Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը համարում է «ոչ օրինական», բայց գտնում է, որ Դոնալդ Թրամփը «հետևողականորեն պաշտպանում է իր երկրի շահերը և նույնիսկ չի թաքցնում, որ նպատակը վենեսուելական նավթի և այլ հանածոների բռնագրավումն է»:
Մեդվեդևը համարում է, որ ԱՄՆ-ը Մադուրոյի առևանգումից հետո «Ռուսաստանին որևէ քայլի համար նույնիսկ կշտամբել չի կարող»:
Մեդվեդևը ՏԱՍՍ-ին հարցազրույցում ասել է, որ Վենեսուելայի դեպքերից հետո կարող են լինել այլ երկրների առաջնորդների առևանգման դեպքեր ևս: Նա, մասնավորապես, խոսել է Գերմանիայի «նեոնացիստ կանցլեր» Ֆրիդրիխ Մերցի առևանգման մասին, որը, նրա կարծիքով, այդ «կառնավալային սերիալի հոյակապ սյուժե կարող է լինել»:
Մեդվեդևը կարծում է, որ դա «միանգամայն իրատեսական է», քանի որ Մերցին «հետապնդելու պատճառներ անգամ Գերմանիայում կան, չէ՞ որ քաղաքացիներն անիմաստ տառապում են»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, ինչպես հայտնի է, «խստորեն դատապարտել» է Մադուրոյի առևանգումը: Մոսկվայում, երևում է, արագորեն վերակողմնորոշվել են և փորձում են Վենեսուելայի շուրջ իրավիճակից առավելագույն քաղաքական շահ քաղել, որ խոսքի հեգնական տոնով ձեւակերպել է Վլադիմիր Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը. «Եթե ԱՄՆ նախագահը հանուն երկրի ազգային շահի տապալում է ընտրված նախագահին և նրան կանգնեցնում դատարանի առաջ, ապա Ռուսաստանը նույնպես ազատ է իր գործողություններում, քանի որ այդպես է պահանջում նրա պետական շահը»:
Մեդվեդևի ՏԱՍՍ-ին հարցազրույցը նախորդում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցով եվրոպական երկրների առաջնորդների հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
Վերջինս հույս է հայտնել, որ մինչև հունվարի վերջ հնարավոր կլինի կազմակերպել իր և եվրոպական մի քանի առաջնորդի Միացյալ Նահանգներ այցը, որպեսզի «փաստաթուղթը վերջնական տեսքի բերվի»:
Մոսկվան փորձում է Ուկրաինայի և եվրոպական երկրների որևէ համաձայնություն ի սկզբանե «ոչ լեգիտիմ» ներկայացնել՝ օգտագործելով «միջազգային իրավունքի փլուզման իրողությունը»: Վենեսուելայի նախագահի առևանգման մասին խոսելիս Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմը համարել է «շատ պրիմիտիվ»:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, կարծես, հակադարձում է, որ Մոսկվան «կարող է ավելին անել»:
Ուկրաինական թելեգրամ-ալիքներից մեկը գրել է, որ Մադուրոյի առևանգման կապակցությամբ Վլադիմիր Պուտինը «խստորեն ի ցույց է դրել» Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինին, որին այդպես էլ «չի հաջողվել տեղորոշել Ուկրաինայի նախագահի պահեստային նստավայրը»:
Ի՞նչ հանձնարարականներ են տրվել Ռուսաստանի հատուկ ծառայություններին, միայն կարելի է ենթադրել: Մադուրոն առևանգվել է ՌԴ նախագահի Վալդայի նստավայրի դեմ ուկրաինական «ԱԹՍ-երի գրոհի» մասին տեղեկության և դրա շուրջ ռուս-ամերիկյան «տարընթերցման» ֆոնին:
«Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը համարում է, որ Դոնալդ Թրամփը «վերահաստատում է արեւմտյան կիսագնդում ԱՄՆ-ի լիակատար հսկողությունը»: Արևելյան կիսագնդում Ռուսաստանը կարո՞ղ է «ժանդարմ լինել»:






Բաց մի թողեք
«Թրամփի ուղի» նախագծի իրացման համար հավելյալ բարդություններ Իրանի ու Ադրբեջանի կողմից
Թուրքիան նավթի հոտ է առել, ձեռնոց է նետում ԱՄՆ-ին
Չեչնիայում հաստատվում է դինաստիական-կլանային իշխանություն` ընդդեմ Պուտինի