26/12/2025

Ես Դավիթ Բեջանյանը չեմ, որ գերեզման ուղարկեն: Դուր ա գալիս, դուր չի գալիս՝ կարեւոր չի. Լևոն Թոքմաջյան

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի կերտած Պարույր Սեւակի արձանը փոթորիկ է առաջացրել երկրում` վրդովված մարդիկ արտահայտվում են դրա դեմ, կոչ անում հեռացնել արձանը, դիմում են Սեւակի հարազատ Զանգակատուն գյուղի բնակիչներին, թե` մերժեք, հանեք արձանը դպրոցի բակից:

Գյուղի բնակիչներն էլ քվեարկում են՝ կո՞ղմ են, թե՞ դեմ, որ բանաստեղծի սկանդալային արձանը հեռացվի կամ մնա: Հայտնի է, որ նման կոչով գյուղի բնակիչներին դիմել է Պարույր Սեւակի տուն-թանգարանը: Երեկ առավոտյան քվեարկողների միայն 17 տոկոսն էր պաշտպանում Թոքմաջյանի գործը, 83 տոկոսը դեմ էր:

Իրավիճակը զգայուն է, քանդակագործը կարող է վիրավորվել եւ ոչ միայն այն պատճառով, որ արդեն երկու օր է՝ սոցցանցերով վրդովմունք ու ծաղրական բնորոշումներ են հնչում նրա եւ նրա «կերտած» Սեւակի հասցեին: Բանն այն է, որ արձանը քանդակագործի նվերն է դպրոցին, իսկ նվերը հետ չեն տալիս: «Թանգարանի, գյուղապետարանի նախաձեռնությունն է եղել, այն բերել են որպես նվեր քանդակագործի կողմից: Մենք էլ ո՞նց կարող ենք չընդունել նվերը: Մեր հողակցի կիսանդրին է, մեզ համար դա ուրախություն է ու հպարտություն: Մենք դա ընդունել ենք որպես արժեք, որպես աշխատանք ու փորձել ենք նաեւ արվեստագետի աչքերով նայել»,- ասում է Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Հայկազ Ադամյանը: Ինքը՝ տնօրենը, նայում է արձանին ու Սեւակին է տեսնում: Սիմպսոնների մուլտի, հղի կնոջ հետ համեմատությունները նա վիրավորական է համարում, ասում է, որ ողջամիտ մարդը նման բան չի կարող ասել:

Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մեսրոպյանն այլ կարծիքի է, թեեւ շատ զգուշորեն է արտահայտվում: «Շատ բան չեմ հասկանում քանդակագործությունից, պարզապես հաշվի առնելով Պարույր Սեւակի կերպարը, բոլորիս համար անգերազանցելի տաղանդը, փառքն ու սերը, որ տածում ենք նրա հանդեպ, ես այլ կերպ եմ պատկերացնում. ես պատկերացնում եմ ավելի վեհ, վսեմ ու խրոխտ: Արձանն ինձ համար … ոնց ասեմ՝ խեղճացած, նսեմացված, ես այդպիսին եմ տեսել այդ արձանը: Ամենեւին էլ չնսեմացնելով մեր քանդակագործի աշխատանքը, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես դատավոր չեմ, բայց տարրեր կան, որոնք պետք է լինեին արձանում»,- ասում է ուսուցչուհին: Փորի հատվածում ուռածությունը, ըստ նրա, գրքեր են, գրքերի տրցակ: Երեխաների կարծիքը նա առայժմ չի հարցրել: Բացատրում է. «Դե, որովհետեւ նոր ենք հարմարվում դեռ…»:

Լեւոն Թոքմաջյանին էլ լսեցինք: Նա վրդովված է սոցցանցային մեկնաբանություններից, բայց չի պատրաստվում Դավիթ Բեջանյանի նման մահանալ (Բեջանյանի կերտած Առնո Բաբաջանյանի արձանն էլ ժամանակին սվիններով ընդունվեց): «Ես Դավիթ Բեջանյանը չեմ, որ գերեզման ուղարկեն: Դուր ա գալիս, դուր չի գալիս՝ կարեւոր չի: Բա ոմանց էլ պետք է դուր չգա: Ո՞ր մի արվեստագետն է 100 տոկոսով ընդունելի, նման բան չի լինում: Գրեք իմ պատասխանը՝ թող մարդիկ իմանան, դա եղել է իմ անկեղծ զգացմունքը մեծ գրողի հանդեպ»,- ասում է նա:

Լեւոն Թոքմաջյանը եւս հետեւում է Զանգակատան քվեարկությանը: Վերջին անգամ ցերեկն է խոսել Սեւակի թոռան հետ, որը նրան ասել է՝ գյուղացիները որոշել են, որ Սեւակը պետք է մնա: «Ոչ միայն նվեր եմ տվել, այլեւ տվել եմ կռանի գումարը, որով պետք է տեղափոխեինք: Դա իմ բարեգործությունն է»,- ասում է քանդակագործը: Տարիներ առաջ նա աշխատել է այդ արձանի վրա, վստահեցնում է՝ ոչ թե Սեւակի «ֆիզիկական անձն» է ներկայացրել, այլ որպես անլռելի զանգակատուն: «Ընդհանուր նմանությունը պահել եմ, դա ինձ հերիք է, մնացածը սիմվոլիկա է, որովհետեւ ես գտնում եմ, որ Պարույր Սեւակի ամբողջ գործունեությունը անարդարությանը դեմ էր, կեղծիքին դեմ էր, սա զուտ գաղափարական հոգեբանական պահեր են: Ես ի՞նչ անեմ, որ էս տխմարները չեն հասկանում, հազար ու մի պոզուպոչեր են կպցնում: Այո, մի բան անելուց միշտ էլ անհասկանալի է մնում ինչ-որ բան: Հիշո՞ւմ ես, Առնո Բաբաջանյանի քանդակի գլխին ինչ արին եւ խեղճ հեղինակին գերեզմանի դուռը հասցրին»,- ասում է Լեւոն Թոքմաջյանը:

– Առնո Բաբաջանյանի արձանը կերպարային է, այդ իմաստով դիպուկ է, իսկ Սեւակը… չեմ ուզում իմ կարծիքն ասել, բայց ոնց որ` չէ:

– Դե, Սեւակն էլ ուներ հաստ շուրթեր, գանգուր մազեր, գլուխը մեծ էր, մարմինը փոքր էր, ինչ-որ թերություններ կային, բայց ես դա չեմ ուզել ցույց տալ: Ես շեշտել եմ նրա գաղափարական կողմը, սիմվոլիկան, ես նրան ներկայացրել եմ որպես անլռելի զանգակատուն, եւ ինձ հետ իրենք, իր թոռը՝ Սեւակը, համաձայն էր: Ես հո փակ աչքերով չե՞մ տարել: Նախօրոք ուղարկել եմ լուսանկարներ, նա համաձայնեցրել է, պատվանդան են բետոնել, քարով շարել են, պատրաստել են: Հիմա մի երկու հիմար մարդ, որ քննադատում է… դրանք իմ թշնամիներն են, հասկացեք: Էդ խումբը միշտ հետեւել է ինձ, ինչ արել եմ, մի պոզուպոչ կպցրել են, նրանք չեն կարողանում մարսել, որ ես էս տարիքում կարող եմ նորից ստեղծագործել:

– Արձանի համար Ձեզ վճարե՞լ է իշխանությունը, որքա՞ն: 

– Դա բամբասանք է, զանգեք թոռանը, հարցրեք՝ ինձ մի կոպեկ փող տվե՞լ է։ Նույնիսկ տրավերտինը ես Արարատի հանքից եմ բերել, որ իմացան, թե ինչի համար է, ինձնից փող չվերցրին: Ես արդեն 2 տարի է՝ աշխատում եմ դրա վրա, անում եմ՝ չեմ հավանում, նորից եմ անում: Ես ուզում էի, որ շատ նման չլիներ, որովհետեւ շատ նմանը գերեզմանի արձան է դառնում, որ այն լիներ որպես ահազանգ, Սեւակի քանդակի կոմպոզիցիան էլ զանգի նման եմ արել: Բայց մարդիկ վատ բաներն են շեշտում, որ ինձ վարկաբեկեն: Ազնվությամբ եմ ասում՝ իշխանությունն ինձ փող չի տվել: Համայնքում մարդիկ ուրախությամբ ընդունեցին, երեխաները ոգեւորված, ծաղիկներով մեզ դիմավորեցին, ես չեմ հասկանում, թե ում սա ձեռք չի տալիս:

– Իմ կարծիքով, այն, որ զանգի նման է, չի ընկալվում, ասում են՝ ոնց որ հղի կին լինի, ուսերը նեղ են, մազերը կոս արածի պես: 

– Բա չե՞ն ամաչում, որ ասում են՝ Պարույր Սեւակը նման է հղի կնոջ: Ամբողջ աշխարհում ես քանդակներ եմ դրել, մի երկու ամսից Հոլանդիայում կբացվի Ոսկան Երեւանցու եւ Հոլանդիայի առաջին Աստվածաշնչի խմբաքանդակը բրոնզի վրա: Հոլանդիայում ողջույններով են ընդունել: Չեմ հասկանում՝ ուրիշ տեղեր ողջունում են, էս Հայաստանում պետք է ցեխ շպրտեն: Բայց ես կարծում եմ, ժամանակն ամեն ինչ տեղը կդնի: Ես թոռանն էլ ասեցի՝ չշտապես, մի քիչ ժամանակ է պետք:

Զանգակատան դպրոցի աշակերտները երկու օր է՝ կարդում են սոցցանցերի մեկնաբանությունները: Նրանք էլ են վիրավորված: Իրենց փոխարեն արձանի վերաբերյալ վճիռ են կայացրել, տեսակետներ են հնչել, ու իրենց ոչ ոք չի հարցնում:

«Հրապարակ». Ես Դավիթ Բեջանյանը չեմ, որ ինձ էլ գերեզման ուղարկեն