27/12/2025

Իրանը և Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում կարո՞ղ են համագործակցել

Աստանայում ավարտվել են Ղազախստանի և Իրանի նախագահների բանակցությունները, որ ընթացել են երկու՝ դեմ առ դեմ և պատվիրակությունների ընդլայնված կազմով ձևաչափում:

Այդ մասին հաղորդում է tengrinews-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության գրավոր հայտարարությանը: Նշվում է, որ կողմերը ստորագրել են միջկառավարական և միջգերատեսչական ութ համաձայնագիր, որոնց բովանդակությունը, սակայն, չի մանրամասնվում:

Բանակցությունների ավարտին Կասիմ Ժոմարթ Տոկաևը և Մասուդ Փեզեշքիանը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ղազախստանի նախագահն Իրանն անվանել է «բազմահազարամյա քաղաքակրթության ժառանգորդ» և «միջազգային բարձր հեղինակություն վայելող» երկիր:

Տոկաևը հատուկ ընդգծել է տեխնոլոգիաների բնագավառում Իրանի վերջին տարիների ձեռքբերումները: Ձևակերպելով, որ Ղազախստանի համար Իրանը «դարպաս է դեպի Հարավ-արևմտյան Ասիա և Հյուսիսային Աֆրիկա», Ղազախստանի նախագահը կարևորել է կողմերի միջև երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային հաղորդակցությունը և նշել, որ Աստանան այդ ուղղությամբ մեծածավալ նախագծեր է իրականացնում:

Պատասխան խոսքում Իրանի նախագահը Ղազախստանն անվանել է «սահմանակից երկիր»՝ նկատի ունենալով Կասպից ավազանը, նույնպես կարևորել երկկողմ առևտրա-տնտեսական և մշակութային համագործակցությունը: Փեզեշքիանը չափազանց կարեւոր ընդգծում է արել, ըստ որի «միջազգային հարցերում երկու երկրների տեսակետները համընկնում են»:

Ըստ երևույթին, Իրանը Ղազախստանի հետ համագործակցությամբ փորձում է որոշակիորեն հաղթահարել մեկուսացվածությունը: Իր հերթին Ղազախստանը շահագրգռված է Իրանի տարածքով բեռնափոխադրումների հարցում:

Իր հերթին Irna գործակալությունը հայտնել է, որ մոտ ապագայում տեղի կունենա Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպում: Այդ մասին ծանուցել է Մոսկվայում Իսլամական հանրապետության դեսպան Ջալալին:

Ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահը Ղազախստանից կմեկնի Թուրքմենստան, որտեղ դեկտեմբերի 12-ին կժամանեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ տեղեկությունների, նախատեսված է նաև Պուտին-Էրդողան հանդիպում:

Դեկտեմբերի 9-10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Բաքվում հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Սամիր Շարիֆովի և Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Այդ առթիվ ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը շեշտադրել է նաև Կասպից ավազանում կողմերի համագործակցության թեման: Ռուսաստանը և Ադրբեջանը Կասպից ավազանում էներգետիկ ծրագրերը համաձայնեցնելու պայմանավորվածություն ունեն:

Կենտրոնական Ասիա-Կասպից ավազան-Հարավային Կովկաս համագործակցությունը քաղաքական և անվտանգային առումներով և հնարավորություն է, և՝ մարտահրավեր: Ռուսաստանը լրջագույն հակասություններ ունի Եվրամիության հետ, որ իր հերթին վերջերս վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները:

Իրանը և Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում կարո՞ղ են համագործակցել: Հայտնի է դարձել, որ Իրանի արտգործնախարար Արաղչին մինչև տարեվերջ կայցելի Մոսկվա: