
Հետաքրքրություն է ունեցել նաեւ սպորտի, մասնավորապես՝ թենիսի եւ «Չիկագո Վայթ Սոքս» բեյսբոլի թիմի հանդեպ։ Որպես օգոստինյան վանական՝ նա եւս իրականացրել է քարոզչական առաքելություն։
Ավելի քան 10 տարի անցկացրել է Պերուում, որտեղ դասավանդել է վանականներին, հասել մինչեւ համայնքի ժողովրդապետի պաշտոնի՝ 1988-92 թթ, ապա կատարել դատական հարցերով փոխանորդի պարտականություններ 1989-98 թթ Չուլուկանասում եւ Տրուխիլյոյում։ Այդ տարիներին օգնել է վենեսուելացի միգրանտներին։
Հետաքրքրված է եղել Լատինական Ամերիկայում այդ տարիներին մեծ ճանաչում ունեցող «Ազատագրման աստվածաբանությամբ», որը համարվում է եկեղեցական յուրատեսակ սոցիալիստական ուսմունք։ 1999-2014 թթ Պրեւոսթը եկեղեցական իր ծառայությունը շարունակել է Միացյալ Նահանգներում, դարձել Օգոստինյան միաբանության Չիկագոյի համայնքի գլխավոր վանահայրը, հատկապես մասնակել վանքի թվայնացմանը։ Պեւոսթը հայտնի է իր չափազանց աշխատասեր բնավորությամբ։
Նույնիսկ գիշերվա ժամը երեքին նրան կարելի էր հաղորդագրություն ուղարկել WhatsApp-ով եւ նա կարձագանքեր։ Լեւոն 14-րդը տիրապետում է իսպաներեն, հարավ-ամերիկյան կեչուա լեզուներին, ունի նաեւ Պերուի քաղաքացիություն։ 2014 թվականին նշանակվել է Պերուի Չիկլայոյի թեմի առաքելական կառավարիչ, այսինքն՝ եպիսկոպոսական պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար։
Եպիսկոպոս է ձեռնադրվել 2015 թվականի սեպտեմբերի 26-ին։ Որպես եպիսկոպոս օգնել է սրտկավաճառության եւ մարմնավաճառության զոհերի վերականգնմանը։ Երբեք չի եղել կաբինետային եպիսկոպոս եւ միշտ աշխատել է մարդկանց հետ։ 2019 թվականին սկսել է աշխատել Հռոմեական Կուրիայում՝ Վատիկանի գլխավոր վարչական մարմնում։
Նախ աշխատել է եկեղեցական կադրային քաղաքականությունն իրականացնող Եկեղեցականների կոնգրեգացիայում, ապա՝ Եպիսկոպոսների կոնգրեգացիան է ղեկավարել։ Կարդինալ է դարձել 2023 թվականին։ Իբրեւ կարդինալ՝ նա զբաղվել է նաեւ Արեւելյան եկեղեցիների հետ հարաբերություններով, կրթական եւ մշակութային հարցերով, եկեղեցական իրավական հարցերի մեկնաբանմամբ։
2025 թվականի մայիսի 8-ին, Ֆրանցիսկոս Պապի մահվանից հետո գումարված Կարդինալների Կոնկլավը, մասնակցությամբ 133 կարդինալների, չորրորդ քվեարկությամբ նրան ընտրել է Հռոմի 267-րդ Պապ։ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոսթը ընտրել է իր գահակալական Լեւոն 14-րդ անունը, ինչը կարող է ակնարկ լինել, քանի որ Լեւոն 13-րդը հայտնի է եղել որպես սոցիալական արդարության եւ հանրային համերաշխության ջատագով։






Բաց մի թողեք
«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. Լուսանկարներ
Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»