Մեկնարկել է 2026 թվականը, առաջին աշխատանքային օրն է, Հայաստանի քաղաքացիների մի հսկա մասի համար արդեն ուժի մեջ է մտել այսպես կոչված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը:
Մի կառավարող ուժ, որն ի վիճակի չէ անգամ մի կարգին միասնական տոմսային տրանսպորտային համակարգ ստեղծել ու ներդնել, ներդնում է ըստ էության պարտադիր առողջապահական ապահովագրություն, մեղմ ասած խնդրահարույց բովանդակությամբ եւ ինստիտուցիոնալությամբ:
Իսկ ի՞նչ է քննարկվում երկրում տարվա մեկնարկին: «Եկեղեցի բարենորոգելու» Փաշինյանի «սեւեռումը»: Ինչու՞ եմ «սեւեռումը» վերցնում չակերտների մեջ: Որովհետեւ գործնականում Նիկոլ Փաշինյանը միանգամայն մտածված էլ պլանավորել է իր հակաեկեղեցական արշավն ու գործողությունները, ու այն բավականին հմտորեն պահում է իրեն ձեռնտու «դինամիկայի» ռեժիմում:
Երբ մատնանշում եմ, որ նրան այս փուլում ավելի շատ պետք է պրոցեսը, քան իր հռչակած նպատակների իրականացումը, նկատի ունեմ նաեւ հենց այն, որ պրոցեսի շնորհիվ նա կարողանում է ձեռնածության ենթարկել հանրային ուշադրությունը, շեղել իրեն ոչ ձեռնտու հարցերից եւ տանել իրեն ձեռնտու ուղղությամբ:
Իսկ այստեղ պետք է նաեւ նկատել, որ քաղաքական ընդդիմությունն առնվազն այս հարցում չի կարողացել լինել էֆեկտիվ եւ չի կարողացել հանրությանը կենտրոնացնել մարդկանց մաշկին անմիջապես «կպած» հարցի՝ առողջապահական համընդհանուր ապահովագրության թեմայի ուղղությամբ, առավել եւս, որ իշխանության ապաշնորհությունը մեղմ ասած տալիս է դրա պարարտ հնարավորություն:
Բայց, գոնե ինձ համար զարմանալիորեն, քաղաքական ընդդիմության շրջանում այս թեման «չվայելեց» առանձնապես մեծ պահանջարկ եւ չարժանացավ էական ուշադրոության:
Գուցե հաշվարկն այն է, որ համակարգը «գործի դնելը» այնքան անհարմարություններ է առաջացնելու քաղաքացիների համար, առաջացնելու է այն աստիճանի դժգոհություններ, որ ավելի ռացիոնալ էր թվում չխանգարել այդ համակարգի ներդրմանն ու հետագայում պարզապես քաղել այդ ներդրման հեըեւանքով քաղաքացիների դժգոհության պտուղները: Դե, դա իհարկե կարող է լինել ռացիոնալ, կրկնեմ՝ եթե հաշվի առնենք, թե ինչ «որակի» ռեֆորմատոր է ներկայիս կառավարող ուժը, հիշելով հենց նույն տոմսային համակարգի օրինակը:
Բայց, այդ դեպքում հասարակության շահը հետապնդող, միաժամանակ կուսակցական-քաղաքական շահերով չառաջնորդվող ուժերը եւ խմբերը պետք է առողջապահական համակարգի առնչությամբ լուրջ հարցադրումներ անեն նաեւ ընդդիմությանը, պատասխանատու դիրքորոշումներ կորզելով իշխանության գալու դեպքում ընդունված համակարգը չեղարկելու եւ առողջապահական իսկապես մարդակենտրոն ռեֆորմ իրականացնելու քաղաքական խոստում ու պատասխանատվություն:
Հակոբ Բադալյան






Բաց մի թողեք
Մի ձեռ առեք մարդկանց, 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել
Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ դեպք, Քարակերտում գայլը կամ գայլերը հnշnտել են մոտ 60 գլուխ ոչխարներ, որոնց մի մասը hղի է եղել