26/12/2025

Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով

Մի ուշագրավ պատմություն պատմեմ ձեզ: Երևի հիշում եք, որ Եկեղեցու դեմ արշավը Նիկոլ Փաշինյանը սկսեց մայիսի վերջին: Այդ շրջանում օրական մի քանի ստատուս էր գրում հոգևորականների դեմ` Վեհափառին ու սրբազաններին հարցեր էր տալիս (արդյո՞ք կուսակրոն եք, կին ու զավակներ ունե՞ք, թե ոչ), հեգնում ու վիրավորում էր նրանց (սրբապիղծ, քեռակնոջդ գնա դոմփի) և այլն, կինն էլ սրբազաններին մանկապիղծ էր անվանում, իսկ իրենց քննադատողներին` ոջիլ:

Հրապարակ թերթը գրել է․ Այդ ժամանակ դեռ արտառոց էին նման գրառումները և մեզ մոտ մի հումորային պամֆլետ հրապարակեցինք, հրապարակախոսական տեքստ` նմանատիպ հարցադրումները վերադարձնելով իրեն («Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը» վերնագրով):

Հեղինակը փորձել էր իր իսկ ոճով հեգնել ու ցույց տալ, որ նման հարցեր կարելի է տալ բոլորին, բայց դա արել էր շատ ավելի կոռեկտ ու կուլտուրական, քան անում էր ինքը:

Նույն օրը ևեթ Փաշինյանը վրդովմունք հայտնեց, որ մենք «կասկածել ենք իր ամուսնական հավատարմությանը» և հայտարարեց, որ դիմելու է դատարան` «Հրապարակի» դեմ: Կարելի էր կարծել, որ դա հումոր է` երկրի ղեկին գտնվող անձը նման էժան քայլի չի դիմի, բայց դա Փաշինյանի մասին չէ…

Ստացանք հայցը, պարզվեց հռետորական հարցադրումները մարդը որպես տեղեկատվություն է ընկալել (համարյա այնպիսի տեղեկատվություն, ինչպիսին տարիներ առաջ իր տպագրածներն էին, օրինակ, որ Գեղամյանի կնոջ ներքնազգեստից մաքսատանը ոսկեղեն են հանել…) և պահանջում էր մեզնից հերքում ու 1 միլիոն դրամ` բարոյական վնասի փոխհատուցում (եթե բոլոր նրանք, ում ինքը զրպարտել ու վիրավորել է այս տարիներին մեկական միլիոն պահանջեին Հայաստանի բյուջեն հաստատ չէր հերիքի):

Հայցին պատշաճ պատասխանեցինք և սպասում էինք դատը սկսվի, որ այս ամբողջ զավեշտը ներկայացնեինք դատարանին ու հանրությանը…

Բայց պարզվեց` դատարանից էլեկտրոնային համակարգով մեզ ծանուցել են նիստի մասին, ցավոք, չենք տեսել այդ ծանուցումը (միշտ փոստով ենք ստացել ծանուցումները) և չենք ներկայացել առաջին նիստին:

Եթե հայցվորը վարչապետը չլիներ, 99%-ով վստահ եմ, որ նիստը` պատասխանողի բացակայության պատճառով կհետաձգվեր: Բայց վարչապետի ահն այնքան մեծ է, որ 2021-ին նշանակված երիտասարդ դատավոր Նելլի Հարությունյանը ոչ միայն նիստն առանց պատասխանողի արել է, այլև միանգամից ապացույցների բաշխում է իրականացրել:

Որպեսզի պատկերացնեք. մենք տասնյակ հայցեր ենք ունեցել և ապացույցների բաշխումը, որպես կանոն, 10-15 նիստ հետո է արվում, ոչ երբեք հենց առաջին նիստին: Օրինակ, երեկ ծանուցում ենք ստացել, որ 2022-ին սկսված մեկ այլ գործով հաջորդ նիստը կկայանա 26 թվի մայիսին: Բայց Նիկոլ Փաշինյանը շտապում է «հաղթել» «Հրապարակին», դատավորն էլ շտապում է նրա կամքը կատարել:

Ի դեպ, օրերս ձեզ հայտնի «Սիվիկը» դատարանում հաղթել է Բագրատ սրբազանին` դատարանը գտել է, որ «կագեբեի գործակալ» արտահայտությունը զրպարտություն չէ, անգամ վիրավորանք չէ, այլ «վերացական արտահայտություն է» և մերժել է սրբազանի հայցը:

Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով, ինչպես է հարցական նշանով հռետորական հարցադրումները, պամֆլետի ոճով գրված տեքստը զրպարտություն համարելու, որ բավարարի իր պաշտոնը չարաշահող վարչապետի պահանջը:

ՀԳ. Դատական գլխավոր նիստը կկայանա նոյեմբերի 20-ին, Աջափնյակի դատարանում, ժամը 14:30: Ցանկացողներին հրավիրում եմ` ուշագրավ նիստ է լինելու: Նկարում դատավոր Նելլի Հարությունյանն է: Սիրուն ժպիտ ունի, իմ աղջկանից 2 տարի է մեծ…

Արմինե Օհանյան

Անհամբեր սպասում եմ՝ ինչ է որոշելու դատարանը մեր գործով