Լեհական Onet կայքը բացահայտել է ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանի» հիմնական սկզբունքները, որ օգոստոսի 5-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը Կրեմլում ավելի քան երեք ժամ տևած հանդիպմանը ներկայացրել է Վլադիմիր Պուտինին:
Այս տեղեկության հավաստիությունը բավական բարձր է, եթե նկատի ունենանք, որ Ուիթկոֆի Վաշինգտոն վերադառնալուց և Պուտինի հետ բանակցությունների արդյունքները քննարկելուց հետո ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ և շատ հավանական է, որ Լեհաստանի ղեկավարությունը միջնորդավորված տեղեկացվել է ամերիկյան առաջարկությունների սկզբունքային կետերին:
Եվ այսպես, Միացյալ Նահանգներն Ռուսաստանին առաջարկում են Ուկրաինայում «հաստատել համապարփակ հրադադար, ոչ թե՝ լիարժեք խաղաղություն, ռուսաստանյան տարածքային նվաճումների փաստացի ճանաչում՝ իրավական կարգավիճակի հարցը հետաձգելով 49 կամ 99 տարով, պատժամիջոցների մեծ մասի չեղարկում, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ էներգետիկ համագործակցության վերականգնվում, այսինքն՝ ռուսական գազի և նավթի ներմուծման վերականգնում»:
Ընդսմին, ամերիկյան առաջարկություններում չկան «ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ, ինչպես նաև՝ Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու խոստումներ»:
Նախ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը, ապա անձամբ Վլադիմիր Պուտինը հաստատել են, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, այն կկայանա եկող շաբաթվա ընթացքում: Պուտինը նույնիսկ ասել է, որ հանդիպումը կարելի է անցկացնել Արաբական միացյալ էմիրություններում:
«Թրամփի պլանի» նշված սկզբունքային կետերի վերլուծությունից հետևում է, որ դրանք լիովին հակասում են ուկրաինական կարգավորման այն նախապայմաններին, որ ավելի քան երեք տարի է՝ Ռուսաստանի նախագահը պնդում է: Իսկ եթե գնահատելու լինենք զուտ ֆորմալ առումով, ապա այդ պլանով որևէ փաստաթղթի ստորագրումը հակասում է Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը, որտեղ Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ճանաչված են ՌԴ անբաժանելի մաս:
Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի նախագահը, արտաքին գործերի նախարարը, Կրեմլի և ԱԳՆ պաշտոնական խոսնակները, երբ հարց է ուղղվել ուկրաինական կարգավորման «տարածքային բաղադրիչի» մասին, հստակ հղում են արել ՌԴ սահմանադրությանը, խորհուրդ տվել ուսումնասիրել այն:
Եթե Պուտինը համաձայնել է Թրամփի հետ հանդիպմանը, նշանակում է նա պատրաստ է քննարկել ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը: Ռուսաստանի նախագահն ինքն է բազմիցս ասել, որ Թրամփի հետ հանդիպման պատրաստ է, բայց այն պետք է լրջորեն նախապատրաստվի: Այժմ այդ հանդիպումը լրջորեն նախապատրաստվա՞ծ է:
Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե Պուտինը հարկադրված լինի «Թրամփի պլանի» հիման վրա որևէ պայմանագիր կամ հուշագիր, մտադրությունների մասին արձանագրություն ստորագրել: Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավը, որ երեքուկես տարի հավատացել է, որ «հատուկ ռազմական գործողությամբ նախանշված բոլոր նպատակները պետք է իրականություն դառնան», ինչը փաստացի ենթադրում է ուկրաինական պետության կազմալուծում, կընդունի՞ Պուտինի փաստացի պարտությունը, թե կնախաձեռնի իմպիչմենթի գործընթա՞ց՝ նրան մեղադրելով ՌԴ սահմանադրությունը խախտելու մեջ:
Թրամփ-Պուտին հանդիպումը վերջնագծային է: Ընդ որում, «Թրամփի պլանը» համաձայնեցված եվրոպական դաշնակիցների հետ:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի