27/12/2025

Վարչական դատարանը բավարարել է փաստաբանների հայցն ընդդեմ կառավարության

Փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Արա Զոհրաբյանը եւ Մանե Կարապետյանը 2025 թ․ մարտի 17-ին վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել են պարտավորեցնել ՀՀ կառավարությանը` կատարել որոշակի գործողություն, այն է՝ Ս․  Բաբայանի, Ա․  Զոհրաբյանի եւ Մ․  Կարապետյանի կողմից 2025 թ․ հունվարի 17-ին ներկայացված հանրագրի առաջարկին հավանություն տալ, ինչպես նաեւ՝ միջոցներ ձեռնարկել հանրագրի կատարման ուղղությամբ եւ արդյունքները հրապարակել էլեկտրոնային հարթակում:

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն 2025 թ․ մարտի 24-ին վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը (Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին) որոշել է այդ հայցադիմումը վերադարձնել, քանի որ շտկումների կարիք կա: Հայցվորներն ապրիլի 4-ին հայցադիմումը շտկել են եւ կրկին ներկայացրել վարչական դատարան։ Ապրիլի 14-ին արդեն վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը հայցադիմումն ընդունել է դատարանի վարույթ։

Իսկ ինչ են պահանջում հայցվորները: Խոսքը փաստաբանական գործունեության հարկերին է վերաբերում: Հայցվորները դատարանին հայտնել են, որ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թ. հունիսի 12-ի թիվ ՀՕ-285-Ն օրենքի ընդունման արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքով փաստաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) եւ շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս):

Ընդ որում, ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների իմաստով փաստաբանների եւ փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները եւս ենթակա են հարկման: Հաշվի առնելով նշված  իրավակարգավորումների չհիմնավորված եւ խնդրահարույց բնույթը՝ փաստաբանական համայնքը՝ ի դեմս ՀՀ փաստաբանների պալատի, հետամուտ է եղել մի շարք գործողությունների կատարմանը՝ իրացնելով Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ողջ գործիքակազմը:

Ըստ այդմ, փաստաբանական համայնքը մշակել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ որոշել է կազմել եւ կառավարությանը ներկայացնել կոլեկտիվ հանրագիր` փաստաբանների անունից:

2025 թ. հունվարի 10-ին կազմվել եւ հունվարի 17-ին կառավարությանն է ներկայացվել կոլեկտիվ դիմում` հանրագիր, փաստաբաններ Ս․ Բաբայանի, Ա․ Զոհրաբյանի, Մ․ Կարապետյանի ու եւս 1212 փաստաբանների ստորագրություններով, որով կառավարությանը խնդրել են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ փոխել օրենքով սահմանված հարկման դրույքաչափերը, որի արդյունքում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) եւ կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը կազատվեն ավելացված արժեքի հարկից:

Փաստաբանները հայցադիմում գրել են, որ հանրագրի քննարկման համար սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից (18.02.2025 թվականը) հետո մինչ օրս պատասխանողը՝ ՀՀ կառավարությունը, չի ձեռնարկել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորություններից որեւէ մեկը, ինչի արդյունքում խախտվել է հայցվորների եւ հանրագրին միացած անձանց՝ ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով ամրագրված եւ երաշխավորված պատշաճ պատասխան ստանալու իրավունքը: Այդ պատճառով էլ ստիպված են եղել դիմել դատական պաշտպանության:

Վարչական դատարանում կառավարության ներկայացուցիչն առարկություններ է ներկայացրել հայցի դեմ։ Դատարանը վճիռ կայացնելիս նշել է, որ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, ԱԺ խմբակցությունը եւ կառավարությունը: Տվյալ դեպքում հանրագրով ներկայացված պահանջի բնույթը վերաբերել է  օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն, այսինքն՝ հանրագրում նշված հարցով իրավասու պետական մարմինը տվյալ դեպքում կառավարությունն է, ուստի անհիմն է պատասխանողի ներկայացուցչի փաստարկն առ այն, որ կառավարությունն իրավասու չէր պատասխան ներկայացնելու հայցվորներին:

Իսկ նոյեմբերի 20-ին վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը վճռել է Ս․  Բաբայանի, Ա․  Զոհրաբյանի եւ Մ․ Կարապետյանի հայցը բավարարել. ոչ իրավաչափ է ճանաչել 2025թ․ հունվարի 17-ին  ներկայացված հանրագրին սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չտալու կապակցությամբ կառավարության դրսեւորած անգործությունը, կառավարությունից՝ հօգուտ Ս. Բաբայանի, Ա. Զոհրաբյանի եւ Մ․ Կարապետյանի բռնագանձել է 10 հազար ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի հատուցում:

Այդ վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել: Սակայն, դատելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալներից՝ այն չի բողոքարկվել։ Սպասենք այս վեճի հաջորդ «սերիային»:

«Հրապարակ». Վարչական դատարանը բավարարել է փաստաբանների հայցը` ընդդեմ կառավարության