26/12/2025

Թոշակառուներին, որոնք հավատացել էին կառավարությանը, խաբեցին ու քցեցին

Օրերս լուր տարածվեց, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատրաստվում է հունվարի 1-ից դադարեցնել թոշակառուների թոշակի կանխիկացումը բանկային քարտերից: Խեղճ թոշակառուները սարսափահար են:

Հրապարակ թերթը գրել է․ Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը որոշում, թե ինչպես իրենք կատարեն իրենց առեւտուրը՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Չէ՞ որ դա յուրաքանչյուր քաղաքացու գործն է, թե ինչպես ծախսի իր գումարը: Մոտ 58 հազար թոշակառու այսօր նախընտրում է իր թոշակը ստանալ «Հայփոստից», ինչն այլեւս անհնար է լինելու: Թորոսյանը հերքում է լուրը` ոչ թե հունվարի 1-ից, այլ` ապրիլից:

«Որոշ շրջանակներ տարածում են, թե հունվարի 1-ից այլեւս հնարավոր չի լինի կանխիկացնել կենսաթոշակներն ու նպաստները բանկային քարտերից, ինչը լկտի սուտ է»,- լայվ մտնելով՝ ասում է Թորոսյանը: Թոշակառուները քիչ էր մնում ուրախանային, բայց սա ամենը չէ: «Այո, դա հնարավոր է անել, բայց մենք դա չենք խրախուսում, որովհետեւ անկանխիկ առեւտուր անելու դեպքում դուք կարող եք ստանալ հետվճար, ըստ էության, բարձրացնելով ձեր թոշակներն ու նպաստները 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 10 հազար դրամը, հետեւաբար, անկանխիկ եղանակով կենսաթոշակ եւ նպաստ ստանալը ձեռնտու է… Մենք որոշել ենք, որպեսզի սահուն անցում տեղի ունենա, ուժի մեջ դնել այդ ամբողջական կարգավորումը ոչ թե հունվարի 1-ից, այլ՝ ապրիլից»,- պարզաբանում է Արսեն Թորոսյանը, ու այս անգամ տխրում են այն մոտ 600 հազար թոշակառուներն ու նպաստառուները, որոնք անկանխիկ են ստանում թոշակն ու նպաստը: Փաստորեն, նրանք կկարողանան հետվճարը, որը Փաշինյանի կողմից որպես անկանխիկին անցնելու խայծ է օգտագործվում, ստանալ ոչ թե հունվարից, այլ միայն ապրիլից:

«Սա մարդկանց խաբում է, որովհետեւ ցանկացած քաղաքացի կարող է եւ հիմա էլ, ապագայում էլ` ազատ տնօրինել իր քարտի վրայի առկա գումարը։ Հայաստանում չկա փողի շարժի որեւէ սահմանափակում։ Այս նախարարը պնդում է ինչ-որ անմիտ բան եւ իբրեւ հերքում է»,- Արսեն Թորոսյանին արձագանքում է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը եւ բացատրում՝ Արսեն Թորոսյանի հերքումը մանիպուլյացիա է, իրենց ապիկարությունը որպես լավություն ներկայացնելու փորձ:

«Մոտ մեկ ամիս առաջ, կառավարության նիստի ժամանակ երկրի նոմինալ վարչապետը հրամայեց ու հայտարարեց, որ կանխիկով ոչ մի կոպեկ չեն տալու թոշակառուներին` այն 58 հազար հոգուն, որոնք կանխիկ են ստանում գումարները: Բայց քանի որ իրենք ապիկարներ են, հայտարարությունը տալուց հետո ֆիզիկապես մարդկանց քարտերով չեն կարողացել ապահովել: Մարդիկ կային, որոնք չունեին քարտեր կամ, ասենք, ռուսական ՎՏԲ-ի քարտ ունեին, որի վրա չեն կարողանում փոխանցել հետվճարը, եւ նրանք չեն կարող հետվճարը ստանալ: Հիմա սրանք որոշել են, որ նրանք, ովքեր որ նոր քարտեր են ունենալու ու մտնելու են անկանխիկ գործարքների մեջ, դա անեն ապրիլի 1-ից: Ցույց են տալիս, որ դրանով լավություն են անում մեր ժողովրդին, որպեսզի իբր ցնցումներ չլինեն, սահուն կերպով հետվճարի մուծումը սկսեն ապրիլից: Այսինքն, ամեն թոշակառու կկորցնի ամսական 10 հազար, այսինքն՝ 3 ամսում 30 հազար դրամ»,- բացատրում է տնտեսագետը:

Այսպիսով, հետվճարի կարգավորման կիրառումը հետաձգվում է: Թոշակառուներին, որոնք հավատացել էին կառավարությանը, խաբեցին ու քցեցին 30 հազար դրամով:

«Նույն պատմությունն էլ բժշկական ապահովագրությունն է: Իբր հունվարի 1-ից պետք է լինի, բայց չեն կարողանալու: Օրենքը դեռ հաստատված չէ, փաթեթները նոր դրել են e-draft հարթակում, այնքան ենթաօրենսդրական ակտեր կան, որ կյանքի պետք է կոչվեն, պետք է հիմնարկ ստեղծվի, ապահովագրական հիմնադրամ՝ չեն հասցնելու: Սա են իրենք, խայտառակություն է: Ամեն ինչ կիսատ-պռատ է, նախընտրական տրամաբանության մեջ»,- ասում է «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր, Արսեն Թորոսյանի նախկին գործընկեր Ծաղիկ Վարդանյանը, զուգահեռներ անցկացնելով երկու տապալված ոլորտների՝ կենսաթոշակառուների հետվճարների եւ առողջապահության ապահովագրության միջեւ:

Նկատենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը բուռն փիառ գործունեություն է իրականացնում, գրեթե ամենօրյա ռեժիմով ակտիվ բլոգերություն է անում Ֆեյսբուքում: Զարմանալ կարելի է, թե ինչպես է նա, լինելով Հայաստանի ամենածանր ոլորտներից մեկի պատասխանատուն, հանդիսանալով տարեցտարի աղքատության անդունդը գլորվող ՀՀ սոցապնախարարը, ժամանակ գտնում քաղաքական մեկնաբանություններ անելու, ընդդիմության հասցեին ավել-պակաս խոսելու, այլ ծանր ոլորտների հարցերը շոշափելու, կրթության որակին, դպրոցաշինությանն անդրադառնալու: Օրինակ, երկու օր առաջ նախարարն իր բազմազբաղ առօրյայից ժամանակ հատկացրեց ընդդիմադիրների հետ հեռակա երկխոսության բռնվելու, նրանց ոչնչացնելու համար: Անդրադառնալով ՔՊ-ի հետ չհամագործակցելու նրանց որոշմանը, նա այսպես է դիմում քաղաքական հակառակորդներին. «Հարգելիներս, նախ պետք է հաղթահարել անցողիկ շեմը։ Խնդրում եմ սա չմոռանալ … Ժողովուրդն ու մենք պարզապես երջանիկ ենք, որ դուք մեզ չեք միանալու: Ավելի լավ լուր դժվար թե ստանայինք», ու վերջում՝ սմայլիկ: Սա գրում է մի գործիչ, որին, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, հազիվ թե որեւէ մեկը, բացի բժշկական նեղ շրջանակներից, ճանաչեր, առավել եւս` ձայն տար: Ընդդիմությանն Արսեն Թորոսյանն անվանում է «փրփուրներից կախվող ձեւիստներ», «ուռա հայրենասերներ» եւ այլն: Քաղաքական հայտարարությունների արանքում նա հասցնում է պատմել Երեւանում շրջող թուրքական շտապօգնության մեքենայի մասին՝ համարելով դա նորմալ երեւույթ, անդրադառնում է պետական պարտքին, ձեռք է առնում «Մեր ձեւով» շարժման ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին, որը հանդգնել է խոսել այդ պարտքից կքած մեր մանուկների մասին եւ այլն:

Բայց ժամանակին այնքան լավ տնօրեն էր: Ճիշտ է, բուժհաստատությունը փոքր էր, միայն հետազոտություններ էր անում` 4-5 աշխատատեղով, բայց Թորոսյանը երբեք չէր խուսափում սուր հարցազրույցներ տալուց, իշխանության հասցեին քննադատություն հնչեցնելուց: Ու ոչինչ` նրան չէին կալանավորում, բիզնեսին չէին դիպչում` շարունակում էր տնօրեն աշխատել: