26/12/2025

Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մամուլի հետ հանդիպման ընթացքում նշեց, որ տեսականորեն կարող էր դիմել ու խնդրել դադարեցնել իր ծառայությունը, սակայն զգուշանում է, որ նման քայլը կընկալվեր որպես զիջում այն ուժերին, որոնք փորձում են շահարկել իր անունը։

Նրա խոսքով՝ նման հրաժարականը պարզապես կհաստատեր այն սխալ պատկերացումները, որոնք փորձում են տարածել։

Միաժամանակ Սրբազանը ընդգծեց, որ իր պաշտոնավարության շարունակումը ևս կարող է ստեղծել այլ տպավորություն՝ կարծես թե նա անտեսում է հանրային ընկալումները և հասարակության կարծիքը․ «Սա երկկողմանի բարդ իրավիճակ է»։

Սրբազանը հավելեց, որ այժմ , ըստ էության, իրեն առաջարկվել է դադարեցնել իր ծառայությունը, սակայն այս պահին նման որոշում չունի։

«Երբ հասկանամ, որ այդ քայլը իրականում ծառայելու է եկեղեցու շահերին և օգտակար է լինելու, պատրաստ եմ ցանկացած որոշման՝ անգամ ամբողջությամբ թողնել իմ կարգը։ Դրա հետ կապված խնդիր չունեմ։ Բայց չեմ գնա այնպիսի գործողության, որը կարող է տպավորություն ստեղծել, թե ինձ վերագրվող մեղքերը ճշմարիտ են»,– ընդգծեց նա։