Կառավարության երեկվա նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացնում էր սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման, դրանց մոտ 12,5 մլրդ դրամ հատկացնելու հարցը։
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ՀՀ վարչապետը նախարարների համար հատ-հատ կարդում էր, թե քանի ջրագիծ, քանի կիլոմետր գազի խողովակ, քանի բակ է ասֆալտապատվելու, քանի շենք ու տանիք է կառուցվելու կառավարության 162 սուբվենցիոն ծրագրերով, աշխատանքի որ մասն է արված եւ որն է դեռ մնում։
Այդ ամենը, իհարկե, առկա էր նիստի վերաբերյալ գրավոր նյութերում, որոնք նախարարները կարող էին ինքնուրույն կարդալ։ Բայց Փաշինյանը չէր կարող բաց թողնել իր կաբինետը փիառելու այս հնարավորությունը, մարդկանց աչքը մտցնելու, թե ինչեր է արել իրենց համար։ Երբեմն էլ վերաշարադրում էր Խուդաթյանի պատասխաններն իր հարցերին, «թարգմանում» էր մամուլի լեզվով, ստիպում մեկ անգամ էլ կրկնել, որ մարդիկ լավ հասկանան, որ, օրինակ, եթե Թալինում Ագարակավան-Կաթնաղբյուր ջրագծից մոտ 10,5 կմ է միայն հիմնանորոգվել, այն հնարավորության դեպքում գործելու է՝ առանց սպասելու, որ ամբողջ ցանցը պատրաստ լինի։ Անդրադառնալով Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար գյուղերի գազատարին՝ Փաշինյանը հանկարծ հիշեց, որ մի քաղաքացի իրեն մոտեցել է ու ասել, որ իր տունը ճանապարհ չունի, գազ չունի, լավ կլիներ, եթե կառավարությունը ճանապարհ կառուցեր։
Խեղճ քաղաքացի, եթե իմանար, թե ինչ է որոշելու վարչապետն իր հարցով, երեւի չէր էլ մոտենա նրան։ Բոլոր այն դեպքերում, երբ տունը մենավոր է, հեռու է ճանապարհից, վարչապետն առաջարկում է այն հանրային գերակա շահ ճանաչել, մարդկանց փող տալ՝ նոր տուն գնելու կամ կառուցելու համար։ «Ենթադրենք, այդտեղ կարող ենք 50 մլն՝ ճանապարհի, 50 մլն՝ գազի համար հատկացնել, բայց համայնքը կարող է ասել` բայց էդ հարյուր միլիոնով այլ հարցեր կարող ենք լուծել։ Հա, ժամանակին համայնքը հողը տվել ա, շինթույլտվություն տվել ա, բա մենք հիմա ո՞նց լուծենք էդ հարցը, այսինքն, պատկերացնում եք, չէ՞, մի տան համար մենք 150 մլն դրամ ներդրում անենք, էն մնացած տները կասեն՝ մեզ համար էլ տվեք։ Ավելի լավ է՝ էդ տունը գերակա շահ հաշվենք, ասենք՝ գնա, ուրիշ տեղ քեզ տուն առ, հիմա մենք գնալու ենք այլ լուծումների․․․ Ես առաջարկում եմ՝ բոլոր նման դեպքերում, թող կոպիտ չհնչի, մարդկանց այդտեղից էվակուացնել, որ գնան, ուրիշ տեղ տուն կառուցեն»։
Առանձին մարդու համար տուն ու ճանապարհ կառուցելը վարչապետ Փաշինյանը համարում է գումարի վատնում. «Տուն եք սարքում, լավ ա, բա մեզնից ի՞նչ եք ուզում, վաղը պետք է ասեք՝ երեկ ասֆալտներին նստած՝ հեղափոխություն էիք անում, հիմա եկել եք, ի՞նչ եք ասում»։
Վարչապետն առաջարկում է մենավոր տներն ապամոնտաժել: Բա ո՞ւր մնացին հողն ամրացնելու, բնակեցնելու, գյուղերն ամրապնդելու վեհ նպատակները: Գործադիրի նիստում շոշափված այս հարցերի շուրջ զրուցեցինք Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, որը 96 թվականից ղեկավարել է համայնքը, հայտնի է բեղուն ծրագրերով, իր հարազատ Արարատի մարզի քայլող հանրագիտարանն է: Նա ասաց, որ դեմ է ինչ-որ կառուցված բան քանդելուն, բայց հարցն այն է, թե արդյոք տվյալ տունը մտնո՞ւմ է գյուղի հատակագծի մեջ, թե՞ ոչ: «Ես ընդհանրապես դեմ եմ որեւէ տուն քանդելուն, անկախ նրանից, թե ումն է, կլինի օլիգարխի, թե գյուղացու, ով ուզում է լինի: Եթե կա շինություն, որը չի խոչընդոտում անցուդարձին, ընդհանուր օգտագործման շահերին, ուրեմն դրան ձեռք տալ պետք չէ: Բայց եթե կա գլխավոր հատակագիծ, եւ այդ հատակագծից դուրս է, թող քանդեն: Թե չէ, պատկերացնո՞ւմ եք՝ ամեն սարի գլխին մի տուն սարքեին»,- ասում է Ռաֆիկ Անդրեասյանը: Եթե մարդը ոչ մի օրենք չի խախտել, համայնքն իրեն հատկացրել է հողը, ու նա սիրում է իր այդ մենավոր տունը, քանդելը սխալ է: «Հողը պետք է ամրապնդել»:
Ռաֆիկ Անդրեասյանը մի քիչ սրտնեղեց, որ լրագրողներս չենք անդրադարձել իր դատական գործին, կալանքին, այլ հիշում ենք նրան այն ժամանակ, երբ մեզ է պետք: Հիշեցնենք․ նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հունիսին կալանավորեցին, ապա փոխեցին խափանման միջոցը: Բայց երբ առաջարկեցինք «գուգլել» ու տեսնել, թե ինչքան հրապարակումներ կան իր գործով, շարունակեց զրույցը:
– Ձեզ մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչ-որ լավ նորություն ունե՞ք Ձեր գործով:
– Ինչու ուրիշ հոդված կա՞ համայնքի ղեկավարների համար: Մեղադրանքները դուք գիտեք, թե ինչի համար են հիմա առաջ քաշում: Եկած օրվանիցս ես մեղավոր եմ: Մեղավոր եմ, որ արարող եմ, որ կառուցող եմ, որ 22 տարում ոչ մի քաղաքացու դիմում չի մերժվել իմ կողմից, լիքը մեղավորություններ կան: Մեղավոր եմ, որ կադաստրային արժեքով տուն եմ վաճառել, պետք է շուկայականով անեի, որի օրենքը չկար: Ես գիտեմ, որ օրենք չեմ խախտել, կարող եմ ապացուցել դա: Իմ կրթությունը, իմ փորձը բավարարել են, որ աշխատեմ ի շահ իմ համայնքի: Ոչ ոք չի կարող ասել՝ թեկուզ նստենք, մի կտոր աղուհաց ուտենք իմ գործի համար: Անդրեասյան Ռաֆիկն էդ բաներում չկա, բոլորը գիտեն: Ես իմ աշխատելու տարիներին 20 անգամ աշխատավարձ եմ բարձրացրել, կրկնակի, եռակի անգամ ծրագրեր եմ իրականացրել նույն Եվրամիության, նույն USID-ի, մյուսների հետ՝ ի շահ մեր համայնքի: Եթե համայնքը 100 տարի փող չստանար, իմ հավաքած գումարները ծախսեր, դա բավարար էր: Միայն մեկ ծրագրով 2,5 մլն դոլար եմ բերել համայնքի զարգացման համար, բնակիչների կողմից պահանջված ծրագրերով:
– Ձեր ընդդիմադիր հայացքնե՞րն են ազդել, որ Ձեզ «հիշեցին» ու մեղադրանք առաջադրեցին:
– Հենց այդպես էլ կա: Միշտ ասել եմ՝ նախկին-ներկա ինձ համար չկա: Ես նախկինում ավելի ընդդիմադիր եմ եղել, քան այս կառավարության օրոք: Բայց այն ժամանակ գործի համար կարող էինք վիճել, ինչը հիմա համարում են անձնական վիրավորանք: Ինձ համար թե՛ նախկին, թե՛ ներկա՝ մեկ են: Կան նախկիններ եւ ներկաներ, որոնց գործն անուրանալի է, եւ կան ներկաներ ու նախկիններ, որոնց գործերն աններելի են:
– Ի՞նչ կարծիքի եք կառավարության սուբվենցիոն ծրագրերի մասին, այսքան ջրագիծ է սարքվում, մանկապարտեզ, դպրոց, ասֆալտ, գազիֆիկացվում են գյուղերը: Օրինակ, այսօր 12,5 մլրդ հատկացրին այդ ծրագրերին:
– Ես ի սկզբանե նման ծրագրերի դեմ եմ եղել: Դա քաղաքական շահարկման լծակներ են՝ համայնքի ղեկավարներին իրենց ձեռքում պահելու համար: Մի օրինակ ասեմ՝ երբ որ Թեւանյան Ռազմիկն Արարատի մարզպետն էր, ես Շաղափ գյուղում եւ Ուրցաձորում ծրագրեր եմ մշակել՝ համայնքի մշակույթի տան վերակառուցման, գազիֆիկացման եւ ասֆալտապատման: Բայց մարզպետ կոչեցյալը մերժեց այդ ծրագիրը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում սոցիալ-տնտեսական հարցերին: Կգա ժամանակը, որ այդ մարզպետին կարելի է դատել նրա համար, որ նա սուբվենցիոն ծրագրով փող չտվեց համայնքին: Հիմա ես ինֆորմացիային, կառավարության նիստերին էլ չեմ հետեւում, գիտեմ, որ այս Երկիր մոլորակի համար ռեկորդային ստեր են հնչում:







Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու