26/12/2025

Խաթարվում է միեւնույն դավանանքի հետեւորդների միասնությունը

Եկեղեցական թեմայով Նիկոլ Փաշինյանի երեւակայությունը գնալով նոր հորիզոններ է բացում: Օրերս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը առաջարկեց Սուրբ եւ Անմահ պատարագից առաջ Մայր Աթոռի կամարների տակ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը եւ կախել ՀՀ պետական դրոշը:

«301 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ) ստեղծվել է պետության կողմից ու պետության որոշմամբ. ճիշտ կլինի, որ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

Թե ինչ է դա նշանակում եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել՝ նկարագրված է ստորեւ:

Ընդհանրապես՝ ավանդական եկեղեցիները նման փորձուսում չունեն: Թե՛ Կաթոլիկ եւ թե՛ Ուղղափառ եկեղեցիներում պատարագի արարողության ժամանակ համապատասխան երկրների ինչպես պետական օրհներգերի կատարման, այնպես էլ պետական դրոշների ցուցադրության մշակույթ չկա, որովհետեւ, օրինակ, կաթոլիկ եկեղեցիներ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում, հետեւաբար՝ տվյալ երկրների դրոշները կախելով եւ օրհներգերը երգելով, փաստորեն, պառակտում են Եկեղեցին՝ ըստ ազգային հատվածների:

Այլ կերպ ասած՝ խաթարվում է միեւնույն դավանանքի հետեւորդների միասնությունը:

Նույնը կարելի է ասել Ուղղափառ եկեղեցիների մասին, որոնք նմանապես գործում են մի շարք երկրներում: Բնականաբար՝ ոչ մի երաշխիք չկա, որ այդ երկրներում թեմեր ունեցող, ասենք, ռուսական, վրացական կամ սերբական եկեղեցիները կարող են անխոչընդոտ իրենց ուղղափառ համայնքներում, որտեղ մեծամասնությունը տեղի քաղաքացիներն են, կախել այլ երկրների դրոշներ կամ օրհներգեր նվագել:

Այսինքն՝ եկեղեցիները՝ լինելով ազգային ինքնությունը միավորող գործոն, երբեմն կարող են բախվել խտրականության՝ արդեն ըստ քաղաքացիական պատկանելության: Եկեղեցին վերպետական ազգային կառույց է, որը միավորում է սփյուռք ունեցող հանրություններին՝ դառնալով ազգային ինքնության կարեւորագույն հենասյուն:

Եկեղեցիներում օրհներգ հնչեցնելու եւ դրոշ կախելու ավանդույթ գոյություն ունի ԱՄՆ-ի բողոքական հարանվանության՝ մկրտական, մեթոդիստական, երեցական համայնքներում, որտեղ պատարագների ժամանակ երբեմն կատարում են իրենց ազգային օրհներգը եւ կախում են ազգային դրոշը. դա բողոքական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է:

Իսկ Փաշինյանի այն պնդումը, թե 301 թվականին եկեղեցին ստեղծվել է պետության կողմից եւ պետության որոշմամբ, այնքան էլ այդպես չէ: 301թ.-ին Հայաստանը պարզապես դարձել է քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետությունը: ՀԱՍԵ-ն ստեղծվել է շատ ավելի վաղ եւ կազմավորման տեւական հոլովույթ է անցել:

Հին աշխարհի պատմությունը վկայում է, որ Հայոց եկեղեցին հիմնվել է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զույգ առաքյալների՝ Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի քարոզչության արդյունքում, որոնք էլ ձեռնադրել են առաջին հայ եպիսկոպոսներին: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու առաջարկին, ապա դա կարող է այլ երկրների պարագայում խնդրահարույց լինել:

Դժվար է պատկերացնել Պոլսի հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի կատարման կամ մեր Եռագույնի տեղադրման հնարավորությունը: Էլ ավելի աներեւակայելի է նման միջոցառումներն արտերկրի հայոց եկեղեցիներում՝ տվյալ երկրների պետական խորհրդանիշների ուղեկցությամբ իրականացնելը:

Պարզ է, որ ՀՀ եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու դեպքում նույնը պիտի անեն նաեւ այլ երկրներում, որտեղ հայկական եկեղեցիներ կան՝ ԱՄՆ-ում կկատարվի Միացյալ նահանգների պետական օրհներգը, Ֆրանսիայում՝ իրենցը, Սիրիայում՝ իրենցը եւ այդպես շարունակ:

ՀԱՍԵ-ն դրանով կդադարի լինել ազգային ինքնության գործոն, իսկ առաջին դաժանագույն հարվածը կհասցվի հայկական սփյուռքին, որը ժամանակի ընթացքում կարող է ուծացվել կամ փոխել դավանանքը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եկեղեցու շուրջ, կարծես թե, ազգի դավանափոխության փորձ է, որին Փաշինյանը ջանում է լծել նաեւ իր կողմն անցած հոգեւորականներին:

Պատահական չեն նրա պատմույթները, որոնց անդրադարձանք, ինչպես նաեւ այն թեզերը, թե կաթողիկոսին պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Սա մոլագարության հասնող մտասեւեռում է:

«Հայացք Երեւանից»