08/01/2026

Ընտանիքապետություն․ Կադիրովը որդուն փոխվարչապետ է նշանակել․ Լուսանկար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր 20-ամյա որդուն՝ Ախմատին, նշանակել է հանրապետության կառավարության ղեկավարի ժամանակավոր տեղակալի պաշտոնում՝ պահպանելով սպորտի նախարարի պաշտոնը, հաղորդում է «Կովկաս․իրողություններ» պորտալը։ 

Նմանատիպ պաշտոնի բարձրացում է ստացել նաև ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը։

Ռամզան Կադիրովի խոսքով՝ այս փոփոխությունները կատարվել են վարչապետ Մագոմեդ Դաուդովի խնդրանքով։

Հանրապետության ղեկավարը նոր նշանակումների մասին հայտարարել է իր Telegram ալիքում՝ դրանք անվանելով «աննշան կադրային փոփոխություններ»։

Կադիրովը չի մանրամասնել, թե արդյոք որդու նշանակումը կապված է իր առողջական վիճակի հետ։ Հիշեցնենք, Նոր տարվա նախօրեին լրատվամիջոցները հայտնել են, որ Կադիրովը հոսպիտալացվել է Մոսկվայում։ Սա պաշտոնապես հաստատված չէ։

Ախմատ Կադիրովից բացի, տարածաշրջանային առաջնորդի մի քանի այլ ազգականներ պաշտոններ են զբաղեցնում Չեչնիայի կառավարությունում։ Օրինակ՝ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խադիժատը, 24 տարեկանում նշանակվել է Չեչնիայի նախագահի վարչակազմի և կառավարության ղեկավարի առաջին տեղակալ։ 18 տարեկանում Ախմատ Կադիրովը դարձել է Չեչնիայի սպորտի փոխնախարար և երիտասարդության հարցերով նախարար, ինչպես նաև «Ախմատ» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Կադիրովի մեկ այլ որդի՝ Ադամ Կադիրովը, 16 տարեկանում դարձել է հոր «անվտանգության ղեկավարը» և վերահսկում է Շեյխ Մանսուրի գումարտակը։ Այնուհետև Ռամզան Կադիրովը նրան նշանակել է Գուդերմեսում գտնվող այսպես կոչված Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության համալսարանի վերահսկիչ։

Նրա ընտանիքի մոտ 100 անդամ կապված է կառավարության հետ, ինչը նրան դարձնում է Ռուսաստանի ամենաազդեցիկ ընտանիքի անդամը։

Ընտանիքապետություն․ Կադիրովի 20-ամյա որդին՝ Չեչնիայի փոխվարչապետի ԺՊ