26/12/2025

Կրեմլի գործակալ Ալիևի կողմից «մեղադրվում է Կրեմլի գործակալ լինելու մեջ»

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Աբասովը 2006թ. ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մշտական բնակության տեղափոխվել Մոսկվա, որտեղ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել: Ադրբեջանական մամուլում նա հայտնի է որպես «միլիարդատերերի միության» նախագահ:

Խոսքը Մոսկվայում գործող ոչ ֆորմալ կառույցի մասին է, որ հիմնադրվել է 2012 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ:

Այդ կառույցը քննարկել է հայտնի կինոդրամատուրգ և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը, բայց, չնայած պաշտոնական խնդրանքին, Վլադիմիր Պուտինը Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից չի զրկել, և նա զրկվել է Իլհամ Ալիևի հետ մրցակցելու հնարավորությունից:

Ադրբեջանի Պետական անվտանգությունը ներկայումս գտնում է, որ Աբաս Աբասովը ֆինանսավորել է Ռուստամ Իբրահիմբեկովին, որպեսզի վերջինս Բաքվում ստեղծի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կառույցը, որի անդամ է ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլին:

Ըստ քննչական վարկածի, գոյություն ունեն տեսաձայնագրություններ, որ վկայում են Աբասովի կողմից Մոսկվայում կազմակերպված գաղտնի հանդիպումների մասին: Այդ ընթացքում «ծրագրվել է Ադրբեջանում իրականացնել իշխանության բռնի յուրացում և սահմանադրական կարգի տապալում»:

«Պետական հեղաշրջման փորձի» քրեական գործն, անկասկած, քաղաքական ենթատեքստ ունի և, ըստ էության, մարտահրավեր է Ռուսաստանի նախագահ Պուտինին: Ալիևը նրան վերագրում է Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնելու մտադրություն և ակնարկում, որ «բաց դատավարության ընթացքում կհրապարակվեն տեսաձայնագրություններ»:

Խոսքն, ըստ երևույթին, Աբասովի և ՌԴ որոշ պաշտոնյաների հանդիպումների գաղտնալսման մասին է:

Այս համապատկերին հավելյալ երանգ է տվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը՝ «բաց նամակ» հղելով Թուրքիայի նախագահ Էրդողանին:

ԱԺՃ վարչությունը Թուրքիայի նախագահին ներկայանում է որպես Ադրբեջանը խորհրդային-ռուսական կայսրության ենթակայությունից ազատագրած և թուրք-ադրբեջանական եղբայրության ջատագով ուժ, որ, սակայն, Իլհամ Ալիևի կողմից «մեղադրվում է Կրեմլի գործակալ լինելու մեջ»:

Նամակի հեղինակներն Էրդողանին խնդրում են իրենց պաշտպանել «ամբողջատիրական վարչակազմի անհիմն հետապնդումներից»:

Բարդ է ասել, թե իրականում խորքային ինչ շերտեր ունեն ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական և թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Փաստ է, որ Թուրքիայի իշխանությունները Միլլ մեջլիսի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կառույցի նախագահության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիին արտաքսելու որոշում են կայացրել:

Նա, ամենայն հավանականությամբ, Բաքվի օդանավակայանից բերման կենթարկվի: Իսկ Աբաս Աբասովին Պուտինը կարտահանձնի՞: