Նոր մեկնարկած տարին՝ 2026-ը ուժի մեջ մտավ ոչ թե քաղաքական երկխոսությունների, սուրբ ծննդյան տոների ուրախությունների և այլ բերկրալի իրադարձությունների միջոցով, այլ իրեն աշխարհի թիվ մեկ «դատավոր և ոստիկան» համարող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային քայլերով ու հայտարարություններով։
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ռմբակոծումը, այդ պետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վերջինիս կնոջ գերեվարումն ու ԱՄՆ տեղափոխումը՝ Թրամփի տարեսկզբյան ամենաուշագրավ ու ամենաէքսցենտրիկ գործողությունն էր։ Բայց ամերիկացի առաջնորդը միայն սրանով չալեկոծեց աշխարհը․ նա հայտարարեց մի քանի երկրին Վենեսուելայի «օրինակով պատժելու մասին», Իրանին համարյա պատերազմի ակնարկ արեց, նաև կրկին պնդեց՝ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին, այլ խոսքով՝ բացահայտ հայտարարեց կղզի-պետությունը զավթելու մասին։
Դանիայի իշխանությունները, բնականաբար, նրան պարզ հասկացրեցին՝ «ձեռքերդ հեռու Գրենլանդիայից», բայց Թրամփի պես խելահեղ գործչի համար, կյանքը ցույց տվեց, որ որևէ մեկի նախազգուշացումներն առ ոչինչ են, և ինքն է, իր խոսքով, «առաջին դեմքը»։
Բալթյան երեք երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ներկայացուցիչները համակարգված հայտարարություններ են տարածել Դանիայի և Գրենլանդիայի աջակցության վերաբերյալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու նկատմամբ ամերիկյան վերահսկողության անհրաժեշտության մասին նոր հայտարարությունների ֆոնին։
Երեք երկրների քաղաքական գործիչները ընդգծել են, որ Գրենլանդիայի վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն Կոպենհագենում և գրենլանդացիների կողմից։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը սոցիալական ցանցերում նշել է, որ Դանիան մնում է ուժեղ ժողովրդավարական պետություն և ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից, և որ Գրենլանդիան այդ պետության անբաժանելի մասն է։ Նա նաև ճանաչել է Միացյալ Նահանգների օրինական անվտանգության շահերը՝ ընդգծելով, որ նման հարցերը պետք է լուծվեն դաշնակիցների միջև ուղիղ երկխոսության միջոցով և կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների շրջանակներում, այլ ոչ թե միակողմանի հայտարարությունների միջոցով։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքները։ Նրա խոսքով՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը համաշխարհային կայունության հիմքն է, և որ բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է, որ Դանիան և Գրենլանդիան իրենք են որոշում իրենց քաղաքականությունն ու ապագան։
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան նմանատիպ դիրքորոշում են հայտնել։ Նրանք հայտարարել են, որ Գրենլանդիայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող կայացվել առանց Գրենլանդիայի և Դանիայի համաձայնության։
Լիտվան նույնպես միացել է այս դիրքորոշմանը: Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հիշեցրել է, որ Գրենլանդիան Դանիայի մաս է կազմում, որը ՆԱՏՕ-ի անդամ է:
Նրա խոսքով՝ կղզու վերաբերյալ բոլոր քննարկումները վերաբերում են տրանսատլանտյան անվտանգությանը, սակայն ցանկացած որոշում կարող է կայացվել միայն Կոպենհագենում և Նուուկում (Գրենլանդիայի մայրաքաղաք), և ոչ թե դրանցից դուրս:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը CNN-ին ասել էր, որ «նախագահը (Դոնալդ Թրամփը) հստակ է արտահայտվել. Միացյալ Նահանգները պետք է լինի մի ազգ, որը Գրենլանդիան ներառում է որպես մեր համատեղ անվտանգության ապարատի մաս: Ես պարզապես ուզում եմ հստակեցնել, որ սա ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումն է եղել այս վարչակազմի սկզբից ի վեր, և, անկեղծ ասած, Թրամփի նախորդ վարչակազմից ի վեր։
Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս: Նախագահը շատ հստակ է եղել այս հարցում: Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու, ՆԱՏՕ-ի շահերը պաշտպանելու համար պարզ է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս: Մենք գերտերություն ենք, և նախագահ Թրամփի օրոք մենք կգործենք որպես այդպիսին»:
Ի դեպ, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ևս քննադատաբար է արտահայտվել Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ Գրենլանդիայի ճակատագիրը պետք է բացառապես որոշեն Գրելնադիան և Դանիայի թագավորությունը։
Փաստորեն, տարեսկիզբը կրկին նշանավորվում է թրամփիզմի թելադրած օրակարգով՝ հաշվի առնելով, որ ամերիկյան ուժերի կողմից և Դոնալդ Թրամփի անմիջական հրահանգով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելուն, ձերբակալելուն և Նյու Յորքի դատարան տեղափոխելուն զուգընթաց, Սպիտակ տան ղեկավարը Լատինական Ամերիկայի ևս երեք երկրի՝ Կոլումբիայի, Պարագվայի և Մեքսիկայի նկատմամբ «սև ցուցակ» է պատրաստել։
Նա նաև սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե այդ երկրի ղեկավարությունը բռնի ուժ կիրառի և արյունահեղություն իրականացնի երկրում շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների շրջանում։
Իրադարձությունների նման ընթացքը սուր հանգուցալուծումներ է ենթադրում, թե որքանով դրանք կհասնեն մեր տարածաշրջան և որքան վտանգավոր հետևանքներ կունենան՝ առայժմ մտահոգիչ կանխատեսումներ կան․․․






Բաց մի թողեք
Ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, քվեարկել են ագահ ավազակների օգտին․ Կոլումբիայի նախագահ
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գրենլանդիան գրավելու մի քանի սցենար. Reuters
Հողին կհավասարեցնենք․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին, վերջինս պարսկերենով է պատասխանել