08/01/2026

Ես Վենեսուելայի նախագահն եմ և ինձ համարում եմ ռազմագերի․ Մադուրոյի խոսքը ԱՄՆ դատարանում․ Լուսանկար

Ժամեր առաջ Նյու Յորքի դատարանում ցուցմունք է տվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

Fox News-ի փոխանցմամբ` նա ներկայացել է իսպաներենով և դատավորին ասել, որ անմեղ է. «Ես Վենեսուելայի նախագահն եմ և ինձ համարում եմ ռազմագերի: Ինձ գերի են վերցրել Կարակասում գտնվող իմ տնից»:

Այնուհետև դատավորը ընդհատել է Մադուրոյի ելույթը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը հունվարի 3-ին ավիահարված են հասցրել Վենեսուելային՝ գերի վերցնելով նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ կկառավարի Վենեսուելան մինչև ԱՄՆ-ին հաճո կառավարության ձևավորումը:

Կարակասը Վաշինգտոնի գործողությունները որակել է ռազմական ագրեսիա, և հայտարարվել է արտակարգ դրություն: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, Թրամփի` «անել այն, ինչ ուզում է ԱՄՆ–ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութը չի դառնա:

Ավելի ուշ նա փոխել է հռետորաբանությունն ու առաջարկել ԱՄՆ-ին համագործակցության ու երկխոսության եզրեր գտնել։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան է ներկայացել առանց ձեռնաշղթաների:

Այս մասին հայտնել է CBS News-ը։

Դատարանի տվյալներով՝ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, բանտային հագուստ են կրել, թարգմանության համար ականջակալներ և ոտքերի երկաթե կապանքներ։

Դատավարության սկզբում Մադուրոն իրեն մեղավոր չի ճանաչել և իրեն բարեխիղճ մարդ է անվանել։ Նա հավելել է, որ ինքը դեռևս Վենեսուելայի նախագահն է։ Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղավորությունը՝ կոկաինի ապօրինի շրջանառության գործով։

Մեղադրական եզրակացությունը ներառում էր չորս կետ, այդ թվում՝ թմրանյութերի հետ կապված ահաբեկչություն կատարելու դավադրություն և գնդացիրների ու պայթուցիկ սարքերի պահպանում։

Ես Վենեսուելայի նախագահն եմ և ինձ համարում եմ ռազմագերի․ Մադուրոն՝ դատարանում