26/12/2025

Իսկ ո՞վ ասաց, որ աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է որոշեն` ով է լինելու Հայաստանում իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնեց Ռուսաստանի Դաշնություն` աշխատանքային այցով։ Սանկտ Պետերբուրգում նա մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ երեկ` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ապա առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, տարին ամփոփող ավանդական խնջույքն է, պատկերավոր ասած` ռուսական ազդեցության տակ գտնվող երկրների ղեկավարների կորպորատիվ հավաքը, որով Պուտինն աշխարհին ցույց է տալիս, թե որ երկրներն են ռուսական ազդեցության գոտում։ Հարց է ծագում՝ Հայաստանն ինչպե՞ս է մասնակցում այդ հավաքին, եթե ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին տարիներին բոյկոտում են ռուսական հարթակների միջոցառումները, ՀԱՊԿ-ում մեր անդամությունն են սառեցրել, էլ չենք խոսում, որ ՀՀ իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ ընտրություններից առաջ Հայաստանին ՌԴ-ից պաշտպանելու, ակնկալվող հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրա եղբորն էլ ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ են հռչակել։

Քաղաքական լարախաղացությունը, ինչ խոսք, բնորոշ է այս իշխանությանը, բայց այս լարախաղացությունը մի պատճառ ունի` իշխանական աթոռները պահելը, հանուն որի նրանք ամեն ինչի ընդունակ են: Սակայն արդյո՞ք շարունակաբար մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականություն կիրառող Ռուսաստանն այս անգամ էլ կհովանավորի Փաշինյանին եւ ինչպես 2021 թվականին լոյալություն դրսեւորեց նրա վերարտադրության հարցում, հիմա էլ երկակի խաղեր կվարի` մի կողմից աջակցելով ու ոգեւորելով ընդդիմությանը, մյուս կողմից` Փաշինյանին, որն այլեւս չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ պատրաստ է անգամ թուրք-ադրբեջանական տանդեմին ենթարկվել, միայն թե թոթափի Ռուսաստանից կախվածությունը:

«Ի՞նչ է կորցրել Փաշինյանը ՌԴ-ում»,- Հրապարակ թերթի հարցին քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանել է. «Ընդհանրապես, տրամաբանական կլիներ Հայաստանի ղեկավարի մասնակցությունը ԵԱՏՄ բոլոր գագաթնաժողովներին եւ, առհասարակ, ռուսական հարթակների միջոցառումներին՝ կլինի ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլն, որովհետեւ մենք երկկողմ եւ բազմակողմ դաշնակցային պայմանագրերով հարաբերություններ ունենք հենց այդ երկրների հետ: Սովորական իրավիճակում, կարծում եմ՝ Դուք այդ հարցը չէիք տա, բայց, մյուս կողմից, հարցը լեգիտիմ է, որովհետեւ Հայաստանի իշխանությունը չի հրաժարվում երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մոլագար ցանկությունից, եթե անգամ դրա համար որեւէ նախադրյալներ չկան, եւ, այո, ներքաղաքական նպատակներով շահարկում է հիբրիդային պատերազմի թեման»։

Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետի խոսքով, անգամ արտաքին քաղաքականությունն է ծառայեցնում իր ներքին օրակարգին, այն է՝ ընտրություններից առաջ փորձում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ դրական հարաբերություններ կառուցել՝ հնարավոր ռիսկերից իրեն ապահովագրելու նպատակով: «Օրինակ, 2021 թվականին ինքը Պուտինի նկարի առջեւ մոմ վառելով վերարտադրվեց։ Հիմա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի է փորձում ենթարկել իր շփումները»։ Մինչդեռ իրականում Փաշինյանն իր ընտրությունը կատարել է եւ «Հայաստանը վերածել է Արեւմուտքի նեոլիբերալ գլոբալիստական ուժերի ֆորպոստի»: Միեւնույն ժամանակ փորձում է Ռուսաստանի եւ նրա հետ աֆիլացված կառույցների հետ հարաբերություններ պահպանել։

Իսկ այն, ինչ Փաշինյանին հաջողվեց իրագործել 2021-ին, կհաջողվի՞ նաեւ 2026-ին, չէ՞ որ 5 տարի առաջ ՌԴ-ԵՄ հակասություններն այսքան խորացած չէին, որքան հիմա, եւ Հայաստանն էլ ակնհայտ հակառուսական կուրս է վերցրել։ «Այո, 2021 թվականին չկար մի կարեւոր բան՝ արեւմտյան որեւէ կենտրոն չէր փորձում Հայաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ, որովհետեւ իրենք ՀՀ խնդիրները գիտակցում էին եւ ըմբռնումով էին մոտենում ՀՀ արտաքին քաղաքական կուրսին, հիմա իսկապես վիճակ է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի հույսը թերեւս այն է, որ ինքը կարող էր այդ հակասությունների վրա խաղալ, յուրաքանչյուրի հետ հարաբերություններում ինչ-որ կարմիր գծեր պահպանել եւ այդպիսով լուծել իր խնդիրը»։

Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանն այս անգամ կհաջողի մի դեպքում միայն, եթե Հայաստանում չձեւավորվեն ընդդիմադիր այլընտրանքային արդյունավետ կենտրոններ։ «Եթե նման կենտրոններ չձեւավորվեն, ինքն էլ իշխանության է, ամեն դեպքում, աշխարհաքաղաքական յուրաքանչյուր կենտրոնի ինչ-որ տալու բան ունի, բայց եթե ուժեղ ընդդիմադիր այլընտրանքային կենտրոններ ձեւավորվեն, այս տրամաբանությունը չի աշխատի»,- վստահեցրեց քաղաքագետը։ Բայց բոլորը պնդում են, որ աշխարհաքաղաքական կենտրոններին ձեռնտու է թույլ ղեկավարը, որ ինչպես ուզեն, այնպես կառավարեն։ «Իհարկե, դա այդպես է, բայց համաշխարհային գլոբալ հակադրությունն այնպիսի մակարդակի վրա է, որ Ձեր ասած թույլ ղեկավարը հաճախ ստիպված է լինում որեւէ կենտրոնի ուղղությամբ ավելի սերտ քայլեր անել, ինչի պատճառով մեծանում է մյուս կենտրոնից հարված ստանալու հավանականությունը»,- ասաց Սուրենյանցը:

«Իսկ ո՞վ ասաց, որ աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է որոշեն` ով է լինելու Հայաստանում իշխանությունը, որ ասում եմ՝ այլընտրանքային ուժեղ կենտրոնների ձեւավորում, դա ենթադրում է, որ հասարակական սուբյեկտությունն այն մակարդակի պետք է բարձրացնեն, որ աշխարհաքաղաքական կենտրոնները դրանց հետ հաշվի նստեն, իսկ եթե դա չեն կարողանում անել, արտաքին կենտրոններից յուրաքանչյուրն այս երկրից վերցնելու է այն, ինչ կարողանալու է»։ Նրա խոսքով, այս պահին կան նշաններ, որոնք հավանական են դարձնում 3-4 կենտրոնների ձեւավորումը, որոնք կարող են խափանել Փաշինյանի ծրագրերը: «Փաշինյանն ամեն ինչ պիտի անի, որ ընտրություններին մասնակցեն քիչ թվով մարդիկ, որպեսզի իշխանական ռեսուրսներն ու ռեպրեսիաները կշիռ ունենան, ընդդիմության խնդիրը պետք է լինի 50+1 տոկոս մասնակցություն ապահովելը»։