26/12/2025

Մենք պատրաստ ենք կոալիցիայի: Մեր խնդիրը հետեւյալն է` երկիրը կորցնում է իր անկախությունը. Արամ Մանուկյան

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հերթական` 4-րդ համագումարը։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ներկայացրել իրենց ձեռքբերումները եւ նշել, որ ՀԱԿ-ը պետք է գտնի իր տեղը եւ առաքելությունը ստեղծված «նոր քաղաքական կյանքում, նոր աշխարհում եւ նոր Հայաստանում»։

Նա նշել է նաեւ, որ անհրաժեշտ են արմատական վերանայումներ, մասնավորապես, ՀԱԿ-ը պետք է ընդունի ծրագիր, որը համահունչ կլինի այսօրվա իրավիճակին։ Այդ նպատակով եւս մեկ համագումար կանցկացնեն 2026 թ. փետրվար-մարտ ամիսներին, որի ժամանակ էլ կուսակցության ընտրական հայտը կձեւավորվի։

«Այդտեղ կարող են լինել տարբեր լուծումներ։ Մենք կարող ենք փնտրել դաշինքներ, ինչով արդեն 2 տարի է՝ զբաղված ենք։ Որովհետեւ հասկանում ենք, որ այն ռեժիմին, որն այսօր հաստատվել է Հայաստանում, հեռացնելու համար անհրաժեշտ է իսկապես լայն հասարակական համախմբում։ Եվ մենք 2 տարի շարունակ հետեւողականորեն գնում ենք բանակցությունների տարբեր քաղաքական ուժերի հետ եւ փորձում հասնել արդյունքների»,- ասել է Լ. Զուրաբյանը։ Համագումարն ընտրել է 29 հոգուց կազմված վարչություն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է կուսակցության նախագահ։

«Հրապարակը» զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

– Համագումարի ընթացքում խոսվել է նաեւ առաջիկա պառլամենտական ընտրությունների մասին: Ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ը կկարողանա՞ հաղթահարել անցողիկ շեմը 2026-ի ընտրություններում:

– Համագումարը տեխնիկական էր: Այն մեծ համագումար չէր, մեծ համագումարը նախատեսված է մոտ 2-3 ամսից` փետրվար-մարտ ամիսներին: Երեկ տեղի ունեցած համագումարը զուտ տեխնիկական հարցեր լուծեց: Այն պարտավոր էինք իրականացնել, քանի որ կուսակցության կանոնադրությունը դա է պահանջում:

– Ո՞րն է այդ համագումարների տարբերությունը:

– Տարբերությունն այն է, որ մեծ համագումարը լինելու է ընդարձակ, կլինի վարչության կազմի նոր ընտրություն, եւ ընդհանրապես բոլոր մարմինները կընտրվեն նորովի, կգրվի քաղաքական ծրագիր, կուսակցության ծրագիրը պետք է ենթարկվի փոփոխության, եւ ընտրություններին նախապատրաստական աշխատանքները պետք է քննարկվեն` ցուցակներ, ծրագիր եւ այլն: Այս ամենը տեղի կունենա մեծ համագումարի ժամանակ: Կլինի նոր վարչություն, նոր կամպանիա, որը կընդգրկի ողջ տարածքային կառույցներին: Տեղի ունեցածը մեծ համագումարին նախապատրաստող համագումար էր: Այն պարտավոր էինք կյանքի կոչել, որպեսզի կուսակցությունների մասին օրենքին լինեինք համահունչ:

– Այս անգամ համագումարին լրագրողներ հրավիրված չէին: Մեծ համագումարին կհրավիրե՞ք ԶԼՄ ներկայացուցիչներին:

– Անշուշտ, հենց այդպես էլ նախատեսել ենք: Տեղի ունեցածը զուտ կազմակերպչական համագումար էր, այդ պատճառով էլ մամուլի ներկայացուցիչներին չէինք հրավիրել: Փոքր կազմով էինք` 250 մարդ: 42 կազմակերպությունից 250 պատվիրակ էր մասնակցում:

– ՀԱԿ կուսակցության նախագահ վերընտրվեց հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում նախագահը ցուցակի առաջին համարը լինի:

– Նոր կամպանիան դեռ չի ձեւավորվել: Ընտրություններին ավելի միտված համագումարը նախատեսել ենք առաջիկայում:

– Այսինքն` հնարավոր է առաջիկա մեծ համագումարի ժամանակ կուսակցության նոր նախագա՞հ ընտրվի:

– Չգիտեմ՝ ինչպես պատասխանեմ հարցին, իհարկե, հնարավոր է: Բայց տեղի ունեցած համագումարը ցուցակներին, նախընտրական ծրագրերին չէր վերաբերում:

– Իսկ Դուք անձամբ ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ն ի՞նչ ֆորմատով կարող է հաջողություն արձանագրել 2026-ի ընտրություններում:

– Մենք հակված ենք կոալիցիայի միջոցով ստեղծել ընդդիմադիր շարժում, որով կգնանք ընտրությունների: Մեզ համար խնդիրը ոչ թե պառլամենտ մտնելն է, այլ` իշխանափոխություն իրականացնելը եւ պրագմատիկ ուժերով իշխանության գալը:

– Չեն դադարում լուրերն այն մասին, որ գուցե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեք:

– Մենք ՀՀԿ-ին եւ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնապես մերժել ենք համատեղ համագործակցության հարցում:

– Իսկ Արման Թաթոյան, «Ապրելու երկիր», Հայկ Մարության: Ի՞նչ կասեք այս ուժերի մասին:

– Եկեք հիմա ոչինչ չասեմ: Մենք պատրաստ ենք կոալիցիայի: Մեր խնդիրը հետեւյալն է` երկիրը կորցնում է իր անկախությունը: Պառլամենտ մտնելը գոնե ինձ համար բացարձակապես նպատակ չէ: Նպատակը երկիրը գահավիժումից փրկելն է: Մենք այժմ այդ ճանապարհին ենք, իսկ թե որ քաղաքական ուժերի հետ կհամագործակցենք, դա կերեւա քիչ ուշ:

– Բայց Փաշինյանն ասում է, որ Հայաստանը նոր է անկախություն ձեռք բերում` իր շնորհիվ:

– Ես կարող եմ երկու ժամ` կոնկրետ փաստերով ապացուցել, թե ինչպես է այս իշխանությունը պայքարում Հայաստանի անկախության դեմ…