26/12/2025

Հեյդար Ալիևն ասում էր՝ եթե հայերը շարունակեն առաջ շարժվել, կհասնեն Բաքու

1989-1997թթ. Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանին, հրապարակել է իր հոր հուշագրությունները, որոնցից հայտնի են դառնում չափազանց ուշագրավ տեղեկություններ Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի վերաբերյալ:

Այսպես, 1993թ. հոկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ: Այդ զրույցի վերաբերյալ Ռաֆսանջանին գրել է. «Նրանք (ադրբեջանցիները – Ս. Հ-.Ջ.) բացահայտ ասում են, որ մեր տրամադրության տակ կդնեն ամբողջ Ադրբեջանը և պատրաստ են Իսլամական Հանրապետության ստեղծմանը Ադրբեջանում: [Նրանք ասում են], որ առանց Իրանի օգնության իրենք չենք կարող պաշտպանել [իրենց երկիրը], և կա հավանականություն, որ հայերը կհասնեն Բաքու»։

Հեռախոսազրույցից չորս օր անց՝ հոկտեմբերի 27-ին, Իրանի նախագահը պաշտոնական այցով գտնվել է Ադրբեջանում և բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ: Այդ բանակցությունների մասին իր հուշերում նախագահ Ռաֆսանջանին, ի մասնավորի, գրել է. «Նրանք (ադրբեջանցիները – Ս. Հ.-Ջ.) առաջարկում էին, որ մենք պատերազմին մասնակցենք՝ օգնելով Ադրբեջանին: Նրանք հստակ ասում էին, որ մենք ամբողջ Ադրբեջանը կթողնենք ձեր տրամադրության տակ և պատրաստ ենք Ադրբեջանում Իսլամական Հանրապետության ստեղծմանը: Կրկնում էին, որ առանց Իրանի օգնության իրենք չեն կարող պաշտպանվել, և կա հավանականություն, որ եթե հայերը շարունակեն առաջ շարժվել՝ կհասնեն Բաքու»:

Մեջբերումներից պարզվում է, որ նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և կամավորական ջոկատների գրագետ և արհեստավարժ իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է սարսափահար վիճակում՝ հավանական համարելով, որ նման կերպ պատերազմ վարելու պարագայում հայերը կհասնեն Բաքու:

Մեջբերումների լույսի ներքո երիցս սխալ ու կարճատես են նրանք, ովքեր, խոսելով Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի մասին, հայտարարել ու հայտարարում են, թե «ձեզ թվում է՝ հայկական զորքերը պիտի մտնեին Բաքո՞ւ»:

Վերը հիշատակված փաստերը վկայում են, որ Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարության կոպիտ սխալներից մեկը Բաքու չմտնելն է եղել: Բաքու մտնելուց անմիջապես հետո անհրաժեշտ էր ձեռնարկել գործուն քայլեր՝ օժանդակելով Ադրբեջանի տարածքում բնիկ ժողովուրդների պետականության ստեղծմանը՝ այդպիսով տրոհելով ու հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից մեկընդմիշտ վերացնելով Օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից 1918թ. մայիսին ստեղծված «Ադրբեջան» անունով արհեստածին, կեղծ կազմավորումը:

Վկայակոչված փաստերը նկատի առնելով՝ հարկ է միաժամանակ նշել, որ ապագայում հաղթողի կարգավիճակով Բաքու մտնելու առիթ ներկայանալու պարագայում իրավունք չունենք կրկնելու անցյալի կոպիտ սխալները: Պետք է սրբագրել դրանք՝ գալիք սերունդների համար երաշխավորելով խաղաղ ու ստեղծարար ապագա:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ; քաղաքագետ