26/12/2025

Պուտինի «առարկայական բանակցություններն» ու իրականությունը

Պուտինը հրավիրել է պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին և ներկայացնում միջոցառմանը նրա ելույթի հիմնական թեզերը:

Ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստը հաջորդում է ուկրաինական կարգավորման շուրջ Բեռլինում երկօրյա բանակցություններին, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը վարել է ինչպես Ուկրաինայի նախագահ Զելենսկու, այնպես էլ եվրոպական երկրների առաջնորդների հետ:

Ըստ էության, Վլադիմիր Պուտինը ցրել է ուկրաինական կարգավորման «թունելի վերջում լույսի» մասին բոլոր լավատեսական և անգամ չափավոր սպասումները: «Եթե Ուկրաինան հրաժարվի առարկայական բանակցություններից, Ռուսաստանը տարածքների ազատագրմանը կհասնի ռազմական ճանապարհով»,- հայտարարել է Պուտինը:

Իսկ թե նա «առարկայական բանակցություններ» ասելով ինչ է հասկանում, մեկնաբանելու հարկ չկա: Ռուսաստանը պահանջում է ամբողջական Դոնբասը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, բոլոր այն տարածքները, որ համաձայնության կայացման պահին կգտնվեն իր հսկողության տակ, ճանաչել ռուսաստանապատկան:

Ընդսմին, տարածքային այդ նվաճումները ճանաչելուց հետո Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, իր տարածքում ունենալ միջուկային զենք և երրորդ երկրի ռազմական ներկայություն, բանակը և սպառազինությունները պետք է կրճատվեն, ռուսերենին տրվի պետական երկրորդ լեզվի կարգավիճակ, իսկ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին՝ անցնի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ենթակայությանը:

Սպասվում է, որ առաջիկա կիրակի Մոսկվա կժամանի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Բեռլինում «համաձայնեցված» փաստաթուղթը:

Ռուսաստանի նախագահի վերաբերյալ հայտարարությունը, կարծես, Վաշինգտոնին ազդակ է, որ նրա «բեռլինյան ծանրոցով այցը նպատակահարմար չէ»: Պուտինը վերստին ԱՄՆ-ի դիրքորոշումները հակադրել է եվրոպացիների «անհատական օգտապաշտությանը» և նկատելի սպառնալիքով ձևակերպել, որ ուկրաինական ճակատում «վերջին ամիսներին ստեղծած պլացդարմները թույլ են տալիս հաջողություններ արձանագրել նաև ռազմավարական ուղղություններով»:

Նախօրեին Եվրամիության անդամ ութ երկրներ՝ Ֆինլանդիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Բուլղարիան և Շվեդիան «այսօր, վաղը և տեսանելի ապագայում» Ռուսաստանը ճանաչել են «սպառնալիք» և կոչ արել, որպեսզի ՆԱՏՕ-ի և ԵՄ «արևելյան թևն անհապաղ ամրապնդվի»: