27/12/2025

Որոշել է հովանավորել Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերի միավորումը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ կօգնի Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերի միավորմանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

«Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու առողջ ուժերի միավորմանը, որոնք ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրով օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ սփյուռքը, Հայաստանը վերակենդանացնելու համար», – ասել է նա։

Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պարտքը և նպաստում է գների բարձրացմանը։

«Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայություն է այն մասին, թե ինչպես է Փաշինյանը, զգացմունքների մանիպուլյացիայի միջոցով, իրեն հավատացող մարդկանց անգիտակցաբար դարձրել այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակիցներ, որոնց այսօր ականատես ենք լինում», – հավելել է նա։Աբրահամյանը նաև նշել է, որ հայերի մեծամասնությունը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է միավորվել դրա պահպանման և բարգավաճման համար։ «Եվ մենք պետք է շփվենք նրանց հետ, ովքեր սխալվում են և բացատրենք նրանց մի պարզ բան. կարելի է կորցնել բիզնեսը, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարելի է կորցնել և նորից ընկերներ գտնել, բայց նա, ով կորցնում է հայրենիքը, կորցնում է ամեն ինչ», – հավելել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։