Լևոն Զուրաբյանը այսօր ասուլիսի ժամանակ պատմեց, թե 2018 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ խորհուրդներ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Զուրաբյանի խոսքով, առաջին խորհուրդը վերաբերում էր Արցախի կարգավորման փաստաթղթերի հրապարակմանը։ Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացած վերջին փաստաթուղթը, քանի որ դա կօգներ հետագայում հեշտացնել կարգավորման գործընթացը և ցույց կտար, թե ինչ ժառանգություն է մնացել։
Զուրաբյանը հիշեցրեց, որ նման քայլ արվել է նաև 2007 թվականին. Տեր-Պետրոսյանը հրավիրել էր ամերիկյան դեսպանին և առաջարկել հրապարակել Մադրիդյան սկզբունքները, որպեսզի նոր նախագահը՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը, թե ինքն է ընտրվում, կարողանա հեշտությամբ շարունակել կարգավորման աշխատանքները։ Առաջին անգամ Մադրիդյան սկզբունքները հրապարակվել են 2007թ․ դեկտեմբերին՝ այդ հանդիպումից հետո։
Երկրորդ խորհուրդը վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և դարձել է նրանց համար անվստահելի։ Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտ է համակարգված աշխատել Ռուսաստանի հետ՝ նախարարությունների միջոցով, բարձրացնել հարաբերությունների մակարդակը և ապահովել վստահություն։
Երրորդ առաջարկը վերաբերում էր Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, սակայն Փաշինյանը մերժել է այս առաջարկը։
Լևոն Զուրաբյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր որոշումներով, գործնականում լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան։ Արդյունքում, Հայաստանի կողմից կորցվել է Արցախը, և մոտ 5000 մարդ է զոհվել։
Նա պնդեց, որ Փաշինյանը Ալիևին պատերազմ սկսելու «քարտ-բլանշ» է տվել։
Նա նաև ընդգծեց, որ վարչապետը պատշաճ չի իրականացրել փաստաթղթերի հրապարակումը, քանի որ ներկայացվել են միայն Ադրբեջանի առաջարկները, բայց ոչ հայկական կողմի պատասխանները։






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով