27/12/2025

Եվրամիությունը նույնպես «կանգնում է ռազմական ռելսերի վրա»

Ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը կարելի է համարել ձախողված. ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը չեղյալ է հայտարարել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումը, որ նախատեսված էր անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ Բրյուսելում:

Հարցին, թե արդյոք Պուտին-Ուիթկոֆ հանդիպումից հետո Ուկրաինայում խաղաղության հաստատումը «հեռացե՞լ, թե՞ մոտեցել է»,- ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը բազմանշանակ պատասխան է տվել. «Չի հեռացել, հաստատ չի հեռացել»:

Կարելի է եզրակացնել, որ խաղաղությունը «հաստատ չի էլ մոտեցել»: ԱՄՆ պետքարտուզար Մարկո Ռուբիոն Պուտին-Ուիթկոֆ բանակցությունները «կառուցողական և արդյունավետ» է գնահատել, բայց այն առումով, որ Վաշինգտոնի համար ավելի պարզ է դարձել, թե սկզբունքային հարցերում Ռուսաստանի հստակ դիրքորոշումը որն է:

Ըստ այդմ, Վաշինգտոնն արձանագրել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնբասի քսան տոկոս տարածքի, որ գտնվում է ուկրաինական հսկողության ներքո, հարցում անզիջում է և պահանջում է ոչ միայն փաստացի վերահսկողություն, այլև ռուսաստանապատկանության ճանաչում:

Խիստ դիտարժան է, որ Պուտին-Ուիթկոֆ բանակցություններից հետո Եվրահանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵՄ տարածքում Ռուսաստանի սառեցված միջոցների հաշվին Ուկրաինային ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը:

Ըստ տեղեկությունների, խոսքը 160 միլիարդ եվրո գումարի մասին է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ներքին կյանքը կազմակերպելու և ռազմաճակատում դիմադրությունը շարունակելու համար: Եվրահանձնաժողովը կարող է իր միջոցներից ևս 90 միլիարդ եվրո հատկացնել:

Ֆինանսական աջակցությունը նախատեսված 2026-2027 թվականների համար, ինչից ակնհայտ է դառնում, որ Բրյուսելում կանխատեսում են ռուս-ուկրաինական պատերազմի առնվազն ևս երկու տարով երկարաձգում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի Մոսկվա այցի օրը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգում խորհրդատվություններ է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի հետ:

Ուիթկոֆի Վաշինգտոն մեկնելուց մեկ օր հետո՝ դեկտեմբերի 4-ին, Վլադիմիր Պուտինը մեկնում է Հնդկաստան: ՏԱՍՍ-ը հանրայնացրել է նրա երկօրյա այցի օրակարգը: Նյու-Դելի ժամանելու օրը Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում կունենա Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ:

Արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հատուկ ընդգծել է այդ հանդիպման կարեւորությունը: Հասկացվում է, որ այցի նպատակային հարցերը քննարկվելու են հենց այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում:

Ռուսաստանում մինչև տարեվերջ սպասում են Ինդոնեզիայի նախագահի այցին: Մինչ այդ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այց կկատարի Թուրքմենստան: Պուտինի այս ձեռնարկումները թույլ են տալիս ենթադրել, որ նա քաղաքական և այլ ռեսուրսներ էհավաքագրում և նախապատրաստվում է ավելի լայնածավալ պատերազմի:

Եվրահանձնաժողովի հրապարակած մտադրությունները վկայում են, որ Եվրամիությունը նույնպես «կանգնում է ռազմական ռելսերի վրա»:

ԱՄՆ նախագահն առայժմ Պուտին-Ուիթկոֆ բանակցությունները չի գնահատել: Եթե նա մոտակա օրերին Սպիտակ տանը հյուրընկալի Վլադիմիր Զելենսկուն, ուրեմն Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը մտնում է բախտորոշ փուլ, որի ելքը կարող է որոշել նաև ռազմական բախումը: