26/12/2025

Դիլիջանի արու քաղաքապետը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել

Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը եւ անվավեր ճանաչել վերը նշված հողամասի նկատմամբ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցումը։ 

Հրապարակ թերթը գրել է․ 2025թ․ դեկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը որոշել է այդ հայցադիմումը վերադարձնել։ Բացի այդ, Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Դիլիջան համայնքի եւ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2015 թ․ ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 5 պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Ա․ Պետրոսյանը 2025թ․ հուլիսի 7-ին որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դրանից հետո դատարան դիմում-միջնորդություն է ներկայացվել՝ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ։

Իմ տեղեկություններով՝ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը մեկուկես տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար։ Դիլիջանում նրա ընտանիքի  կողմից հիմնադրված միջազգային դպրոցը Դիլիջանին հայտնի է դարձրել աշխարհով մեկ, այն բազում աշխատատեղեր է ստեղծել։ Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայում Ադրբեջանում դատվում է, Բաքվի բարբարոս դատարանում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ ադրբեջանական իշխանությունն առավել ընդգծված բացասական վերաբերմունք ունի, քան մյուս գերիների նկատմամբ։ Ադրբեջանում նրա վերաբերյալ  ֆիլմ են ցուցադրել, բնականաբար, խիստ  բացասական ներկայացնելով Ռուբեն Վարդանյանին եւ նրա գործունեությունը։

Իսկ ՀՀ իշխանությունը, փոխանակ ամեն ինչ անի՝ հայ բարերարին եւ մեր մյուս գերիներին բերելու, ճիշտ հակառակը՝ անգամ նպաստում է նրանց նկատմամբ հալածանքներին։ 2024թ․ օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում Ռուբեն Վարդանյանի մասին հարցին ի պատասխան հայտարարեց․ «Այստեղ էլ շատ կարեւոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով՝ գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»: Մինչդեռ ենթադրվում է, որ այդ հարցերը պետք է բարձրացներ եւ պատասխանները ստանար այն ժամանակ, երբ Վարդանյանը մեկնում էր Արցախ, եւ իր գործընկեր Արայիկ Հարությունյանն էլ նրան նշանակում էր պետնախարար։

Հիմա անգամ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ հայցեր են ներկայացվում դատարան, որպեսզի չեղարկեն կնքված պայմանագրերը։ Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած դատական հայցերը վատ կազդեն համայնքում ներդրումային միջավայրի վրա։ Ն․ Փաշինյանը Իլհամ Ալիեւի առաջ խնդիր չի դնում՝ գերիներին  Հայաստան վերադարձնել, հակառակը՝ Ալիեւին մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել՝ Ադրբեջանից երկաթուղով, Վրաստանի տարածքով Հայաստան 4-րդ կարգի անասնակեր ցորեն եւ բենզին ներկրելու համար։ Իսկ Փաշինյանի կուսակից, նրա հետ Օհանավանում, Գյումրիում Հայ առաքելական եկեղեցու սահմանած կանոնների խախտումով պատարագներին մասնակցած Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն էլ այդ ընթացքում դատական հայցեր է ներկայացրել Ռ․ Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ։ Ամեն ինչ փոխկապակցված է։