27/12/2025

Բեռլինում վախեցել են հանդիպում կազմակերպել, չէին կարող հրավիրել միայն նիկոլականներին․ Լուսանկարներ

Գերմանիայի կանցլերի նստավայրի առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին մասնակցել է նաեւ գերմանաբնակ, Theopenu Club Germany-ի ներկայացուցիչ Լիլիթ Քոչարյանը:

Հրապարակ թերթը գրել է․ Նա մեզ հետ զրույցում նշում է, որ Փաշինյանն ու իր աշխատակազմը, ամենայն հավանականությամբ, տեղյակ են եղել, որ ցույց է լինելու, քանի որ Գերմանիայի ոստիկանությունում ամեն ցույց նախապես գրանցվում է, թե ինչ ակցիա է լինելու, ինչ տեխնիկական նյութեր են օգտագործելու, ինչ ֆորմատ եւ այլն:

«Ստանում ենք զանգ ոստիկանությունից` մեր տեղանքը փոխեցին, մեզ հատուկ ավելի հեռու էին տեղակայել այն հատվածից, որտեղ կարող էինք տեսնել Փաշինյանի ավտոշարասյունը, մեկ փողոց այն կողմ էին տարել: Բացի այդ, միջոցառումը փոքր-ինչ շուտ էր սկսվել մեր իմացած ժամից, եւ երբ շարասյունը կանցլերի նստավայրին մոտեցավ, շատ քիչ մարդիկ էին տեղում, երեւի մոտ 5 հոգի, հետո` մոտ 25 հոգի: 2020 թվականից հետո մենք թե՛ կազմակերպել ենք, թե՛ մասնակցել ենք 100-ից ավելի ցույցերի թե՛ Բունդեսթագի, թե՛ կանցլերատի դիմաց, բայց երբեք չի եղել, որ մետաղական պարիսպներ դնեն մեր առաջ: Մեզ հատուկ մետաղական վանդակ էին տրամադրել, որը ոչ միայն խանգարում էր մեր տեսանելի լինելուն, այլեւ դրանից այն կողմ չէինք կարող կանգնել: Մենք հազարավոր ցույցեր ենք արել, նման բան երբեք չէր եղել, բացառությամբ Իսրայելի դեսպանատան դիմաց ցույցի, բայց Իսրայելի դեսպանատունն այստեղ հատուկ կարգավիճակ ունի: Այսինքն, Գերմանիայի կառավարությունն էր մեզ վնասակար պիտակավորել, ու քանի որ չէին կարող արգելել մեզ ցույց անել` դա հակասահմանադրական կլիներ, ստիպված թույլատրեցին, բայց արել են մաքսիմալ հնարավորը, որ ցույցի ազդեցությունը հնարավորինս քիչ լինի: Մեր նպատակն էր՝ դիմավորել Փաշինյանի շարասյունն ու մեր մեսիջները տեղ հասցնել»,- ասաց Լիլիթ Քոչարյանը: Քոչարյանը ենթադրում է, որ հավանական է՝ Գերմանիայի իշխանությունները նախապես տեղյակ են պահել հայկական պատվիրակությանը, որ ցույց է լինելու:

Կանցլերի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիլիթի հետ մոտ 20 տարի առաջ Գերմանիա տարբեր ծրագրերով ուսանելու մեկնած Վահրամ Սողոմոնյանը, որն այսօր Գերմանիայում ՀՀ դեսպանի օգնականն է: Լիլիթը նշում է, որ կանցլերի հետ հանդիպմանը ներկա են եղել պատվիրակության անդամները, իսկ լրագրողների համար խիստ կարճ ժամանակ է նախատեսված եղել: «Ինքը լրագրող չի, ուրեմն, ամենայն հավանականությամբ, պատվիրակության անդամ է, ինչը տարօրինակ է, որովհետեւ արցախցի է, հարազատներ է կորցրել, ամեն ինչ է կորցրել Արցախում՝ վերջին պատերազմի ընթացքում: Իրեն այդտեղ տեսնելը շատ տարօրինակ էր»,- ասաց Քոչարյանը:

«Հրապարակ». Բեռլինում վախեցել են հանդիպում կազմակերպել` չէին կարող հրավիրել միայն նիկոլականներին

Ինչ վերաբերում է Փաշինյանի ու հայկական համայնքի անդամների հանդիպումներին, ապա Քոչարյանը շեշտում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատունը ֆիլտրում է ցանկը, փորձում են հրավիրել միայն նրանց, որոնք ընդդիմադիր հայացքներ չունեն, տրամադրված չեն Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ: «Հրավիրում են միայն իրենց համակիրներին, որպեսզի տհաճ հարցեր տվողներ չլինեն, Նիկոլի համար շատ լավ տպավորություն լինի, որպեսզի տեսանյութերում միայն Փաշինյանին դրական լույսի ներքո ներկայացնող միջավայր լինի: Իրենք հատուկ ընտրում են մեր համայնքներից պրոնիկոլականներին, կամ ով ավելի հակված է համակրել Փաշինյանի քաղաքականությունը, հրավիրում են կոնկրետ կազմակերպությունների ղեկավարներին։ Մասնակցությունը միայն հրավերով է, դու չես կարող քո նախաձեռնությամբ մասնակցել այդ հանդիպմանը, պետք է գրանցվել նախօրոք, օքեյ ստանալ, այլապես հնարավորություն չես ունենա մասնակցել հանդիպմանը: Հրավիրում են համայնքների էլիտային, այսպես ասած` երաժիշտների, արվեստագետների, որոնց հետ կապ ունի դեսպանատունը` նաեւ այլ առիթներով: Այս անգամ էլ ընտրված քիչ մասնակիցներ են եղել, մի քանի համայնքի ղեկավարներ են ներկա եղել, իսկ ոմանք՝ պրոնիկոլական հայացքներ ունեցողներ, նեղացած էին, որ հրավեր չեն ստացել»,-ասաց Լիլիթ Քոչարյանը: Բեռլինում ակտիվիստների մի քանի խմբեր՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, որոնք քաղաքականապես ակտիվ են, տարբեր ակցիաներ են անում, ցեղասպանության ճանաչման ուղղությամբ են աշխատում, Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, Գերմանահայոց խորհուրդը, Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ կանցլերին նամակ էին հղել՝ հորդորելով հանդիպման ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների խնդիրները՝ քաղբանտարկյալներ, Եկեղեցու դեմ հարձակումներ, հայ գերիների հարցը:

«Բեռլինում կան ավելի գիտակից, քաղաքականապես ակտիվ, մարդու իրավունքներով զբաղվող մի քանի ֆորմալ շարժումներ, ես կարծում եմ, որ իրենք վախեցել են ինչ-որ բան կազմակերպել: Բեռլինում ավելի շատ են հայերը, ու ավելի գիտակից, կիրթ մասսա կա: Կան Նիկոլի պաշտպաններ, հետեւորդներ, որ, անկախ նրանից, թե ինչ անի Նիկոլը, միշտ պաշտպանում են։ Բեռլինում էլ, ամբողջ Գերմանիայում էլ կան այդպիսի մարդիկ: Համայնքը բաժանված է երկու մասի՝ մարդիկ, որոնք քննադատում են Նիկոլի արածը, եւ մարդիկ, որոնք արդարացնում են բոլոր արածները: Մենք տեսնում ենք միայն, երբ մարդիկ արտահայտվում են: Ինձ թվում է՝ Բեռլինում վախեցել են հայ համայնքի հետ հանդիպում կազմակերպելուց, որովհետեւ չէին կարողանա ֆիլտրել ու հրավիրել միայն Նիկոլին սիրաշահող մարդկանց, վախեցել են, որ կստանան կրիտիկական հարցեր, ու, բացի այդ, Բեռլինի հայերը հաստատ բողոքի ցույց կանեին եւ իրենց հուզող հարցերը լսելի կդարձնեին։ Դա իմ անձնական ենթադրությունն է, ես նման ինֆորմացիա չունեմ»,-ասաց Քոչարյանը: