26/12/2025

Եթե պետությունն իր տեղում լիներ, այսօր Սամվել Կարապետյանն ԱԱԾ նկուղում չէր լինի․ Ռուբեն Մխիթարյան

«Հրապարակի» զրուցակիցը «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանն է։

Հիշեցնենք, որ նա վերջերս է ազատ արձակվել՝ կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին` Գյումրու քաղաքապետին ձերբակալելու օրը՝ «անկարգություններ հրահրելու» մեղադրանքով։ Մեկ ամիս կալանավայրում մնալուց հետո Մխիթարյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը ճանաչվեց անհիմն։

-Դուք համակարգում եք «Մեր ձևով» շարժման գրասենյակը Գյումրիում։ Ի՞նչ է կատարվում, մարդիկ ձեզ դիմում են սոցիալակա՞ն խնդիրներով, թե՞ քաղաքական նկատառումներով, որովհետև անհանգստանում են երկրի ճակատագրով։ 

-Իմ ազատ արձակվելուց հետո, երբ դուրս եկա կալանքից, մարդկանց վստահությունն ավելի ամրապնդվեց։ Նորից գալիս են, մինչ այդ վախենում էին, բայց հիմա շատ բան է փոխվել։ Մարդկանց խնդիրները շատ բազմազան են, բայց նշեմ, ինչպես միշտ էլ ասել ենք, իրականում` մենք հատուկ բարեգործություն չենք անում` ինչ-որ բան տանք, թողնեն, գնան, ձեթ կամ շաքարավազ չենք բաժանում: Մենք փորձում ենք վեր հանել խնդիրները, և եթե դրանք գլոբալ են, դրանց լուծումներ գտնել՝ ոչ թե փոքր աջակցություն ցուցաբերելով, այլ կայուն լուծումներ առաջարկելով։ Առավել հաճախ մարդիկ գալիս են առողջական խնդիրների հարցով։ Իհարկե, մենք չենք կարող անտարբեր մնալ առողջության հարցերի նկատմամբ և հնարավորության սահմաններում օգտակար ենք լինում, բայց եթե պետությունն իր տեղում լիներ և իր գործառույթները լիարժեք իրականացներ, մենք դրանով էլ չէինք զբաղվի։ Չնայած, եթե պետությունն իր տեղում լիներ, այսօր Սամվել Կարապետյանն ԱԱԾ նկուղում չէր լինի։

-Հիմա շարժումը ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ աշխատանքներ են տարվում շարժման ներսում։ 

-Մենք այժմ զբաղված ենք նոր կամավորների ներգրավմամբ։ Շարժումը այս պահին քաղաքական չէ։ Դուք գիտեք, մենք պարզապես Շարժում ենք, բայց մարդիկ ասում են` որ սպասում են և ուզում են մեզ տեսնել որպես երրորդ քաղաքական ուժ։ Պատկերացրեք, որ հիմա իշխանությունն՝ իր ռեպրեսիաներով արձագանքում է մեր գործունեությանը, ինչը իրենց վախերի վրա է հիմնված, մեր քաղաքականության մեջ հայտնվելու դեպքում ի՞նչ կանեն։ Եթե մենք նույնիսկ հիմա ցանկանայինք մասնակցել ընտրություններին, չենք կարող, քանի որ մենք ընդամենը շարժում ենք։ Եվ հենց շարժում լինելու հանգամանքն արդեն իսկ ցույց է տալիս, թե իշխանությունն ինչ վախեր ունի մեր գործունեությունից։

-Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում էր, հերթական շրջիկ պատարագն էր կազմակերպել, ի՞նչ է փորձում ապացուցել, ի՞նչ հաջողվեց նրան։ 

-Այն, ինչ արեց Փաշինյանը, հերթական անգամ ցույց տվեց, որ ձախողվել է։ Ամենակարևորը՝ պիտի հասկանա, որ իր ամենամեծ «պռավալը» եկեղեցու դեմ պայքարում է։ Գյումրին այդ օրն իրեն իդեալական դրսևորեց։ Սկսած հոգևորականներից, մինչև շարքային քաղաքացիները` շատ ճիշտ պահեցին իրենց։ Դա այնքան ակնհայտ էր, որ բոլորը տեսան ու հասկացան։ Հետևությունը թող իրենք անեն։

-Ի՞նչ կանխատեսում ունեք` 2026-ին ի՞նչ է սպասվում։ 

-2026-ը մեր բոլորի վերջին հնարավորությունն է լինելու։ Բայց լավ է լինելու։ Այն թիմի հետ, որ ես հիմա քայլում եմ, որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանի համար վատ բան է արել, ինչպես որևէ մեկը չի կարող ինձ ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանն է ինչ-որ լավ բան արել երկրի համար։ Այսպիսի քաղաքական ճնշումներ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել։ Իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը, անգամ երրորդ նախագահի օրոք, որ բարձրաձայնում էին, թե քաղաքական հետսպնդումներ կան, այսօրվա հետ անհամեմատելի է։ Չնայած էս ամենին, վստահ եմ` գալու է օրը ու փուչիկը պայթելու է։