26/12/2025

Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն վերջերս կնքված փաստաթղթի առնչությամբ՝ հայտարարելով, որ դա խանգարում է խաղաղության հաստատմանը: ՀՀ ԱԳՆ-ն դրան արձագանքեց, բայց դա շատ թույլ արձագանք էր, որն ավելի շատ արդարացում էր հիշեցնում։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանի նման պահվածքը մի քանի բացատրություն ունի: Առաջին հերթին, Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կովկասում գերիշխող դիրք զբաղեցնել, եւ, նրանց պատկերացմամբ, որեւէ կենտրոն, լինի դա Եվրամիություն, թե Միացյալ Նահանգներ, չի կարող Հարավային Կովկասում ինչ-որ հարց լուծել՝ առանց իր համաձայնության: «Երկրորդը․ իհարկե, Ադրբեջանը ցանկանում է Արեւմուտքի հետ հարաբերություններն ամրապնդել, պարզապես ուզում է, որ դա լինի իր թելադրանքով, որ ինքը թելադրի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները: Ադրբեջանը փորձում է նաեւ իր՝ իբրեւ կոշտ կեցվածքով դուր գալ Ռուսաստանին, որովհետեւ Ռուսաստանն ակնհայտորեն բացասաբար է վերաբերվում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, եւ Ադրբեջանն իր այդ դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ՝ տեսեք, Հայաստանն է, որ դրսից ուժեր է բերում մեր տարածաշրջան: Ամեն դեպքում, Արեւմուտքի հիմնական շահն այստեղ այն է, որ բացվի Միջին միջանցքը՝ Ռուսաստանի եւ Իրանի վերահսկողությունից դուրս։ Ադրբեջանը ցանկանում է հասկացնել Արեւմուտքին, որ դա անհնար է առանց իրեն, հետեւաբար, դրանից բխող առավելություններն ու շահերը ինքը պիտի ստանա, այսինքն՝ տնտեսական առավել մեծ չափաբաժին է պահանջում դրա համար»,- ասաց Բաղդասարյանը:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Փաշինյանի՝ դեպի Եվրամիություն գնալու միտումը պայմանավորված է նաեւ Ադրբեջանին այդ հնարավորությունն ընձեռելով։ Քաղաքագետն ասաց, որ Հայաստանը չի կարող միայնակ գնալ դեպի Եվրոպա, ե՛ւ Վրաստանը չի կարող, ե՛ւ Ադրբեջանը չի կարող: Դրա համար էլ հավաքական արեւմտյան խոսույթն արդեն մի քանի տարի այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները պիտի լինեն ընդհանուր անվտանգային համակարգում՝ նրանք այդ տարածքը տեսնում են որպես միասնական տարածք: «Հայաստանը չի կարող գնալ դեպի Արեւմուտք՝ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի համաձայնության եւ լոյալության, նույնն էլ Ադրբեջանը՝ չի կարող ձգտել դեպի Արեւմուտք՝ առանց Հայաստանի եւ Վրաստանի։ Պարզապես խնդիրն այն է, որ Ադրբեջանը համարում է, որ հիմնական խաղացողն ինքն է Հարավային Կովկասի երկրների մեջ, իր ասածն այն է, որ եթե դուք ուզում եք այս տարածաշրջանը քաշել դեպի Արեւմուտք, ապա մեզ հետ պիտի խոսեք, ոչ թե՝ Հայաստանի հետ, որովհետեւ այստեղ թելադրողը մենք ենք: Հիշո՞ւմ եք, երբ Ալիեւն անդրադարձավ խաղաղության խաչմերուկ ծրագրին՝ այսպես կոչված, հայտարարեց, որ այդ խաղաղության խաչմերուկը թղթի կտոր է: Նկատի ուներ, որ եթե մենք համաձայն չենք՝ դա թղթի կտոր է: Սա էր նրա ասածը, եւ հիմա էլ նույնն է պնդում»,- շեշտեց Բաղդասարյանը:

Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք Հայաստանի իշխանություններին նախընտրական առավելություններ են տալիս, բայց Հայաստանի իշխանությունները պիտի շտապեն եւ խոսքից անցնեն գործի, այսինքն՝ իրենք այդ առավելությունները հենց այնպես չեն տալիս: «Նիկոլ Փաշինյանին առավելություն են տալիս, այսինքն՝ այդ խաղաղության պատրանքը պահպանում են, թեեւ կարող են մի քանի կրակոցով պայթեցնել այդ փուչիկը, բայց չեն անում, որպեսզի իբր արդեն իսկ հաստատված խաղաղությունը Նիկոլ Փաշինյանն օգտագործի քարոզչական նպատակներով, բայց դրա դիմաց պահանջում են ավելի կոնկրետ, ավելի հստակ՝ խոսքերից քայլերի անցնել, իսկ ՀՀ իշխանությունները չեն էլ հակաճառում, ասում են՝ այո, Սահմանադրությունը փոխելու ենք, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասով կտրականապես «չէ» չեն ասում, ասում են՝ այո, իհարկե, ինչ-որ փուլում նրանք կարող են վերադառնալ։ Հետո, ես վստահ եմ, Ադրբեջանը հետագայում ուրիշ քայլեր է դնելու՝ ավելի հստակ, օրինակ, փոխհատուցումների հարցն է դնելու եւ այլն, եւ այլն»,- շեշտեց Բաղդասարյանը: Հիմա պարզապես փոքրիկ պաուզա են վերցրել, որովհետեւ Հայաստանում նախընտրական իրավիճակ է, եւ Ադրբեջանում կցանկանային, որ Հայաստանի իշխանությունները վերարտադրվեին, որովհետեւ նրանք դժվար թե երազեին, որ Հայաստանում երբեւէ կարող է լինել այսքան փափուկ եւ հեշտությամբ իրենց ամեն ինչ զիջող իշխանություն: